«Ադրբեջանը Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու շուրջ բանակցություններ է վարել, քանի որ Թուրքիան փորձում է բարելավել կապերը Հայաստանի հետ: Ադրբեջանը սպառնում է փոխել իր նավթագազային մատակարարումների երթուղին դեպի Եվրոպա` ուղղելով այն Ռուսաստանի, այլ ոչ թե Թուրքիայի տարածքով»,- հեղինակավոր «Forbes» պարբերականում նման կարծիք է հրապարակել վերլուծաբան Մելիք Քայլանը: Խոսելով Բաքու-Մոսկվա գործարքի մասին՝ հոդվածի հեղինակը հարց է հնչեցրել` ինչպիսի «պայծառ ապագա» են խոստանում նման համաձայնագրերն Ադրբեջանին կամ ցանկացած մեկ այլ` Մոսկվայի ազդեցության տակ ընկնող «կախյալ երկրին»: Ըստ հեղինակի, Ադրբեջանի դեպքում Ռուսաստանը պարզապես կօգտվի այդ երկրի էներգետիկ աղբյուրներից, որպեսզի իր կամքը թելադրի Եվրոպային, իսկ հետո նորից Բաքվին «իր տեղը ցույց կտա», որն արդեն, սակայն, զրկված կլինի եվրոպացիների բարոյական աջակցությունից: Հոդվածի հեղինակը բազմաթիվ հարցեր է տալիս մասնավորապես այն մասին, թե ինչպիսի՞ օգուտ են տեսնում Ռուսաստանի հետ մերձեցման դեպքում ադրբեջանցիները, մոսկվայամետ մոլդովացիները, աբխազները, Հարավային Օսիայի բնակիչները կամ հայերը:
«Ինչո՞ւ այդ դեպքում նրանք չեն վերադառնում Ռուսաստանի գիրկը»,- հարցնում է Քայլանը` ավելացնելով. ի վերջո, գրեթե մեկ միլիոն վրացի եւ մի փոքր ավելի քիչ մոլդովացիներ աշխատում են Ռուսաստանում: Նրանք բոլորը ռուսերեն են խոսում: Ուրեմն ո՞րն է խնդիրը: «Forbes»-ի հեղինակը կարծում է, որ այդ երկրներին պետք է անընդմեջ այդ հարցը տալ` արդյո՞ք Մոսկվան իրենից կախյալ, իր ազդեցության տակ հայտնված որեւէ երկրի երջանկացրել է:
«Եվ նաեւ դիմենք ռուսներին. դուք աշխարհին այդքան շատ հանճարեղ ստեղծագործություններ եք տվել, կարեկցանք, դուք աշխարհին տվել եք Չեխով, Բուլգակով, Պուշկին, Ռախմանինով: Հրաժարվե՛ք կայսրության գաղափարից: Մոռացե՛ք ամերիկյան սպառնալիքի մասին, մոռացե՛ք ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի մասին, մոռացե՛ք այդ բոլոր պատրվակների մասին, որոնք արդարացնում են դեպի բարբարոսությունը տանող ճանապարհը: Ոչ ոք չի ցանկանում ձեզ ոչնչացնել: Ձեր երկիրը քաղաքական եւ ռազմավարական ուժի տեսակետից այլ երկրներին միայն տառապանք է հասցրել»,- եզրափակել է Մելիք Քայլանը: