«Գայլերը կշտացան։ Ոչխարներն էլ, կարծես, ողջ մնացին»

28/04/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Որքան էլ հայկական կողմն` ամենաբարձր մակարդակով, հայտարարում է, թե հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, որ ապրիլի 22-ին, Մեծ եղեռնի 94-րդ տարելիցի նախօրյակին, Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական համատեղ հայտարարության համար ընտրված օրը որեւէ առնչություն չունի Ցեղասպանության ճանաչման հարցում հայկական կողմի «զիջողական» դիրքորոշման հետ, մեր հասարակությունն ավելի հակված է կարծելու, որ հայկական կողմն ընկել է թուրքական փորձված դիվանագիտության ծուղակը:

– Դժվար է խոսել մի փաստաթղթի մասին, որը չեմ տեսել: Դժվար է անգամ ենթադրություններ անել, քանի որ փաստաթղթի նյութին տիրապետում են ընդամենը մի քանի հոգի: Գաղտնիության քողի տակ ընդունված ցանկացած որոշում տագնապ է առաջացնում, առավել եւս, որ խոսքը թուրքերի հետ ինչ-որ անհայտ պայմանավորվածությունների մասին է, իսկ դա ծնում է ոչ թե գիտակցական վախեր, այլ ենթագիտակցական, ինքնապաշտպանական եւ ինչ-որ բնազդային հակադրություն: Առավել եւս, որ դա արվել էր ապրիլի 24-ից երկու օր առաջ: Եթե փաստաթղթի մասին ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ չեմ տեսել այն, իսկ թուրքական թերթին ուղղակի չեմ ուզում հավատալ, ապա ընտրված օրվա մասին կարծիքս հստակ է` խորհրդանշական առումով այն շատ սխալ էր ընտրված: Հասարակությունն ի սկզբանե բացասական դիրքորոշում կունենար այդ օրը կնքված ցանկացած փաստաթղթի հանդեպ:

– ԱՄՆ նախագահն Ապրիլի 24-ի իր ամենամյա զեկույցում օգտագործեց «Ցեղասպանության» եզրի հոմանիշը` «Մեծ եղեռն», ընդ որում` հայերենով: Սա զգուշավորությո՞ւն էր` ոչ մի գնով չփչացնել ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ, թե՞ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը չկասեցնելու ձգտում:

– Ինքս համոզված էի, որ Օբաման օգտագործելու է հենց «Մեծ եղեռն» հայկական բառակապակցությունը, եւ բազմիցս ասել էի դրա մասին: Հիմքը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի պաշտոնին նշանակելու արարողության ժամանակ նրա արտասանած ճառն է, երբ կոնգրեսականների ուղղած հարցապնդումների ժամանակ նա նույնպես օգտագործեց «Մեծ եղեռն» եզրը: Այն փորձարկվեց եւ հաջողություն ունեցավ: Իմ կարծիքով, սա վաղուց նախատեսված հնարք էր, եւ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը միայն համոզեց, որ ընտրված տարբերակը ամենահարմարն է. եւ՛ գայլերը կշտացան, եւ՛ ոչխարները ողջ մնացին:

– Այս դեպքում դժվար չէ հասկանալ, թե կոնկրետ ո՛ր կենդանու դերում հայտնվեցինք մենք: Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ցեղասպանության ճանաչման փաստը առավել հնարավոր թվում այսօր, եւ ոչ այն ժամանակ, երբ ողջ էին թե՛ Ցեղասպանության ականատեսները, թե՛ Թուրքիայում այդ ամենի վկան դարձած միսիոներները, եւ միջազգային հանրությունն էլ 20-րդ դարի սկզբին, կարծես, կասկածի տակ չէր առնում Եղեռնի փաստը:

– Բազմաթիվ հուշագրություններ, նամակներ, ականատեսների վկայություններ հստակ պատասխանում են հարցին. նույնիսկ «ցեղասպանություն» եզրի բացակայության պայմաններում բոլորը փաստում էին, որ կատարվածը ժողովրդի սպանդ է, ոչնչացում: Անգամ թուրքերն իրենք էլ հասկանում էին, որ դա նպատակաուղղված գործողություն է, ինչը փորձում էին եւ փորձում են արդարացնել պատերազմական անհրաժեշտությամբ, հայերի անհուսալի տարր լինելու վարկածով: Անգամ, երբ ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, եւ դատարանի առաջ կանգնեցին երիտթուրքական առաջնորդները, թուրքական հասարակությունում կոնսենսուս էր` բոլորն ընդունում էին, որ թուրքական իշխանությունը ոճիր է կատարել: Եվ շատ հետաքրքիր է, որ 1919թ. դատարանները դատապարտեցին երիտթուրքական առաջնորդներին՝ այլ հանցագործություններից բացի, նաեւ հայերի՛ն ոչնչացնելու համար: Մենք հաճախ թանգարանի հյուրերին ասում ենք, որ Թուրքիան գուցե առաջին պետությունն էր, որ ընդունեց Հայոց ցեղասպանությունը, քանի որ դատապարտեց իր առաջնորդներին՝ հայերին զանգվածաբար կոտորելու համար: Նույնիսկ Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը բազմիցս արտաբերել է այն բառերը, որոնք այսօր փորձում ենք ստանալ Թուրքիայից. որ այն, ինչ թուրքերն իրականացրեցին հայերի նկատմամբ, ամոթալի ոճիր էր: Իսկ 1919թ. հայերն առաջին անգամ պաշտոնապես նշեցին տարելիցն ապրիլի 24-ին:

