«Հայաստանի բոլոր վերջին քայլերը եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ինտենսիվացումը վկայում են այն մասին, որ այս երկիրն աստիճանաբար սկսում է դուրս գալ Ռուսաստանի վերահսկողությունից»,- նման հայտարարություն է արել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով` Հայաստանը հասկացել է, որ այն, ինչ ակնկալում էր Ռուսաստանից, չի ստանա, «իսկ ահա Արեւմուտքը պատրաստ է Հայաստանին ֆինանսավորել»: «Ես չեմ բացառում, որ շուտով Հայաստանը կսկսի պահանջել, որպեսզի ռուսական բազաները դուրս բերվեն իր տարածքից: Այս ամենը, իհարկե, արվում է՝ հայկական լոբբիի ազդեցիկ ուժերի ծրագրին համաձայն: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը, որպեսզի ինչ-որ կերպ Հայաստանին պահի իր վերահսկողության ներքո, կխոստանա ոչինչ չփոխել ղարաբաղյան հարցում»,- հայտարարել է Գուլուզադեն: Նրա կարծիքով, Հայաստանի «արեւմտամետ դիրքորոշումը». Մոսկվայի համար իսկական աղետ կդառնա եւ կնշանակի, որ Ռուսաստանը վերջնականապես կորցնում է Հարավային Կովկասը: «Այդ իսկ պատճառով ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի. դա Մոսկվայի շահերից չի բխում, քանի որ Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ միայն այս հակամարտությունը պահպանելով կարող է ճնշում գործադրել Երեւանի եւ Բաքվի վրա»,- ասել է Վաֆա Գուլուզադեն: