Քննարկելու են

23/04/2009

Ապրիլի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրելու, որի ընթացքում քննարկվելու են երկրի համար երեք առանցքային խնդիրներ` հարեւան Իրաքում տեղի ունեցող զարգացումները եւ Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին հնարավոր ներման շնորհումը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ, վերջապես, Աֆղանստանում թուրքական ռազմական ուժերի ներկայությունը:

Այս լուրը հրապարակել է թուրքական «Todayգs Zaman» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրին: Հանդիպումը տեղի է ունենալու նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ` նախագահական Չանկայա նստավայրում: Ըստ աղբյուրի` Խորհրդի օրակարգի երկրորդ հարցը լինելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Ադրբեջանի հակազդեցությունը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում: «Todayգs Zaman»-ը գրում է, որ Թուրքիայի իշխանությունները եւ կառավարությունը համաձայնել են, որ Թուրքիան չպետք է բացի Հայաստանի հետ սահմանը` նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Աղբյուրի հաղորդմամբ` որպես հարաբերությունների կարգավորման առաջին քայլ` Անկարան Երեւանին խնդրում է Լեռնային Ղարաբաղը շրջապատող հինգ շրջանները լքած ադրբեջանցիներին թույլ տալ վերադառնալ իրենց բնակավայրերը: Եթե Հայաստանը որոշի ընդառաջ գնալ ադրբեջանցի փախստականներին, ապա Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը նախնական շրջանում ամիսը մեկ անգամ, այնուհետեւ` ամիսը երկու անգամ: Այն պահից ի վեր, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կապեր հաստատվեն, եւ տարածաշրջանում անվտանգության մթնոլորտ հաստատվի, սահմանի դարպասներն ընդմիշտ բաց կլինեն:

Ակնկալվում է, որ Թուրքիայի Անվտանգության խորհրդի հանդիպումից հետո նախագահ Աբդուլլահ Գյուլը կժամանի Բաքու, որպեսզի Ադրբեջանի կառավարությանն իրազեկի, թե ինչպիսի որոշումներ է կայացրել Թուրքիան` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրի վերաբերյալ: Ըստ այլ աղբյուրների, հնարավոր է, որ այդ նիստին մասնակցեն նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները: