32-ամյա Արման Նավասարդյանը բարեհամբույր, կիրթ երիտասարդ է: Ամեն անգամ մոտենում է ինձ ու ասում է` «Մի օր ժամանակ կհատկացնե՞ս` ինձ լսես: Ես ձեր օգնության կարիքն ունեմ»:
Դպրոցում բացարձակ գերազանց գնահատականներով սովորող այս երիտասարդը երազում էր բանասեր դառնալ, բայց երազանքները դարձան անիրականանալի տեսիլքներ ու սկսեցին Արմանի գլխում շիլաշփոթ սարքել: 20 տարեկանում Ռուսաստանից տեղափոխվեց հայրենիք` զինվորական ծառայության մեկնելու համար: «Ես հատուկ դրա համար ծնողներիս հետ եկա, միակ որդին եմ: Հայրս մահացել ա, իսկ մամաս իմ հետ տանջվում ա»,- պատմում է Արմանն, ում զորակոչել են Խոջալու: Ծառայությունից շատ չանցած, մի գիշեր Արմանին այնքան էին ծեծել, խոշտանգել, որ վերջինիս գրեթե անգիտակից վիճակում տեղափոխել էին Երեւանի հոսպիտալ: Արմանը պատմում է` «Գիշեր էր, ավելի ճիշտ` ուշ ժամ էր: Գնացի զուգարան, փորս ահավոր ցավում էր: Հետեւիցս մի տասը-տասնհինգ հոգի ծառայողներ եկան, բա թե` պիտի էս թղթերը, զուգարանը ձեռքերով մաքրես: Ուզում էի կարիքներս հոգալ, հետո նոր նրանց հետ խոսել: Լավ հիշում եմ` ուժեղ փորացավ ունեի: Մեկ էլ էն զգացի, որ ծանր բռունցքներ իջան գլխիս: Հետո հասան բոլորը. քացիներով գցեցին գետնին ու…»: Ու Արմանին այնպես խոշտանգեցին, որ զորամասից նրան հոսպիտալ տեղափոխեցին հոգեկան ծանր հիվանդությամբ: Հոսպիտալից էլ ուղիղ ճանապարհեցին հոգեբուժարան: ՀՀ Առողջապահության նախարարության Ավանի հոգեբուժական դիսպանսերում Արմանի մոտ ախտորոշեցին շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ կոչվող հոգեկան հիվանդությունը: Մայրը` Լաուրան, վաճառեց բնակարանն, ու մեկնեցին Մոսկվա` Արմանին բուժելու նպատակով: Մոսկվայի հեղինակավոր հիվանդանոցներից բոլորն էլ Արմանի հիվանդությունը համարեցին անբուժելի եւ կրկին ճանապարհեցին Հայաստան: Անտուն մնացած մայր ու որդուն հանրակացարանում մի սենյակ հատկացրին, որտեղ ստիպված էին համատեղ ապրել չորս երեխաների մայր մի կնոջ հետ: Մի քանի տարի անց Երեւանի քաղաքապետարանն Արմանենց համար առանձին սենյակ հատկացրեց, ու հիմա մայր ու որդի ապրում են փոքրիկ մի սենյակում: Արմանը 2-րդ կարգի հաշմանդամության համար ստանում է 9600 դրամ, իսկ տիկին Լաուրան` 9400 դրամ ծերության թոշակ: Այս երիտասարդը ստիպված է լինում տարվա մեջ մի քանի անգամ պառկել հոգեբուժական հիվանդանոցում եւ բուժման կուրս ստանալ: «Բժիշկն ասում ա, որ պիտի անպայման գլուխս յամմերով նկարեն, որպեսզի հասկանան, թե ի՞նչ ա կատարվում»,- ասում է նա` անընդհատ կրկնելով, որ ինքը բուժման ենթակա է: Արմանը չի համակերպվում այն մտքի հետ, որ մասնագետները հիվանդությունը համարել են անբուժելի, ու վստահեցնում է, որ յամմերով ստուգում կատարելու դեպքում հնարավոր կլինի հայտնաբերել հիվանդության դրդապատճառները. «Ախր հոգեբուժարանից էնպիսի դեղեր են տալիս, որ ամբողջ օրը թմրում, պառկում եմ: Ոնց որ ողջ չլինեմ, ուղեղս անջատվում ա»: Տիկին Լաուրան հաստատում է Արմանի ասածներն ու խնդրում է միջամտել որդուն ստուգման ուղարկելու կազմակերպման հարցում: Հարցնում եմ` «Բայց դիմե՞լ եք Առողջապահության նախարարություն, գուցե ընդառաջեն, պետպատվերի շրջանակներում ուղարկեն ստուգման»: «Չէ՛, ճիշտն ասած,- ասում է տիկին Լաուրան,- որովհետեւ բոլորն էլ ասում են, որ անվճար հնարավոր չէ: Յամմերով ընդհանուր ստուգումն արժե 70-80.000, բայց, եթե կարողանայինք գոնե մենակ Արմանիս գլուխը նկարել… Մի 40.000-ի պատմություն ա, բայց ախր մենք թոշակառու մարդիկ ենք, չենք կարում հետ գցել: Սկի ցամաք հացի համար չի հերիքում»:
Արմանը երազում է հոգեկան հավասարակշռությունը կարգի բերելու եւ երբեւէ մատուցող աշխատելու հնարավորություն ունենալու մասին: Ասում է` «Շատ եմ սիրում մարդկանց հետ շփվել, մարդկանց համար մի լավ բան անել: Բայց իմ հիվանդությունը նենց ա, որ, երբ վատանում եմ` մտածում եմ, թե բոլորը Խթը-ից են, վախենում եմ մարդկանցից, ինձ թվում ա, թե ինձ հետեւում են: Ես չեմ ուզում հավատամ, բայց ձայներն ինձ համոզում են»: Հիմա, երբ նրա գիտակցությունն ադեկվատ է` ուզում է մարդկանց հետ փոխհարաբերությունները վերականգնել, հասկացնել, որ ձայներն են իրեն չարացրել. «Եթե չհիվանդանայի` մեծ գրող կդառնայի»: