Երեկ Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հայ-թուրքական հարաբերություններում ներկայումս ընթացող զարգացումների հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում Հայաստան-Թուրքիա երկխոսության ոլորտում դրսեւորվում է աննախադեպ ակտիվություն։ Գործընթացներն ուղղված են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչպես եւ թուրքական կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման վերացմանը։ Իրադարձությունների արագ զարգացումը թելադրում է դիրքորոշումների հստակեցում, հնարավոր մարտահրավերների հաշվարկում եւ համապատասխան հակաքայլերի ձեռնարկում, որոնց ապահովման դեպքում կերաշխավորվեն հայության շահերը, ու կչեզոքացվեն հնարավոր վտանգները։ Նկատի ունենալով առկա իրողություններն ու հնարավոր զարգացումները՝ մենք՝ «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովի մասնակիցներս երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ ենք համարում հետեւյալ սկզբունքների որդեգրումը.
-հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չպետք է ներառի այնպիսի նախապայման, որը կարող է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը եւ խոչընդոտել խնդրի հետապնդմանը,
– դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը պետք է իրականացվեն միջազգային իրավունքի նորմերի շրջանակում՝ բացառելով նախապայմանների եւ միակողմանի պարտավորությունների առաջադրումը,
– հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը չպետք է պայմանավորվի երրորդ կողմի շահերով,
– հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման հանդիսանալ Ղարաբաղյան հիմնահարցը եւ դրա լուծման որեւէ սցենար,
– Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն իրավահավասարության, երկու կողմերի իրավունքների ու կենսական շահերի հարգման հիման վրա՝ առանց այնպիսի նախապայմանների, որոնք կարող են սպառնալ մեր հոգեւոր ու ֆիզիկական անվտանգությանը, վիրավորել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունն ու պատմական հիշողությունը»: