«Հնարավոր է, որ Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ
Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին առաջարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության
կարգավորմանն առնչվող ինչ-որ ոչ պաշտոնական, աշխատանքային փաստաթուղթ»,-
երեկ ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս
համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Ես չէի ասի, թե դա կլինի համաձայնագրի
նախագծի նման մի փաստաթուղթ: Նման բան չի լինի: Հնարավոր է՝ կարգավորման
հիմքին առնչվող աշխատանքային փաստաթուղթ»,- պարզաբանել է Մերզլյակովը: Ի
պատասխան այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է ադրբեջանական կողմի այն պնդումը,
որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում «ձեւավորվում է
տարածքային ամբողջականության շրջանակներում լուծման նկատմամբ
դիրքորոշում», Յուրի Մերզլյակովն ասել է. «Կողմերից յուրաքանչյուրը
դիրքորոշումը պատկերացնում է այնպես, ինչպես իրեն ձեռնտու է: Ես չեմ
բացահայտի ոչ բանակցությունների ընթացքը, ոչ քննարկվող հարցերը:
Համանախագահները նման տերմիններ չեն գործածում: Մենք ելնում ենք այն
բանից, որ գոյություն ունեն ԵԱՀԿ սկզբունքներ: Դրանք թվարկված են
Հելսինկյան ակտում, այնտեղ կա թե՛ տարածքային ամբողջականության սկզբունքը,
թե՛ ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքի սկզբունքը: Ուստի չի
կարելի ասել, թե մենք հետեւում ենք այս սկզբունքին եւ չենք ընդունում
մյուսը: Անդամակցելով ԵԱՀԿ-ին՝ պետությունը դրանով իսկ ճանաչում է բոլոր
գործող սկզբունքները: Ուստի, իմ կարծիքով, անհեռանկարային է խոսել միայն
«այս կամ այն սկզբունքի հիման վրա»: Մշակվում է ոչ թե իրավական, այլ՝
քաղաքական լուծում, այսինքն՝ կողմերի պայմանավորվածության հիման վրա»: