Չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, չնայած դրա հետեւանքներին, երբ մարդիկ (անգամ ամենահարուստ երկրների ամենաապահովված քաղաքացիները) խնայելով են ծախսում յուրաքանչյուր դոլարը` գերադասելով զերծ մնալ ավելորդ ծախսերից, մեր պաշտոնյաները համոզված են, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվաքանակն այս տարի 10%-ով կավելանա։
Նման կարծիք հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման գործակալության պետ Մեխակ Ապրեսյանը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008 թ. Հայաստան է այցելել ավելի քան 558 հազար զբոսաշրջիկ։ Նշենք, որ այս հաշվարկը՝ որպես այդպիսին, մեղմ ասած, կատարյալ չէ։ «Զբոսաշրջիկ» ասելով՝ ցանկացած մարդ հասկանում է մեկին, ով եկել է զբոսնելու, շրջելու, տեսարժան վայրերին ծանոթանալու կամ պարզապես հանգստանալու հստակ նպատակով։ Մինչդեռ այս 558 հազարի մեջ մտնում են ոչ միայն զբոսաշրջիկները՝ դասական իմաստով, այլեւ բարեկամի հարսանիքի համար, կամ տխուր առիթի դեպքում, կամ գործարար նպատակներով մի քանի օրով Հայաստան այցելող ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները։ Ինչեւէ: Հիմա Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 600 հազարի։ «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս տարի մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը հասնի 600 հազարի»,- ասել է Մեխակ Ապրեսյանը։ Թե ինչ է անելու Էկոնոմիկայի նախարարությունը (կամ կառավարությունն՝ ընդհանրապես), եւ այդ արածներն ինչ արդյունքներ են տալու, ժամանակը ցույց կտա։ Մինչ այժմ արված քայլերից հայաստանցիների հիշողության մեջ մնացել է «CNN»-ով մի քանի անգամ եթեր գնացած գովազդային հոլովակը, Ծաղկաձորի ճոպանուղին եւ Հայաստանի առանձին շրջաններ զբոսաշրջության միջազգային կենտրոններ դարձնելու մասին ասված գեղեցիկ խոսքերը։
Իսկ ճգնաժամը, համաձայն Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, շատ վատ է անդրադարձել զբոսաշրջության վրա։ Եթե անցյալ տարվա հոկտեմբերին կազմակերպությունը 2009-ի համար կանխատեսել էր 0-2% աճ (աշխարհի մասշտաբով), ապա վերջերս վերանայել է այդ կանխատեսումը՝ պնդելով, որ աճը զրոյական կլինի։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված մեր իշխանությունների լավատեսությունը, ինչո՞վ կարելի է գրավել զբոսաշրջիկներին։ Իհարկե՝ Գառնի-Գեղարդ, Խոր Վիրապ, Սեւան եւ այսպես շարունակ։ Սակայն զբոսաշրջիկի համար առաջին տեղում գինն է։ Հայաստանում հանգստանալը օտարերկրացու համար բավականին թանկ է՝ անգամ դոլարի արժեւորումից հետո։ Միջին կարգի հյուրանոցներում 10-օրյա հանգստի համար հարկ կլինի վճարել շուրջ 1500 դոլար (2 տեղանոց սենյակի համար)։ Սրան էլ գումարենք տրանսպորտային ծախսերը. Հայաստան գալիս են հիմնականում օդանավով, Ռուսաստանից եկողների համար 1 հոգու ինքնաթիռի տոմսի գինը սկսվում է 400 դոլարից, Եվրոպայից գալու դեպքում՝ 700 դոլարից, այլ երկրների դեպքում՝ ավելի թանկ։ Փաստորեն, Հայաստանում 10-օրյա հանգիստը միջին կարգի հյուրանոցում 2 հոգու համար կազմում է նվազագույնը 2300 դոլար։ Համեմատելու համար նշենք, որ, օրինակ, 1800 դոլարով կարելի է մեկնել Եգիպտոս, Շարմ էլ Շեյխ, 5-աստղանի հյուրանոց՝ հենց Կարմիր Ծովի ափին։ Համ բուրգերն ու Սֆինքսը կտեսնեք, համ ծովում կլողանաք, համ էլ հաստատ սոված չեք մնա, որովհետեւ, ի տարբերություն միայն նախաճաշ առաջարկող հայկական հյուրանոցների, 1800 դոլարով Եգիպտոսում կօգտվեք, այսպես կոչված, «all inclusive» հյուրանոցային սպասարկումից, որի մեջ մտնում է 3-անգամյա սնունդ եւ անսահմանափակ քանակությամբ խմիչք ու քաղցրավենիքներ հյուրանոցում գործող բարերից, անվճար։ Ի՞նչը պետք է, ասենք, նորվեգացի զույգին ստիպի հրաժարվել Եգիպտոսից եւ գալ Հայաստան։ Պատասխանը գիտեն թերեւս միայն մեր իշխանությունները։
Չնայած մերոնք, ինչպես երեւում է, նորվեգացուն կամ դանիացուն համոզելու մտադրություն էլ չունեն։ Հայերին ի՞նչ է եղել, որ՝ մեծ Սփյուռք ունենք, միլիոնավոր մարդիկ, որոնք Արարատը տեսնելու համար միգուցե եւ բարեհաճեն ժամանել։ Պաշտոնական վիճակագրությունն էլ վկայում է, որ Հայաստան այցելող յուրաքանչյուր 10 հոգուց 6-ն ազգությամբ հայեր են եւ ժամանում են հիմնականում Ռուսաստանից ու ԱՊՀ երկրներից։ Եթե Սփյուռքի նախարարության «Տուն արի» կոչը արդյունք տա, եւ մերոնք տուն գան՝ թեկուզ մի քանի օրով, գոնե մի ցուցանիշով սիրտներս հովացնելու առիթ կունենանք։