Ցուրտն օգնում է մտածել

23/04/2009

Ցուրտ եղանակը նպաստում է ուշադրության եւ ինտելեկտի զարգացմանը: Ըստ բրիտանական «Daily Mail» թերթի, այս եզրակացությանն են հանգել Նոր Հարավային Ուելսի համալսարանից մի խումբ ավստրալացի հոգեբաններ: Հետազոտություններն ընդգրկուն բնույթ են կրել եւ անցկացվել են Սիդնեյի խոշորագույն առեւտրական կենտրոններից մեկում: Պարզվել է, որ ինտելեկտուալ գործունեությունը, մասնավորապես՝ բազմաթիվ փաստեր հիշելու ընդունակությունը, ավելի մեծ է անձրեւոտ ու ցուրտ, քան տաք ու արեւոտ եղանակի ժամանակ: Ըստ հետազոտության, հիշողությունն ու ուղեղն ավելի լավ են աշխատում ցրտի եւ անձրեւի ժամանակ:

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ շոգ ու արեւոտ եղանակը «թուլացնում է ուղեղի աշխատանքը, իսկ ցուրտը, ընդհակառակը, ստիպում է նրան կենտրոնանալ, ինչը նպաստում է մարդու ինտելեկտի զարգացմանը»: