Ճգնաժամ

23/04/2009

Լենինը մնաց առանց կոստյումի

Համաշխարհային ճգնաժամը, պարզվում է, ազդում է ոչ միայն ողջերի, այլեւ մահացածների վրա։ Օրինակ՝ համաշխարհային պրոլետարիատի հայր Լենինի։ Բանն այն է, որ Կարմիր հրապարակի դամբարանում պահվող Լենինը միջոցների սղության պատճառով այս տարի կմնա առանց նոր կոստյումի։ Մարմինը՝ հագուստի հետ միասին, ամեն տարի պրոֆիլակտիկ աշխատանքների է ենթարկվում։ Հագուստը ամենայն մանրամասնությամբ մաքրում են գոլորշու օգնությամբ եւ արդուկում, քանի որ անգամ ամենաթեթեւ աղտոտվածությունը կարող է փչացնել մումիան։ Այս անգամ պրոֆիլակտիկան տեւել է մոտ 2 ամիս, սակայն կոստյումը չի փոխվել։ Մինչդեռ դրա անհրաժեշտությունը կար. Լենինի համար նոր կոստյում վերջին անգամ գնել են 2003 թվականին, եւ այն բավականաչափ մաշվել է։ Ինչպես նշում է ռուսական ՀըԽ պարբերականը, Լենինի կոստյումը կարվում է հատուկ պատվերով, շվեյցարական թանկարժեք փայլուն կտորից։ Ասում են, որ կենդանության օրոք Լենինը նախընտրում էր հենց այդ կտորից կարված հագուստը։

Ճգնաժամն ու գերմանական սեքսը

Համաշխարհային ճգնաժամը չի շրջանցել նաեւ սեքս-ինդուստրիան, եւ այս ոլորտի եկամուտները եւս կտրուկ նվազել են։ Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, Գերմանիայում (որտեղ մարմնավաճառությունը օրենքով թույլատրվում է) հասարակաց տների սեփականատերերը փորձում են հաճախորդներին գրավել մեծ զեղչերի շնորհիվ։ Բիզնեսը պահպանելու համար օրինական կավատները նաեւ այլ մարկետինգային հնարքների են դիմում. դիսկոնտային քարտեր են տրամադրում մշտական այցելուներին եւ խմբակային սեքսի սիրահարներին, հաճախորդներին տաքսիով կամ ավտոբուսով անվճար հասցնում են «դեպքի վայր», իսկ տարեց տղամարդկանց համար սահմանում են հատուկ զեղչեր։ Օրինակ, Բեռլինի հասարակաց տներից մեկում սահմանել են հատուկ, հակաճգնաժամային սակագին՝ 70 եվրո՝ «all inclusive» (ամեն ինչ ներառյալ) ռեժիմով։ Այդ գումարի մեջ մտնում է անվճար ուտելիք, խմիչքներ եւ անսահմանափակ քանակությամբ սեքս՝ ժամը 10-ից մինչեւ 16-ը։ «Տնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է գտնել ստեղծագործական մոտեցումներ»,- գերմանական լրատվամիջոցներից մեկին ասել է «Yes, Sir» հասարակաց տան սեփականատեր Ստեֆանը։ Վերջինիս խոսքերով, ճգնաժամի արդյունքում իրենց եկամուտները նվազել են 30%-ով, իսկ այցելուների թիվը՝ 50%-ով։ Գերմանիայում պաշտոնապես գրանցված աշխատում են շուրջ 400 հազար պրոֆեսիոնալ մարմնավաճառներ։ 2002թ. Գերմանիայում ընդունվեց նոր օրենսդրություն, որով մարմնավաճառներին թույլատրվեց գովազդել իրենց ծառայությունները եւ աշխատանքային պայմանագրեր կնքել գործատուների հետ։ Որոշ հաշվարկներով,Գերմանիայի սեքս-արդյունաբերության եկամուտը տարեկան հասնում է 18 միլիարդ դոլարի։ Այդ գումարից, բնականաբար, մի զգալի մաս հարկերի տեսքով գնում է պետական բյուջե։ Այնպես որ, հասկանալի է, թե պետությունն ինչու է այդքան ներողամիտ հնագույն մասնագիտության տեր անձանց նկատմամբ։ Նշենք, որ Գերմանիայից բացի, մարմնավաճառությունն օրինականացված է նաեւ Հոլանդիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Հունաստանում եւ Թուրքիայում։ Մարմնավաճառությամբ զբաղվել օրենքով թույլատրվում է նաեւ Լյուքսեմբուրգում, Լատվիայում, Դանիայում, Բելգիայում եւ Ֆինլանդիայում, սակայն այս երկրներում հասարակաց տներն արգելվում են եւ չի թույլատրվում օգտագործել վարձու աշխատուժ։ Այլ կերպ ասած, թույլատրվում են անհատ ձեռներեցի կարգավիճակ ունեցող մարմնավաճառները։

4 տրիլիոն դոլարի վնաս

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով կորուստները կարող են հասնել 4 տրիլիոն դոլարի։ Այս մասին նշվում է ԱՄՀ-ի կողմից վերջերս հրապարակված գլոբալ ֆինանսական կայունության մասին զեկույցում։ 4 տրիլիոնի մեծ մասը՝ 2.7 տրիլիոնը, բաժին է ընկնում բանկերի չյուրացված ակտիվներին։ Կորուստների զգալի մասն էլ բաժին է ընկնում ապահովագրական ընկերություններին եւ կենսաթոշակային հիմնադրամներին։ Ինչպես նշում են ԱՄՀ-ի մասնագետները, վարկային կազմակերպություններին կպահանջվի մոտ 1.7 տրիլիոն դոլարի լրացուցիչ վարկային կապիտալ, իսկ տնտեսության վերականգնման համար՝ մի քանի տարի։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին հիմնադրամը գլոբալ վարկային ճգնաժամից կրած վնասները գնահատել էր 945 միլիարդ դոլար։

Հանուն խնայողության

Ապրիլի 22-ին՝ ուղիղ կեսգիշերին, Իռլանդիայի վարչապետ Բրայան Քոուենը պաշտոնից ազատել է Իռլանդիայի բոլոր 20 պետնախարարներին, բարձրաստիճան անձանց, կառավարության նախարարների ենթականերին։ Այդ մասին հաղորդում է mignews.com-ը։ Իռլանդիայի կառավարության ղեկավարը դիմել է նման քայլի` պետական բյուջեի տնտեսման, ինչպես նաեւ՝ Նախարարների կաբինետի գործունեության արդյունավետության բարձրացման նկատառումներով։ Նոր նշանակված պետնախարարների թիվը կկրճատվի մինչեւ 15։ Այսպիսով, երկրի իշխանությունները մտադիր են տնտեսել տարեկան 2,5 մլն եվրո։

Չինացիները հույսը կդնեն իրենք իրենց վրա

Համաշխարհային ճգնաժամը Չինաստանի տնտեսությանը մեծ վնասներ հասցրեց՝ կտրուկ նվազեցնելով արտահանման ծավալները։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իշխանությունները որոշել են տնտեսությունը վերակողմնորոշել արտաքին շուկաներից՝ ներքին սպառման վրա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն, երկրի հարավում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ժամանակ, որը Դավոսի ֆորումի ասիական անալոգն է։ Ըստ

BBC-ի, վարչապետը բավական լավատեսորեն է տրամադրված եղել եւ փորձել է այդ լավատեսությունը փոխանցել ճգնաժամից տուժած հարեւան երկրների ղեկավարներին (նշենք, որ ֆորումին մասնակցել է նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը)։

Ցզյաբաոն հավաստիացրել է, որ կառավարության ձեռնարկած քայլերն արդեն իսկ դրական արդյունքներ են տվել։ «Իրավիճակն ավելի լավ է, քան մենք սպասում էինք»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ներդրումներն ավելացել են, իսկ ներքին պահանջարկը շարունակում է աճել։

Ճապոնիայում գործերը լավ չեն

Ճապոնիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ վերջին 28 տարվա մեջ առաջին անգամ երկրում արձանագրվել է արտաքին առեւտրի դեֆիցիտ։ Այս տարվա մարտին Ճապոնիայի արտահանումը 45.6%-ով ավելի քիչ է եղել՝ 2008-ի մարտի համեմատ։ Ներմուծումը կրճատվել է

36.7%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պահանջարկը ճապոնական արտադրության մեքենաների եւ էլեկտրոնիկայի նկատմամբ շարունակում է նվազել։ Ասիական երկրներ արտահանումը մարտ ամսին նվազել է 39.5%-ով, իսկ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում՝ ավելի շատ՝ համապատասխանաբար` 51.4 եւ 56.1 տոկոսով։

12 միլիարդ՝ զարգացող երկրներին

Համաշխարհային բանկը (ՀԲ) հաջորդ երկու տարվա ընթացքում 12 միլիարդ դոլար կտրամադրի զարգացող երկրներին՝ սոցիալական պաշտպանության, կրթության եւ առողջապահության ծրագրերի համար։ «2009-2010 թվականներին սոցիալական պաշտպանության ծրագրերում Համաշխարհային բանկի ներդրումները զգալիորեն կաճեն՝ երկու տարի առաջվա 4 միլիարդ դոլարից մինչեւ 12 միլիարդ դոլար: Այս փոխառությունները կհատկացվեն այն ծրագրերի համար, որոնք կապված են (ամենաաղքատ երկրներում) կրթության, առողջապահության ֆինանսավորման հետ»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Նշենք, որ ապրիլի վերջին Վաշինգտոնում տեղի կունենան Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ավանդական spring meeting-ները: Որպես աղքատության հաղթահարման միջոց՝ բանկի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել պարենի աճող գների փոխհատուցման համար 2 միլիարդ դոլարի չափով հրատապ ֆինանսական օգնության տրամադրմանը: Այդ փողը տրամադրվում է 12 միլիարդ դոլարի ընդհանուր փաթեթի կազմում: «Բանկը հասկանում է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամը մարդկանց ավելի ու ավելի շատ է աղքատացնում, սովի մատնում, նրանք կորցնում են առողջությունը, կրթության մակարդակը, եւ սոցիալական ծրագրերի որակն ընկնում է…»:

«Աշխարհը, որը դասեր չի քաղել ֆինանսական ճգնաժամի պատմությունից, կարող է բախվել դրա կրկնվելուն: Վերջերս կայացած G20-ի գագաթաժողովը քննարկել է ֆինանսական ասպեկտները, մեզ անհրաժեշտ է հասկանալ այս ճգնաժամի էությունը, դաս առնել դրա պատմությունից, երբ կառավարությունները որոնում էին ֆինանսական միջոցներ գտնելու բոլոր եղանակները, նույնիսկ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին… Ներկայիս պայմաններում (Համաշխարհային բանկի կողմից) հիմնական ուշադրությունը դարձվում է զարգացող երկրներին, որտեղ մարդիկ կորցնում են իրենց տները, ավանդները եւ աշխատատեղերը»,- հաղորդագրության մեջ բերված է ՀԲ նախագահ Ռոբերտ Զելիկի խոսքը։

«Բոինգի» շահույթը նվազել է

Ամերիկյան ավիաարդյունաբերության հսկա «Բոինգի» մաքուր շահույթը 2009թ. առաջին եռամսյակում 2 անգամ կրճատվել է՝ կազմելով 610 միլիոն դոլար։ 2008թ. առաջին եռամսյակում ընկերությունն ունեցել էր 1.2 միլիարդ դոլար շահույթ։ Այս մասին նշվում է ընկերության հրապարակած հաշվետվության մեջ։ «Բոինգի» ղեկավարները ցուցանիշների վատթարացումը բացատրում են համաշխարհային շուկայի ծանր վիճակով։ Նշենք, որ «Բոինգն» աշխարհի ամենամեծ կորպորացիաներից մեկն է, որի կազմի մեջ են Commercial Airplanes, Integrated Defense Systems, Boeing Capital Corporation եւ Connexion by Boeing ընկերությունները։ Ընկերությունը գործունեություն է ծավալում 145 երկրներում։ «Բոինգի» տվյալներով, ներկայումս աշխարհում շահագործվում է իրենց արտադրության ավելի քան 12 հազար քաղաքացիական ինքնաթիռ, որը կազմում է համաշխարհային ավիապարկի 75%-ը։

Իսկ «Մաքդոնալդսում» տխրելու առիթ չկա

Ի տարբերություն շատ ընկերությունների, որոնք էապես տուժել կամ սնանկացել են համաշխարհային ճգնաժամի արդյունքում, արագ սննդի «Մաքդոնալդս» ռեստորանային ցանցը շարունակում է մեծացնել շահույթը։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերության մաքուր շահույթն աճել է 3.5%-ով՝ հասնելով 979.5 միլիոն դոլարի։ Ընկերության ղեկավարները գոհ են, որ ճգնաժամի պայմաններում իրենց հաջողվում է դրական ցուցանիշներ ապահովել։ Մասնագետները ունեն «Մաքդոնալդսի» հաջողության բացատրությունը։ Նրանք գտնում են, որ համաշխարհային ճգնաժամի արդյունքում մարդկանց եկամուտները զգալիորեն նվազել են, եւ եթե շատերը նախկինում սիրում էին ընթրել բարձրակարգ ռեստորաններում, ապա այժմ գերադասում են խնայել միջոցներն ու քաղցը հագեցնում են արագ սննդի կետերում։