Քաղաքական թմրաբիզնես

19/07/2005

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ամերիկյան Ազգային ժողովրդավարական
ինստիտուտը (NDI) ֆինանսավորում է «Նոր ժամանակներ» կուսակցությանը եւ
Հայաստանի եւս մի քանի ընդդիմադիր կուսակցությունների: Օրերս հայաստանյան
մամուլում քննարկվում էր «Նոր ժամանակների» առաջնորդներից մեկի՝ Էդուարդ
Գրիգորյանի թմրանյութերի բիզնեսում ժամանակին ունեցած մասնակցությունը:
Միացյալ Նահանգների համապատասխան ծառայությունների տրամադրած փաստաթղթերի
համաձայն, 1993 թ. նոյեմբերի 18-ին Գլենդելի ոստիկանության աշխատակիցներն
օպերատիվ տեղեկատվություն են ստացել այն մասին, որ հայազգի ոմն Էդուարդ
փորձում է վաճառել 500 գրամ կոկաին տեսակի թմրանյութ՝ 10 հազար դոլարով:
1993թ. նոյեմբերի 19-ին, մոտավորապես ժամը 10-ին, ոստիկանության օպերատիվ
աշխատակիցները՝ սերժանտ Մարչմենը եւ սպա Ջաջը Գլենդելի Լեքսինգտոն եւ
Բելմոնդ փողոցների խաչմերուկում նկատել են «Բյուիք-սենչուրի» մակնիշի
ավտոմեքենան, որի մեջ եղել են Էդուարդ Գրիգորյանը եւ հայազգի մեկ այլ
անձնավորություն, որը հետագայում նույնացվել է Ռաֆիկ Օգանեսյանի հետ: 500
գրամ կոկաին տեսակի թմրանյութի վաճառքի եւ գումարը ստանալու պահին նշված
անձինք ձերբակալվել են իրենց հետեւող ոստիկանության աշխատակիցների կողմից,
եւ խուզարկության ժամանակ Էդուարդ Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է կոկաին
տեսակի թմրանյութ:

Հաշվի առնելով NDI-ի՝ «Նոր ժամանակներին» ֆինանսավորելու փաստը,
անհասկանալի է դառնում այն հանգամանքը, որ մի կողմից ԱՄՆ-ը ֆինանսավորում
է այդ կուսակցությանը, մյուս կողմից հենց ինքն էլ հաստատում է այդ
կուսակցության առաջնորդներից մեկի՝ Էդուարդ Գրիգորյանի կապը թմրաբիզնեսի
հետ: