Հանրահավաքն արտոնել են

21/04/2009

Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հայ Ազգային կոնգրեսին անդամակցող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի իրազեկումը` մայիսի 1-ին Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու մասին: Արգելվել է, սակայն, հանրահավաքից հետո նախատեսված երթը: Չնայած սրան, Լ. Սարգսյանն «Ազատությանն» ասել է, որ երթն, այնուամենայնիվ, անցկացվելու է. «Մենք երթեր ենք անցկացրել նույնիսկ այն պարագայում, երբ հանրահավաքն էլ է մերժվել: Իսկ ինքնաբուխ երթի պարագայում, մենք` որպես ՀՀ քաղաքացիներ, կմասնակցենք այդ երթին»: Քաղաքապետարանը երթի անցկացումն արգելել է` պատճառաբանությամբ, որ մայիսի 1-ը տոն օր է, իսկ երթն էլ անցնելու է մայրաքաղաքի ծանրաբեռնված փողոցներով ու կարող է խանգարել երթեւեկությանը: Ի դեպ, մայիսի 1-ին անցկացվելու է եւս մեկ հանրահավաք: Ինչպես միշտ` այս անգամ էլ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կտոնի աշխատանքային օրը: Քաղաքապետարանը մերժել է նաեւ ՀԿԿ-ի` երթ անցկացնելու դիմումը: