Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որպես գործող քաղաքական կոալիցիայի անդամներ՝
– արձագանքելով քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՅԴ հայտարարությանը,
– արձանագրելով Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ,
– հավատարիմ մնալով 2008թ. մարտի 21-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագրի սկզբունքներին եւ հաստատելով մեր վճռականությունը դրանց իրականացման հարցում, հայտարարում ենք.
– ՀՀ արտաքին քաղաքականությունը իրականացվել եւ իրականացվելու է մեր պետության ազգային շահերին համապատասխան։
– Այս համատեքստում մենք կարեւորում ենք տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը եւ զարգացումը։
– Մենք ողջունում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում։
– Մեկ անգամ եւս ընդգծում ենք ՀՀ իշխանությունների համոզմունքն այն մասին, որ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` չի նշանակում մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի կարեւորությունը։
– Սատարելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համոզված ենք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
– Դրական գնահատելով մեր համատեղ աշխատանքը ՀՅԴ-ի հետ եւ կարեւորելով բազմակարծությունն իբրեւ արժեք` մենք հարգանքով ենք վերաբերվում ՀՅԴ-ի դիրքորոշումներին։
Կարծում ենք, որ հետայսու եւս հնարավոր կլինի համաձայնեցված մոտեցումներ ունենալ եւ համագործակցել մեր ազգային ու պետական շահերին վերաբերող հարցերի լայն շրջանակում։
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն