Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, որը նախկինում ապրել է Մոսկվայում եւ Սոչիում: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը Չեխիայի իրավապահ մարմիններում: Ըստ «Ինտերֆաքսի»` քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի 40-ամյա Սողոյանը ծնունդով Հայաստանի Գյումրի քաղաքից է: Մինչեւ 1999 թվականը Սողոյանը ապրել է Մոսկվայում, ապա տեղափոխվել է Սոչի, որտեղ ապրել է մինչեւ 2006 թվականը ներառյալ: Այնուհետեւ վտարվել է Հայաստան` հինգ տարի Ռուսաստան մուտք գործելու արգելքով: 2007 թվականին, օգտագործելով իր կապերը, տեղափոխվել է Պրահա: Չեխ իրավապահները հայտնել են, որ Սողոյանը ձերբակալվել է 2007 թվականի նոյեմբերին՝ իր հայրենակից գործարարի նկատմամբ մահափորձի եւ սպանության կասկածանքով: Համաձայն չեխական օրենսդրության` Անդրանիկ Սողոյանին սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում: Այլ լրատվամիջոցների, այդ թվում` ավստրիական ռադիոյի վկայությամբ, ավստրիացի իրավապահները չեխ ոստիկանների հետ համագործակցաբար վնասազերծել են Սողոյանի գլխավորած բանդան, որում ընդգրկված էին մոտ հինգ տասնյակ հայաստանցիներ: Համաձայն այդ աղբյուրների, խումբը հանցավոր գործունեությամբ է զբաղվել Չեխիայում եւ Ավստրիայում: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, մասնավորապես, հաղորդում է, որ հանցավոր խումբը զբաղվել է սպանություններով, դրամաշորթությամբ, թալանով եւ կողոպուտով: Իսկ ըստ «Ազատություն» ռ/կ-ի, չեխական Blesk.cz կայքէջը «Ցնցող բացահայտում. ռուսական մաֆիայի պարագլուխները Չեխիայում» վերնագրի ներքո հաղորդել է Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարակում ժամանակին տեղի ունեցած սպանության գործի քննության շրջանակներում Ոստիկանության հատուկ ջոկատի անցկացրած օպերացիայի մասին: Չեխական պարբերականը 2007 թվականի նոյեմբերին Վացլավի հրապարակում սպանված երկու անձանց որակել է «ռուսական մաֆիայի» թիրախ, իսկ մարդասպանին, ըստ նույն աղբյուրի, վարձել էր «օրենքով գողը»: Գործի շրջանակներում մարտի վերջին չորս մարդ ձերբակալվել է Չեխիայում, մեկը` Սլովակիայում: Ըստ Blesk.cz-ի, Չեխիայում «ռուսական մաֆիայի» պարագլուխը հայազգի «օրենքով գողն» էր, որի նպատակն էր՝ համակարգել նախկին խորհրդային երկրների ներկայացուցիչներից կազմված ավազակախմբերի գործունեությունը:
Չեխիայի Ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Ռոբերտ Շլախտան ասել է, որ Ոստիկանությունը «նրանց հուժկու հարված է հասցրել»: Ըստ Ոստիկանության պաշտոնյայի` բոլոր ձերբակալվածներին ծանր պատիժ է սպասում: