Պարզվում է` Հայաստանում կոռուպցիայի մասին շատերը խոսում են միայն այն ժամանակ, երբ դրա համար վճարվում են, գրանտներ են ստանում:
Ապրիլի 22-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված կոռուպցիոն գաղափարների տոնավաճառի ժամանակ այնպիսի տպավորություն էր, կարծես Հայաստանում կաշառակերության, կոռուպցիոն երեւույթների մասին ոչ միայն անվախ խոսում են, այլեւ մեծ պայքար են մղում: Ավելին, տեղյակ էլ չենք, թե ինչպիսի ժողովրդավարական երկիր ենք, պարզապես այդ մասին տեղյակ չենք: Տոնավաճառի մասնակից գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները այցելուներին մեծ ոգեւորությամբ ներկայացնում էին Հայաստանում կատարվող կոռուպցիոն երեւույթները: Ի դեպ, սրա պատճառներից մեկն այն է, որ տոնավաճառի երեք լավագույն հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրերի համար տրվելու է որոշակի դրամաշնորհ: Այն որոշվելու է ժյուրիի եւ այցելուների քվեարկության արդյունքում: Այցելուների համար նախատեսված քվեատուփը դրված էր սրահի հենց կենտրոնում, որտեղ նրանք պետք է քվեարկեին: Ու, ինչպես ամեն մի ընտրության ժամանակ, այստեղ էլ ընտրողների սիրտը գրավելու տարբերակներ գործի դրվեցին: Տոնավաճառի մուտքի մոտ այցելուներին դիմավորում էին «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ փոքրիկները` Հայկը, Թամարան, Ռոզան: Երբ նրանց հարցրեցի, թե ինչո՞ւ են եկել տոնավաճառ, երեխաները պատասխանեցին, որ իրենք գրիչներ են բաժանում ու եկողներին խնդրում քվեարկել իրենց կազմակերպության օգտին: Տավուշի մարզի «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ի կոորդինատոր Արմեն Մանասյանն ասում է, որ իրենց ծրագրի նպատակն առողջապահական իրավունքների պաշտպանությունն է, որն իրականացնում են շուրջ 135 գյուղական համայնքներում: Տոնավաճառին մասնակից բուժսպասարկման ոլորտը ներկայացնողները թվարկում էին ոլորտի կոռուպցիոն դեպքերը: Ըստ Հայաստանի Մարքետինգային ասոցիացիայի նախագահի` հատկապես պոլիկլինիկաներում են տարածված կոռուպցիոն երեւույթները. «Այսօր մարդիկ չգիտեն իրենց իրավունքները հատկապես անվճար բուժօգնության դեպքում: Նրանց ոչ իրազեկ լինելն էլ կոռուպցիա է առաջացնում` երբ բժիշկները գումար են վերցնում այն բանի համար, ինչը պետք է արվի լրիվ անվճար»: Իսկ հարեւան տաղավարը ներկայացնող Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի կլինիկայի բաժնի ավագ մասնագետ Գալինա Խաչատրյանը նկատում է, որ բժշկության մեջ կոռուպցիոն երեւույթների պատճառը բուժաշխատողների ցածր վարձատրությունն է: Տաղավարի ձախ անկյունում փակցված էր մի թուղթ, որում նշված էր, թե ինչու են բժիշկները կաշառք վերցնում` «Ես տվել եմ Հիպոկրատի երդում, բայց ուզում եմ ուտել, մեքենա եմ ուզում, ուզում եմ….»: 1999թ. Ստեփանավանում գործող «Հույս, հավատ, սեր» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչը բավական հանգամանալից պատմեց, թե հաշմանդամների իրավունքներն ինչպես են ոտնահարվում, ավելի ճիշտ` թե ինչպես են համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները մարդու հաշմանդամության կարգը հաստատելու համար գումար վերցնում: «Համարյա ամեն տարի հաշմանդամն իր կարգը պետք է հաստատի: Ու պատկերացնո՞ւմ եք, որպեսզի մարդը կրկին իր նախորդ կարգավիճակը հաստատի, պետք է գումար վճարի: Հաշմանդամն իր ստացած թոշակով ինչպե՞ս կարող է այդ մեծ գումարը վճարել»,- նշում է նա: Իսկ Վայքի «Աշխատանք եւ հայրենիք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննա Ղազարյանն ասում է, որ իրենց նպատակն է՝ թափանցիկ քաղաք ստեղծել: Ըստ նրա` կոռուպցիան ավելի շատ տարածված է հողերի վաճառքի տեսքով, երբեմն էլ լինում է, երբ որոշ տարածքների կանաչապատման համար համայնքի բյուջեից մեծ գումարներ են դուրս գրվում, մինչդեռ հաճախ դրանք իրենց նպատակին չեն ծառայում: «Գյուղական համայնքի հողերը վաճառում են: Դրա համար կազմակերպվում է աճուրդ: Հետո պարզվում է, որ անգամ էդ աճուրդի արդյունքը նախապես գիտեին»,- նշում է «Աշխատանք եւ հայրենիք» հ/կ-ի ծրագրերի համակարգողը: Քիչ չէին նաեւ կրթության ոլորտում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարող կազմակերպությունները, որոնց թվում էր նաեւ Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիան: Սակայն, բացի բուհական կոռուպցիայի դեմ պայքարողներից, տոնավաճառին մասնակցում էին դպրոցականներ, որոնք ցուցատախտակների վրա գրել էին կաշառակերության դեմ պայքարի մասին: Նրանք էլ, ինչպես «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ի փոքրիկները, փորձում էին այցելուներին «կողմնորոշել», սակայն մի տարբերությամբ` նրանք չգիտեին, թե ինչի՞ համար են այդտեղ եկել: «Մեր դասատուն ա մեզ բերել: Մենք էլ եկել ենք, իսկ մեր դպրոցում կաշառակերություն չկա»,- պատասխանեցին երեխաները` առանց ներկայանալու: Նրանք շարունակեցին բաժանել «Դպրոցականներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի մասին վկայող փոքրիկ դրոշները: Նկատենք նաեւ այն, որ տոնավաճառի այցելուների հոսքի մեջ քիչ չէին մարդիկ, ովքեր անտեղյակ էին միջոցառման մասին: «Չգիտենք, մեզ ասել են, որ գանք ու ձայն տանք, քվեարկենք»,- նշեց կազմակերպություններից մեկի օգտին քվեարկող այցելուն, որը խնդրեց չհրապարակել իր անունը: Սակայն վերջինս փորձում էր հետաքրքրվել, թե ներսում ի՞նչ է կատարվում: Ու չնայած միջոցառման այս պատկերին` USAID-ի Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան գոհ էր, որ իրենց կողմից հրավիրված հասարակական բոլոր 24 կազմակերպություններն էլ ներկա էին: Ծրագրի ղեկավարի կարծիքով` միջոցառումը լավ հնարավորություն է տալիս կազմակերպություններին ներկայացնելու իրենց հակակոռուպցիոն ծրագիրը: «Դեռ երկու տարի առաջ` 2007թ. հուլիսին, սկսեց գործել հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է կոռուպցիոն երեւույթները երեւան հանելը, ինչպես նաեւ այն միտված է բաց հասարակություն ստեղծելուն: Իսկ դրամաշնորհը, որ տրվելու է հաղթող 3 կազմակերպություններին` շուրջ 15.000-25.000 դոլար, պետք է ծառայի նպատակին»,- նշեց Ֆ. Վեզինան: