«Վրաց-օսական օգոստոսյան հակամարտությունից հետո հստակ է, որ որեւէ հակամարտության կարգավորման համար ռազմական գործողությունները տարբերակ չեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Նրա խոսքերով` այժմ կարեւոր է այս նոր շարժիչ ուժը զուգորդել կոնկրետ գործողություններով եւ համարձակ քայլերով: «Մենք ամբողջովին սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ մշտապես պատրաստ ենք աջակցելու վստահության կառուցման միջոցներին եւ նպաստելու մարդ-մարդ շփումների հաստատմանը»,- ասել է Խ.Սոլանան: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԵՄ գերագույն հանձնակատարը նշել է. «Մենք շատ ուրախ ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման վերջին նշանների համար: Մենք խրախուսում ենք կողմերին շարունակելու նույն ճանապարհով եւ պահպանելու կառուցողական երկխոսությունը: Ներկայումս կարեւոր պահ է ստեղծված, որը կորցնել պետք չէ. մենք աջակցում ենք այդ ուղղությամբ բոլոր ջանքերին: Միեւնույն ժամանակ շատ կարեւոր է պահպանել պահը նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հասնելու հարցում: Հույս ունենք, որ բանակցությունները նշանակալի առաջընթաց կգրանցեն այս տարվա ընթացքում»,- ասել է Խ. Սոլանան` կրկին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը կապելով ԼՂ հակամարտության կարգավորման հետ: