Ակցիա, բայց ոչ՝ թատրոն

28/04/2009

Եղեռնի տարելիցին ընդառաջ Հայաստանի Մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի Թատերական գործիչների միությունը թատերական ակցիա էին կազմակերպել։ Ապրիլի 23-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման պրեմիերան։ Այն, ինչը ցուցադրվեց բեմում, իրոք կարելի է ակցիա համարել, բայց՝ ոչ բեմադրություն, քանի որ թատրոնի տրամաբանությունն ու կանոններն այդ մեկժամյա ներկայացման մեջ բնավ էլ կարեւոր չեն համարվել։ Կարեւորը փաստն էր։ Եվ այն տեղի ունեցավ՝ ոչ մի հետք չթողնելով հայաստանցիների սրտերում, քանի որ փաստին բոլորը ծանոթ են, իսկ փաստից ավելին ներկայացումը փոխանցել պարզապես չէր կարող։ Նրա կառուցվածքն էր այդպիսին։

Միության ղեկավար Հակոբ Ղազանչյանն այս բեմադրության դերը շատ բարձր գնահատեց՝ ասելով, որ ապրիլ ամիսը հատուկ էր ընտրվել ներկայացման համար, ինչպես նաեւ հատուկ էին ընտրվել դերասանները, որոնք տարբեր երկրներում են ապրում ու ստեղծագործում։ Արմեն Ջիգարխանյանը, Նորա Արմանին ու ռուսաստանցի երկու հայ դերասաններ խաղացին մի պատմություն, որը գրել է բելգիահայ դերասանուհի ու դրամատուրգ Կարոլին Սաֆարյանը։

Հայ եւ թուրք երիտասարդները երթեւեկում են գնացքով, թուրքը փաստաթղթեր չունի ու պիտի դուրս գա գնացքից, քանի որ տարեց ուղեկցորդը (Արմեն Ջիգարխանյան) անկաշառ է ու թույլ չի տալիս առանց փաստաթղթերի ճամփորդել։ Եվ հայը օգնության է գալիս թուրքին՝ նրան որոշ ժամանակով հայ դարձնելով ու փրկելով։ Թվում է, որ շատ շահեկան թատերական հնարք է գտնվել, որը կարելի է «բացել» ու ցույց տալ, որ Երկրագունդը պտույտ է անում, ու գործող անձանց դերերը փոխվում են՝ միաժամանակ հարստացնելով միմյանց ինֆորմացիոն պաշարը։ Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը, «Առանց վերադարձի իրավունքիի» սյուժեն կախվում է ու ձուլվում ծեծված գավառական հնարքների շարանի մեջ։ Հայտնվում է պարուհին, որը պարում է «ցեղասպանության» պարը, մերթ ընդ մերթ էկրանին հայտնվում են զոհված հայ մարդիկ, հետո դողում են վարագույրները, հետո վերեւից թղթեր (միգուցե՝ հուշերի սիմվոլներ) են թափվում, իսկ հմայիչ ու պլաստիկ Նորա Արմանին ընդամենը որպես ձայն է օգտագործվում։ Արդյունքում պարզ մարդկային պատմությունը վերածվում է ծաղրի, քանի որ հենց թատրոնի էությունն է ընդվզում նման էժանագին հնարքների դեմ։ Եթե ասելու բան ունես, կաթիլ առ կաթիլ փոխանցիր այն, ոչ թե՝ ստիպիր ծեծված սիրողական այլաբանություններին հետեւել։ Հ.Ղազանչյանն ասել է, որ ցանկանում էր իր այս բեմադրությունը մի քանի լեզվով ներկայացնել։ Եվ ռուսերեն ու հայերեն լեզուներին գումարել էր նաեւ թուրքերենը։ Հասկանալի է, որ սա ակցիայի պարտադրանք էր, ու թատրոնն այստեղ նույնիսկ չի էլ «գիշերել»։

Զարմանալի բան է տեղի ունենում. Թատերական գործիչների միության նախագահն իրոք շատ գործունյա կազմակերպիչ է, որը աշխուժացնում է թատերական դաշտը տարբեր փառատոներով ու հյուրախաղային բեմադրություններով, սակայն՝ ինչո՞ւ չի բավարարվում կազմակերպչի ֆունկցիայով՝ անհասկանալի է։ Չէ՞ որ նրա բեմադրական բոլոր փորձերը անհաջող են, եւ ինքը չի կարող չիմանալ այդ մասին։ Սակայն համառորեն նորից ու նորից բեմադրել է ուզում՝ հաշվի չառնելով, որ լավ պրոդյուսերը լավ ռեժիսորից շատ անգամ ավելի մեծ դեր է ունենում։ Համենայնդեպս, այս նախագիծ-ակցիան հաստատ միայն կշահեր, եթե այն ավելի լուրջ բեմադրիչ իրականացներ։ Իսկ ազդակների վերեւում թող նշվեր՝ մտահղացումը՝ Հակոբ Ղազանչյանի։