– Փաստորեն, Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն այսքան հետաձգվել է նաեւ այն պատճառով, որ դեռեւս իրավական ձեւակերպում չէր ստացել «ցեղասպանություն» ե՞զրը:

– Նաեւ: Թուրքական հասարակությունը, համաշխարհային հանրությունը գիտեին եղելությունը, սակայն չկար տերմինը: Տերմինների մասին խոսակցությունը սկսվեց 1933-ից, երբ ազգությամբ հրեա լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինն առաջին անգամ փորձեց շրջանառության մեջ դնել հայերի նկատմամբ իրագործված ոճիրը բացատրող հասկացություն: Խոսվեց առաջին անգամ ազգի, ցեղի սպանության մասին: Ընդ որում` բացառապես հայոց ցեղասպանության օրինակով: Հիշենք, 1933թ. էր, դեռ չէր իրականացվել հրեաների Հոլոքոստը: Միայն տասը տարի անց երեւույթի նկարագրության մեջ Լեմկինը ներմուծեց նաեւ Հոլոքոստին բնորոշ գծեր եւ 1945թ. այն առաջարկեց նոր ստեղծվող ՄԱԿ-ին: Հետագայում` 1948թ., ունեցանք «Ցեղասպանության կանխման եւ նրա համար պատժի կոնվենցիան»:

– Պատմաբանները, այդ թվում եւ՝ Դուք, համամիտ չեք, որ Հայոց ցեղասպանության օր է համարվում 1915թ. ապրիլի 24-ը` հիմնավորելով, թե կոտորածները սկիզբ են առել շատ ավելի վաղ` 1894-96թթ. եւ կրկնվել են անգամ 1915. հետո` 1923-ին:

– 1915թ. չի կարող համարվել Հայոց ցեղասպանության թիվ, առավել եւս ապրիլի 24-ը. մեկուկես միլիոն մարդ հնարավոր չէր սպանել մեկ օրում եւ անգամ մեկ տարում: Ապրիլի 24-ն այն օրն էր, երբ ձերբակալվեց, իսկ հետո ոչնչացվեց հայոց մտավորականությունը, եւ այդ թիվը պայմանականորեն ընդունված է համարել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Կան տարբեր կարծիքներ. ոմանք Ցեղասպանության սկիզբ են համարում 1894-96թթ. համիդյան ջարդերը եւ բերում-հասցնում են մինչեւ 1923թ.` հանրապետական Թուրքիայի կողմից իրականացրած հայերի ջարդեր: Կան նաեւ գիտնականներ, որոնք այդ թիվը ավելի վաղ շրջան են տանում: Օրինակ` ռուսաստանցի հայ Յուրի Բարսեղովը, որպես Ցեղասպանության սկիզբ, նշում էր 1878թ.` Բեռլինի կոնգրեսը, որից հետո, ըստ նրա, սկսվեց հայերի նկատմամբ հստակ, ուղղորդված ցեղասպանական քաղաքականություն: Ի դեպ, սպանության գործողությունը ցեղասպանության համար ամենեւին պարտադիր չէ: Ցեղասպանություն կարող է համարվել կյանքի այնպիսի պայմանների ստեղծումը, որ ազգը հեռանա իր բնակության տարածքից, իր Հայրենիքից: Գանք 1923թ.: Այդ ժամանակ Օսմանյան Կայսրության փլատակների վրա ստեղծվեց հանրապետական Թուրքիան, որը նույնպես շարունակեց հայկական կոտորածների քաղաքականությունը: Մեր թանգարանը Հայոց ցեղասպանության պաշտոնական տարեթվեր է համարում 1915-23թթ.:

– Իրո՛ք, անգամ Ցեղասպանության փաստն ընդունող թուրքերը երբեւէ չեն անդրադարձել 1923թ.` իբրեւ Ցեղասպանության տարեթվի:

– Ժամանակակից թուրքերի համար հանրապետական Թուրքիայի պատմությունը սրբազան է: Եթե Օսմանյան Կայսրության պատմությունն ինչ-որ տեղ կարող է քննարկումների առարկա դառնալ, ժամանակակից թուրքական հանրապետությունը սակրալ արժեք է հասարակ թուրքի համար: 1923թ. «չնկատելով»` փորձ է արվում ժամանակակից թուրքական հանրապետությունը զերծ պահել այդ պատասխանատվությունից:

– Ինչո՞ւ ենք ձգտում, որ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը: Ինքներդ էլ նշում եք հրեաների օրինակը, ովքեր Հոլոքոստի փաստի ճանաչման պահանջ աշխարհին չեն ներկայացնում: Թող փորձվի որեւէ մեկը կասկածի տակ առնել Հոլոքոստի փաստը, եւ նրա կարիերան, ինչպես տեսնում ենք բազմաթիվ քաղաքական գործիչների, պաշտոնյաների դեպքում, այլեւս կասկածի տակ է դրվում:

-1965թ. Ուրուգվայը տվեց Ցեղասպանության ճանաչման գործողության մեկնարկը: 90-ականների վերջին, 2000-ի սկզբին գործընթացին միացավ եւս 20 երկիր: Վերջինը Չիլին էր, որ 2007-ի կեսերին ճանաչեց Ցեղասպանությունը, եւ գործընթացը կանգ առավ: Ինչո՞ւ: Իմ կարծիքով` այն երկրները, որոնք անվերապահորեն պետք է ճանաչեին Ցեղասպանությունը, ճանաչեցին: Դա էր Ցեղասպանության ճանաչման ռեսուրսը: 2007-ի կեսերին գործընթացը կանգնեց, քանի որ ողջ աշխարհը հետեւում էր ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի ընդունող կամ չընդունող բանաձեւը կլինի երկրորդ ազդակը` Ցեղասպանության ճանաչման երկրորդ ալիքի համար: Շատ երկրներ կճանաչեն Ցեղասպանությունը միայն այն բանից հետո, երբ դա կանի ԱՄՆ-ը:

– Սակայն նահանգ առ նահանգ ԱՄՆ-ը ճանաչում է ցեղասպանությունը:

– Այո, 42-րդ նահանգը Հավայան կղզիներն էին, որ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Կա մի երկրորդ հարց` արդյո՞ք մեզ պետք է ԱՄՆ-ի ճանաչումը: Ոմանց կարծիքով՝ դա անիմաստ գործողություն է` հայոց ցեղասպանությունը երկրների ճանաչելուց չէ, որ պետք է իրողություն դառնա: Եվ սա ունի ճշմարտության հատիկ: Այն, որ հրեաները չեն պահանջում Հոլոքոստի ճանաչում: Այսինքն` Հոլոքոստը ճանաչում են ի սկզբանե: Իմ կարծիքով, ճանաչված է նաեւ Հայոց ցեղասպանության փաստը: Ինչ էլ ասենք, ինչ ժխտողականության էլ հանդիպենք, մեկ բան հստակ է՝ աշխարհը ճանաչել է իրողությունն` իբրեւ փաստ, ուղղակի ամեն մի մասնավոր դեպքում գործ ունենք տվյալ պահի շահերի հետ:

– Ցեղասպանության ճանաչումը հայերիս պետք է զոհի բարդույթից ազատվելո՞ւ համար, թե՞ ենթադրում է փոխհատուցման գաղափար:

– Ցեղասպանության ճանաչման հետապնդումը ազգային անվտանգության խնդրի հետապնդում է. քանի դեռ Թուրքիան չի ճանաչել այն, մենք ապահովագրված չենք նոր ցեղասպանությունից: 21-րդ դար է, եւ կարծում ենք, որ նման բան չի կարող կրկնվել մեր օրերում: Բայց աչքներիս առաջ ունենանք Սուդանի Դարֆուր մարզում մեր օրերում տեղի ունեցող դեպքերը կամ ընդամենը 15 տարի առաջ իրականացված Ռուանդայի ցեղասպանությունը: Քանի դեռ հանցագործը չի ճանաչում իր մեղքը եւ չի հայցում ներողության, նշանակում է, որ նա պատրաստ է դարձյալ կրկնել հանցանքը` համապատասխան միջավայրում: Մենք Թուրքիայից պահանջում ենք ճանաչել Ցեղասպանությունը, որպեսզի երաշխիքներ ունենանք, որ դա այլեւս չի կրկնվի: Ցեղասպանության ճանաչման հաջորդ փուլը դատապարտումն է, որին արդեն հաջորդում է վնասների հատուցումը: 1948-ի ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան չի տալիս հատուցման հստակ մեխանիզմ, բայց եթե ոչ՝ կոնվենցիայի տառը, ապա ոգին դրա մասին խոսում է:

– Որքանո՞վ է իրատեսական հողային, տարածքային փոխհատուցումը:

– Այս հարցերը քննարկվել են 20-30-ականներին: Ազգերի լիգան (ԱԼ) բազմիցս հանձնաժողովներ է հավաքել, որոնք փորձել են հասկանալ հայերի հանդեպ գործած ոճրի հատուցման չափը: Մենք սրա մասին այնքան էլ չենք խոսում, քանի որ այդ ժամանակ չկար Հայաստանի Հանրապետությունը, չկար պահանջատերը, ով հայցով կդիմեր ԱԼ եւ կփորձեր ստանալ փոխհատուցումը: Բայց ԱԼ-ի արխիվներում կան մեծ թվով փաստաթղթեր, որոնք վկայում են ակտիվ քննարկումների մասին: Հիշենք` 1920թ. կնքված Սեւրի պայմանագրի հիմքում դրված էր հայերի կրած կորուստների դիմաց հողային փոխհատուցումը: Այսինքն` Թուրքիայի առջեւ դրվեց երկու խնդիր` ոճիրը կատարված էր, եւ նախ` պետք է ֆիզիկապես պատժվեին նրանք, ովքեր իրականացրել էին ոճիրը: Երկրորդ` կար հայերի սերունդներին փոխհատուցման խնդիրը, որն այն ժամանակ լուծվում էր մեկ ճանապարհով՝ հողային զիջումներ: Օրինակ, այդ ժամանակ Ֆրանսիան բավական շատ հողային զիջումներ ստացավ Գերմանիայից. Գերմանիան չկարողացավ վճարել ռազմատուգանքը պատերազմ սանձազերծելու համար, եւ Ֆրանսիան իրեն միացրեց շատ տարածքներ` որպես ռազմատուգանք: Այսօր դժվար է նման լուծման մասին խոսել, բայց եթե հիպոթետիկ մի տարբերակ պատկերացնենք` եթե ԱՄՆ ճանաչումից հետո աշխարհի շատ երկրներ ճանաչեն Ցեղասպանությունը` որպես իրողություն, եւ Թուրքիային` որպես այդ ոճրագործությունն իրականացրած պետություն, ճնշումը լինի այնքան, որ Թուրքիան ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, անխուսափելիորեն առաջանալու է փոխհատուցման խնդիրը: Իսկ դա մարդկային կյանքեր են, հսկայական հայկական հարստություն է, որը մնացել էր Օսմանյան Կայսրությունում: Այս պարագայում շատ ռեալ է թվում հողային փոխհատուցումը:

– Ինչո՞ւ Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը` Եղեռնի պատասխանատվությունը ներկայացնելով որպես Օսմանյան Կայսրության ժառանգություն, որի հետ ինքը ոչ մի կապ չունի: Առավելեւս, որ այսօրվա միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի այնքան կշիռ, որ կարողանա ստիպել Թուրքիայի վրա ճնշումներ իրականացնել:

– Ցեղասպանության ճանաչումը հարված կհասցնի միանգամից երեք ուղղություններով: Նախ` կա վախ անխուսափելի պատժի հանդեպ: Թուրքերը հասկանում են՝ ոճիրն ընդունելով՝ պատասխանատվություն են կրելու, եւ այն էլ՝ նյութական: Երկրորդը` պատմության ապահերոսականացման վախն է: Թուրքիայում յուրաքանչյուրին այն գիտակցությունն է ներարկվել, որ իրենք ունեն հերոսական պատմություն, որ իրենց պապերը ստեղծեցին անկախ Թուրքիա, եւ այսօր իրենք մի այնպիսի պետություն են, ում հետ հաշվի են նստում: Եվ դժվար է հաշտվել այն մտքին, որ իրենց պապերը պայքարում էին ոչ թե իմպերիալիզմի դեմ, այլ ընդամենը կոտորում էին իրենց տարածքում բնակվող հայկական կամ հունական փոքրամասնություններին: Իսկ պետության սրբացված ղեկավարները մարդասպաններ ու թալանչիներ են: Երրորդ` ամենածանր հարվածը, որ կարող է սպառնալ Թուրքիային, ինքնության ճգնաժամի վախն է: Թուրքական հանրային գիտակցության մեջ բաց է 1914-18թթ. կոլեկտիվ հիշողությունը: Այն նպատակաուղղված ջնջված է նոր` «պաշտոնական», պատմության ստեղծումով: Այս հիշողության վերականգնումը կարող է սարսափելի հարված հասցնել թուրքական հասարակության ինքնությանը: