ԱԺ-ն կքննարկի, սակայն հայտնի չէ` երբ

28/04/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ֆուտբոլային 2:0 պարտությանը հաջորդեց քաղաքական 3:0 պարտությունը: Կարծում եմ, որ այս կտրվածքով մենք ժամանակը գնահատելու շատ լուրջ խնդիր ունենք, եւ որքան արագ դա կատարենք, այնքան ՀՀ-ի շահերից բխող կլինի»,- երեկ ԱԺ քառօրյա նստաշրջանի ժամանակ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Նաեւ հավելեց, թե` «այս օրերի ընթացքում, եթե հրավիրվում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, եթե ապրիլի 22-ին տարածվում են բոլորիս հոգիները խռովող հայտարարություններ, եթե 24-ին «Սաբահ» լրատվամիջոցի կողմից տարածվում են հաղորդագրություններ «Ճանապարհային քարտեզի» սկզբունքների մասին, ապա կարծում եմ, որ ստեղծված իրավիճակն աննախադեպ է»: Ս. Սաֆարյանն առաջարկեց ԱԺ այս նստաշրջանում կամ արտահերթ հատուկ նիստում քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը: Նույնաբովանդակ հարց հնչեցրեց նաեւ «Ժառանգության» քարտուղար Լարիսա Ալավերդյանը` ասելով, թե ինքն այդ խնդրի վերաբերյալ դեռեւս նախորդ հինգշաբթի օրը հարց է հղել Հ. Աբրահամյանին, սակայն դեռեւս պատասխան չի ստացել: Լ. Ալավերդյանի պնդմամբ` ԱԺ-ն չպետք է շարքային քաղաքացու նման անտեղյակ լինի տեղի ունեցող իրադարձություններին, եւ պետք է ԱԺ լսումներ կազմակերպի այդ հարցի շուրջ, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանն ասաց. «Ձեր հարցն ինձ չեն փոխանցել, բայց ես Ձեր առաջարկությունն ընդունեցի ի գիտություն եւ մոտեցման մասին կասեմ քիչ հետո: Այսինքն` թե ինչ քննարկում, ինչ ձեւաչափով` մենք անպայման կորոշենք եւ անպայման ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա»: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի դիտարկմանը, թե` որպես օրենսդիրներ պետք է արդեն այս քառօրյայում քննարկել «ճանապարհային քարտեզն» ու Մադրիդյան սկզբունքները, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Բոլոր ճանապարհները բերում են դեպի ԱԺ: Առանց ԱԺ-ի որեւէ հարց չի կարող քննարկվել, եւ ես ընդունում եմ Ձեր մոտեցումը: Չկա որեւէ փաթեթ, որին մենք տեղյակ չենք, ուղղակի դա մեր ՀՀ նախագահի դիրքորոշումն է, որն, իմ կարծիքով` բոլորն են պաշտպանում: Իսկ եթե` ոչ, կոնկրետ ես պաշտպանում եմ արտաքին քաղաքականության մեջ իր ակտիվությունը: Եվ ես գտնում եմ, որ ճիշտ է, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորվեն առանց որեւէ նախապայմանի: Բայց դա ընդհանրապես կապ չունի ո՛չ Հայոց ցեղասպանության, ո՛չ էլ ԼՂՀ հարցի քննարկման հետ»: Ս. Սաֆարյանը նաեւ նկատեց, թե պետք է իրավիճակը շուտ քննարկել, այլապես ուշ կլինի, քանի որ ՀՀ-ն դիմակայում է մեր հարեւան պետության կողմից բավականին «սանձարձակ, չսանձվող, անպատասխան մնացող եւ վիրավորանքներ պարունակող քայլերին»: «Տեսք ընդունել, թե ոչինչ չի կատարվում, եւ դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկել տնտեսական, սոցիալական եւ այլ կարգի խնդիրներ այսպիսի բարդագույն ժամանակահատվածում, այսպիսի մեծաքանակ նետված ձեռնոցների պայմաններում, ես կարծում եմ՝ ուղղակի անթույլատրելի է՝ ԱԺ-ն իր քառօրյա օրակարգում չներառի այդ խնդիրը»,- ասաց Ս. Սաֆարյանը: Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Ուզում եմ ասել, որ եթե դուք մի քանի անգամ նույն բանն ասում եք, դրանից ոչ մի բան չի փոխվում: Դուք հիմա մի բան եք առաջարկում ինձ, որ ինքներդ էլ չգիտեք, թե ինչի մասին եք խոսում: Ես ի՞նչ հարց ընդգրկեմ քառօրյա նիստ, ինչի՞ մասին է խոսքը: Եթե ընդհանուր պիտի քննարկենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ապա իմ կարծիքով` անիմաստ է: Այս երկու օրը կխորհրդակցենք խմբակցությունների ղեկավարների հետ եւ կորոշենք: Թող ոչ մեկն իրեն չփորձի այնպես ներկայացնել, թե ինքն ավելի շատ է ՀՀ-ի, ժողովրդի, պետության մասին մտածում, քան յուրաքանչյուր պատգամավոր կամ քաղաքացի: Ես առաջարկում եմ, որ դա լինի կառուցողական քննարկում, որպեսզի այն ունենա իմաստ, իմանանք` ինչի մասին ենք խոսելու: Եթե պիտի նստենք-խոսենք միայն խոսելու համար ու գործ չանենք, ապա ես դրան դեմ եմ»: