Վերջին օրերին, առողջական խնդիրների հետ կապված, նախագահ Սերժ Սարգսյանին ներման դիմումներ են գրել մարտի 1-ի գործով կալանավորված Դավիթ Աղայանը եւ Նվեր Ստեփանյանը: Հեքիաթագիր Ղազարոս Աղայանի թոռը՝ Դավիթը, ձերբակալվել էր մայիսի կեսերին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: Դավիթ Աղայանին դատարանն ազատազրկեց 5 տարով: Նա կուսակցական չէ, պարզապես ընդդիմության համակիր ակտիվիստներից է: Նվեր Ստեփանյանը երկրապահ է, նրան էլ մեղադրանք էր առաջադրվել 225 հոդվածի 2-րդ մասով, իսկ դատարանի որոշմամբ՝ նա ազատազրկվել էր 3,5 տարի ժամանակով: Մեկուսարանային պայմանները խիստ բացասաբար են անդրադարձել Դավիթ Աղայանի եւ Նվեր Ստեփանյանի առողջական վիճակի վրա, եւ նրանք այլեւս ճարահատյալ ներման դիմում են գրել Սերժ Սարգսյանին: «Ա1+»-ի տեղեկություններով, եւս 3 հոգի ներման դիմումներ են գրել, բայց նրանց անունները պարզել առայժմ չի հաջողվել: Իսկ Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ներման խնդրագրեր ներկայացրած մյուս 3 բանտարկյալները որեւէ առնչություն չունեն ո՛չ մարտի 1-ի իրադարձությունների, ո՛չ էլ քաղաքական այլ գործընթացների հետ: «Նրանք քաղբանտարկյալների մեր ցուցակից չեն: Իսկ Դ.Աղայանից ու Ն.Ստեփանյանից հետո մեր ցուցակում մնացել են 53 քաղբանտարկյալներ»,- ասել է Ա.Խաչատրյանը: