Ընտրությունը քոնն է

23/04/2009

Ես համարում եմ, որ այդ միջոցառումների ժամանակ (մարտի 1-2-ի իրադարձությունների.- խմբ.) Ոստիկանությունը լուրջ խախտումներ է թույլ տվել` անհամաչափության տեսակետից, եւ դրանց համար առաջնահերթ պատասխանատու է հենց ինքը` Հայկ Հարությունյանը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` մեկնաբանելով Հ. Հարությունյանի` ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին տված այն պատասխանը, թե մարտի 1-2-ին իրեն որեւէ մեկը հրաման չի տվել: «Չգիտեմ, թե նա ինչ է ասել Նիկոյանին, բայց գիտեմ, որ գալու է հանձնաժողով, եւ ինձ հետաքրքրում է, թե այնտեղ նա ինչ կասի,- ասել է Արմեն Հարությունյանը` ավելացնելով,- Բայց ես միանշանակ համոզված եմ, որ Ոստիկանությունն անհամաչափ է գործել, եւ ինքը` որպես այն ժամանակվա ոստիկանապետ, դրա համար պատասխանատու է»: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է նաեւ, որ Ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում ուղիղ հայտարարել են, որ այդ օրը հրաման են ստացել իրենց վերադասներից: Հիշեցնենք, որ այդ պաշտոնյաների թվում էր ՀՀ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգորի Գրիգորյանը, ով ԱԺ-ում հայտարարել էր, թե Ոստիկանության Հատուկ նշանակության զորքերին մարտական զենքերով զինվելու հրաման տվել է հենց Հայկ Հարությունյանը: Հիշեցնենք նաեւ, որ վերջինս Ս. Նիկոյանին մի քանի անգամ կտրուկ մերժելուց հետո, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ լինելու է ԱԺ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում եւ պատասխանելու է հանձնաժողովի անդամների հարցերին: Դեռեւս հայտնի չէ` հանձնաժողովի այդ նիստը բա՞ց կլինի լրագրողների համար, թե՞ ոչ: Իհարկե` միամտություն կլինի ակնկալել, որ հանձնաժողովը կփորձի Հայկ Հարությունյանի միջոցով որեւէ նոր հանգամանք բացահայտել եւ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կընթանա նախապես «պարապած» սցենարով: Սակայն անկախ հանձնաժողովի ցանկությունից եւ «մարզվածության աստիճանից»՝ Հայկ Հարությունյանը կարող է հայտնվել անելանելի վիճակում. եթե էլի ասի, որ իրեն որեւէ մեկը հրաման չի տվել, ստիպած կլինի գոնե առերեւույթ կրել մարտի 1-ի 10 զոհերի մահվան ամբողջ պատասխանատվությունը: Եթե փորձի խուսափել պատասխանատվությունից, ընդամենը պետք է արտասանի Ռոբերտ Քոչարյանի անուն-ազգանունը: