Կեղծ դրամանիշերն էլի շատացել են

23/04/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն մոտ երեք ամիս է` ինչ երեւանյան մի շարք խանութների վաճառողներ զգուշությամբ են ընդունում գնորդներից ստացած գումարը: Պատճառը, ըստ վաճառողների, կեղծ դրամի շրջանառությունն է, ինչը` կապված համաշխարհային ճգնաժամի հետ, ավելի է աճել:

Այս հարցի հետ կապված երեկ փոքր հարցախույզ կատարեցինք քաղաքի տարբեր ծայրամասերում գտնվող սպասարկման ոլորտի կետերում: Ի դեպ, հարցախույզի առաջին «զոհերից» մեկն էլ մենք էինք, երբ Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ գտնվող կրպակից գնում կատարեցինք: Դեռ մի քանի մետր կրպակից չհեռացած` վաճառողը ետ կանչեց: Նա պահանջեց, որ գնած ապրանքը վերադարձնենք իրեն: «Դուք ինձ ֆալշ փող եք տվել: Վերցրեք հազարանոցը: Ու տեսեք` էս օրիգինալ հազար դրամանոցն ա, էս էլ՝ ֆալշ: Հիմա նայեք` էս մեկի թուղթն ուրիշ ա, էս մյուսինը լրիվ բարակ ա: Համ էլ ֆալշի վրա էս օրիգինալ պիտակի գույներից չկան»,- ասաց վաճառողը` չցանկանալով ներկայանալ: Փոխարենը չհրաժարվեց պատմել վերջին եռամսյակում կատարված դեպքերի մասին: Նրա խոսքերով, գրեթե ամեն օր` ամենաքիչը երկու-երեք դեպք պատահում է, երբ առեւտրի ժամանակ պարզում է, որ դրամանիշը կեղծ է: «Առաջ էլ էր լինում, բայց էդքան շատ չէ: Հիմա գնալով շատանում ա: Չգիտեմ ինչից ա»,- ասում էր վաճառողը` բավական կասկածամիտ հայացքով: Մինչդեռ ավելի ուշ պարզեցինք, որ մեր դրամանիշը կեղծ չէր` այն պարզապես 1999թ. թողարկված խմբաքանակից էր, որն իր թղթի տեսակով վաճառողի մոտ շփոթմունք էր առաջացրել: Մեկ այլ առեւտրի կետում` Թումանյան փողոցում գտնվող ծխախոտի կրպակի վաճառողը հիշեց, թե մի քանի օր առաջ ինչպես էր ծեծել մի տղայի: «Արդեն մութ էր: Մեկ էլ մի տղա եկավ 10.000 դրամանոցը ձեռքին` մի հազար դրամի պապիրոս ուզեց: Փողը վերցնելուն պես պահեցի լույսի տակ, ու տեսա, որ էդ լակոտը ինձ խաբել ա: Փողը ֆալշիրովկա էր: Ես էլ հետեւից վազեցի, բռնեցի ու մի լավ ծեծեցի»,- պատմում էր ծխախոտավաճառը` ափսոսելով միայն այն բանի համար, որ այդ տղայի ձեռքից չի վերցրել կեղծված դրամանիշը: Ըստ նրա` կեղծ դրամանիշերով առեւտուրը կատարվում է հիմնականում երեկոյան ժամերին: Սրա պատճառն այն է, որ այդ գնորդներին թվում է, թե վաճառողները աշխատանքային օրվա վերջում հոգնած են լինում եւ ուշադրություն չեն դարձնում վերցրած գումարին: Սակայն տիկին Ռուզաննան, ով արդեն 15 տարի աշխատում է կրպակում, կեղծ դրամանիշերի հետ առնչվում է անգամ աշխատանքային օրվա սկզբում: «Ես զարմացած եմ: Էսպիսի բան չէի տեսել: Ամեն շաբաթ ֆալշ փողերով առեւտուր անողներ են գալիս: Առաջ չէի ջոկում, բայց հիմա գիտեմ»,- ասում է վաճառողուհին: Կեղծ դրամանիշերը հեշտ է տարբերակում նաեւ Նորքի 7-րդ Զանգվածի խանութներից մեկի վաճառողուհի տիկին Շողիկը: «Հիմնականում 500 դրամանոցներն են կեղծում, որոնց վրայից մատով կարաս մաքրես էդ ոսկեգույնը: Իսկ օրիգինալ 500 դրամանոցների դեպքում` չի մաքրվում»,- բացատրում է նա: Հարցախույզի մյուս մասնակիցները փոքրիկ խանութներ էին, տարադրամի փոխանակման կետեր, երթուղային տաքսիներ, ինտերնետ ակումբներ, ծաղկի խանութներ: Դրանցից մի քանիսում ոմանք բախվել էին կեղծ դրամանիշերի հետ, որոշ տեղերում` ոչ, բայց, ինչպես իրենք նշեցին, լսել են այդ մասին ու փորձում են զգուշանալ: Իսկ այն տպավորությունը, թե կեղծ դրամանիշերով առեւտուրը հիմնականում լինում է վերոնշյալ կետերում, պարզվում է` սխալ է: «Սթար» սուպերմարկետի մենեջեր Մարտինը պատմեց, որ իրենց մոտ երբեմն լինում է կեղծ դրամանիշերով առեւտուր, սակայն իրենց գանձապահների փորձառության շնորհիվ միշտ հաջողվել է երեւույթը կանխել: Ավելի ուշ պարզեցինք, որ դրամանենգների մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր հետաքրքրվում են արվեստով, հատկապես նկարչությամբ: Սա էլ նրանց տարել էր Վերնիսաժ:

Ինչպե՞ս կարելի է կեղծել Սարյանին

Երեւանի Վերնիսաժում հայտնված դրամանենգներին տեղի նկարիչները չէին ճանաչել: Նրանք պատմում են, որ այդ մարդիկ բավականին լուրջ հետաքրքրությամբ էին դիտում նկարները, անգամ որոշ նկարների մոտ մի պահ կանգնում էին: Իսկ այդ «հետաքրքրության» պատճառը նկարավաճառ Արմանը մինչ օրս զգում է: «Մի քանի ամիս առաջ էր: Մի մարդ ա մոտենում, հարցնում ա նկարների գները: Երկու նկար է առնում. մեկը՝ 20.000 դրամանոց, մյուսն էլ՝ 100 դոլարանոց: Բայց երբ փողը տանում եմ, որ մանրեմ, չեյնջում ինձ ասում են, որ ես կեղծ փողեր եմ իրենց տվել»,- ասում է նկարիչը, ում ուշադրությամբ լսում էին հարեւան նկարիչները: Ըստ նկարիչների` դրամանիշ կեղծելու համար նկարչական հմտություն պետք չէ: «Էդ ո՞ր նկարիչը կզբաղվի դրանով: Դրա համար հատուկ մարդիկ կան, որոնք երեւի շատ պարզ միջոցներով են կեղծում: Թե չէ արվեստագետը ինչի՞ պիտի փող կեղծի»,- նկատեց նկարիչներից մեկը: Հարցախույզի ընդհանուր պատկերը բավականին պարզ էր` դրամանենգությունը քաղաքում աստիճանաբար աճում է: Մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով` իրենց մոտ գրանցված կեղծ դրամանիշերի տոկոսը կազմում է 0,00007 տոկոս: «Մեր մուտքերը առաջին եռամսյակում աճել են 11,6 տոկոս: Այդ մուտքերի մեջ կեղծ դրամանիշերի քանակը նվազել է 9,6 տոկոսով»,- ասաց ԿԲ դրամանիշերի փորձագետ Արման Հովհաննիսյանը: Ըստ վերջինիս` ԿԲ-ն միշտ էլ պայքարել է կեղծ դրամի շրջանառության դեմ, միայն թե այս հարցում չի զգում քաղաքացիների ուշադրությունը: «Մի անգամ մենք մի փորձ արեցինք: Կեղծ դրամանիշերով փորձում էինք գնում կատարել խանութում: Վաճառողը սկզբից չէր նկատել, որ մեր վճարած դրամը կեղծ է: Հետո, իհարկե, մենք ասացինք նրան, թե ինչ է անում»,- նշում է դրամանիշերի փորձագետը: Նրա կարծիքով՝ այս վերջին տարիներին կեղծ դրամանիշերը «որակազրկվել» են: Եթե դրանք նախկինում որակյալ թղթից էին պատրաստվում, ապա հիմա պարզապես անզեն աչքով էլ կարելի է նկատել թղթի որակը: Իսկ նախկինի համեմատ հիմա արդեն քիչ են կեղծում 100 դրամանոցները, ավելի շատ կեղծում են 200,500 եւ 1000, 5000, 10000, 20000 դրամանոցները: «Օրինակ, կեղծ 500 դրամանոցի 4 տեսակ կա` մեկը արճճանման համաձուլվածքով է, որը ամենացածր որակն ունի: Երկրորդը սպիտակ մետաղից է` ոսկեգույն երիզով, որը կարելի է մատով մաքրել: Երրորդը` դեղին մետաղից է` ոսկեգույն երիզով: Սա էլ շատ շուտ գունաթափվում է: Իսկ չորրորդը կազմված է երկու մետաղից»,- նշեց Արման Հովհաննիսյանը` խորհուրդ տալով հետեւել կեղծ դրամանիշերին, որոնք շատ հեշտությամբ կարելի է տարբերել:

Ինչպե՞ս տարբերել կեղծ դրամանիշը

Հայաստանի ազգային արժույթը` դրամը, երկրի տարածքում որպես օրինական վճարամիջոց շրջանառվում է 1993թ. նոյեմբերի 22-ից: Այդ նույն թվականին շրջանառության մեջ էին դրվել առաջին շարքի 10, 25, 50,100, 200 եւ 500 դրամ, 1994թ.` 1000 դրամ, եւ 1995թ.` 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Առաջին շարքի թղթադրամներն ունեին 9-11 պաշտպանական հատկանիշներ:

1998թ. շրջանառության մեջ դրվեցին 1000 եւ 5000 դրամ անվանական արժեքով երկրորդ շարքի թղթադրամները` այլ ձեւավորմամբ եւ պաշտպանական հատկանիշներով: Ու հենց այդ պաշտպանական հատկանիշներն են, որոնք թույլ են տալիս սպառողին ճանաչել դրամի բնօրինակը` ջրանիշը, պաշտպանված եզրագիծը, պաշտպանական մանրաթելերը, անհատական համարանիշը, թափանցիկ պատկերը, շոշափելի ներկի շերտը, թաքնված պատկերը, նկարատեսակների համար օգտագործվող հատկանիշ, մանրատառաշար եւ հոլոգրաֆիկ պատկերը: Մինչդեռ մետաղադրամների դեպքում կեղծիքը բացահայտելը ավելի բարդ է: Մնում է միայն ձեռքով շոշափել ու ավելի ուշադիր զննել մետաղադրամի երիզը: