ԲՀԿ-ն էլ դուրս կգա՞ կոալիցիայից

28/04/2009

«Երկրի նախագահը բազմաթիվ անգամ ասել է, որ սահմանի բացումը լինելու է առանց նախապայմանների: Ոչ մի նախապայման չկա: Սահմանը բացում են, բայց Ցեղասպանության ճանաչմանն այն չի խանգարում: Եթե որեւիցե նախապայման լինի, նույն քայլին (նկատի ունի կոալիցիայից դուրս գալու ՀՅԴ-ի քայլը.- խմբ.) կդիմի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` միաժամանակ հավելելով, թե «սա խաղ է, եւ Թուրքիան առանց նախապայմանի սահմանը չի բացի»: Ի դեպ, ըստ Գ. Ծառուկյանի` ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալուց կոալիցիան տուժելու է, այսինքն` թուլանալու է: Եվ եթե Գ. Ծառուկյանը գտնում է, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալու որոշում է կայացրել՝ ելնելով իր սկզբունքներից, ապա նրա գործընկեր՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բոլորովին այլ համոզմունք ունի: Ըստ Գ. Սահակյանի` ՀՅԴ-ն ըստ երեւույթին «մտահոգություններ ուներ, եւ փորձել են նման լուծումներ գտնել»: «Սակայն պետք է ասեմ, որ քաղաքական սկզբունքներում որեւէ փոփոխություն չի եղել` նաեւ հայ-թուրքական հարաբերությունների առումով»,- ասաց Գ. Սահակյանը` պնդելով, թե Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է, եւ դա որեւէ կերպ չի առնչվում ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ էլ ցեղասպանության հարցերի հետ: Ըստ Գ. Սահակյանի` շնորհիվ ՀՅԴ-ի` «երկրում կձեւավորվի կառուցողական մի ընդդիմություն, որի հետ հնարավոր կլինի բանավիճել, ինչը կնպաստի ավելի արդյունավետ որոշումների կայացմանը: Կարծում եմ` քաղաքական դաշտն ավելի կհզորանա, քանի որ համապետական ընտրություններից հետո երկրում չձեւավորվեց անհրաժեշտ քաղաքական ընդդիմություն: ՀՅԴ-ն ավելի կոռեկտ, ավելի նպատակային գործունեություն կծավալի»: Քանի որ ՕԵԿ խմբակցության ղեկավարները հանրապետությունում չեն, երեկ լրագրողների հարցերին ստիպված պատասխանեց ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Նա եկավ եւ փոխանցեց, որ իրենք հարգանքով են վերաբերվում ՀՅԴ-ի որոշմանը. «ՀՅԴ-ն ունի իր գաղափարախոսությունը, մոտեցումները տարբեր հարցերի հետ կապված, եւ մենք ուղղակի հասկանալով` հարգանքով ենք վերաբերվում որոշմանը»: Նա նաեւ ասաց, որ իրենք Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մեջ կոնկրետ փոփոխություններ չեն տեսնում: «Ի սկզբանե որդեգրված` Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի հարաբերություններ հաստատելու քաղաքականությունը չի փոխվել: Այս պահին նախապայմաններ չկան»,- ասաց Խ. Հարությունյանը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` ՀՅԴ-ի որոշումը, ճիշտ է, ուշացած է, բայց սկզբունքային է, ինչն «այդ քաղաքական ուժի դավանած սկզբունքներին, արժեքներին համապատասխանող քայլ է», քանի որ հատկապես ՀՅԴ-ին «սրտամոտ է» հայ-թուրքական հարաբերությունների, Հայ դատի հետապնդման հարցը: Նա նաեւ ողջունեց ՀՅԴ մուտքը ընդդիմություն: ԱԺ քաղաքական ուժերի գնահատմամբ, սակայն, ՀՅԴ-ն` դառնալով ընդդիմություն, առաջին հերթին հարվածում է հենց «Ժառանգությանը»: Ըստ պատգամավորների` ՀՅԴ-ն` դառնալով խորհրդարանական ընդդիմություն` միանշանակ զբաղեցնելու է «Ժառանգության» տեղը, քանի որ «Ժառանգությունը» չկարողացավ որպես ԱԺ-ում միակ ընդդիմադիր քաղաքական ուժ` լուրջ ընդդիմություն լինել կոալիցիային: «Նրանց` «Ժառանգության» պատգամավորների կարծիքով, եթե ընդդիմություն ես, ապա պետք է ամեն ինչի մասին երկար-բարակ, անհամ ու անիմաստ ճառեր ասես, բայց նրանք չհասկացան, որ այդպիսով` արժեզրկեցին իրենց խոսքի ուժը: Դրա համար հիմա ՀՅԴ-ն` իր լուրջ պոտենցիալով, այդ բացն ԱԺ-ում կլրացնի: Այս առումով` ՀՅԴ-ն իր այս քայլով կհայտնվի բավական շահեկան վիճակում, քանի որ կդառնա ԱԺ հզոր ընդդիմախոսը գործող կոալիցիային»,- մեզ հետ զրույցում ասաց կոալիցիայի անդամ պատգամավորներից մեկը: