Ռուս քաղաքագետ Զուրաբ Տոդուան Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե` հնարավոր չէ ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Ըստ նրա` «Ադրբեջանը համապատասխան ռազմական ներուժ, ուժեր եւ զինամթերք չունի: Փոքր պետությունների համար ռազմական ճանապարհը միջոցների, ժամանակի ավելորդ ծախս է եւ մարդկանց անիմաստ մահ»: Նրա խոսքերով` Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող ինքնուրույն պայմանավորվել, «իսկ թե երբ կկարողանան` հայտնի չէ»: Քաղաքագետի կարծիքով` դրան խոչընդոտում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի գործոնը տարբեր քաղաքական ուժերի կողմից օգտագործվում է ներքին պայքարի համար: «Հայաստանի եւ Ադրբեջանի ընդդիմությունները միշտ պատրաստի մեղադրանքներ ունեն «ազգային շահերին դավաճանելու» եւ «ազգի դարավոր պատմությունն» անտեսելու համար, երբ Երեւանը եւ Բաքուն փորձում են գոնե մի քանի քայլ կատարել միմյանց ընդառաջ»,- հայտարարել է Զ. Տոդուան: Նրա դիտարկմամբ` այժմ տարածաշրջանում, բացի Ռուսաստանից, գործում են նաեւ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, ԵՄ երկրները, մինչդեռ «ներքին ուժերի միջոցով հակամարտության լուծման համար անհրաժեշտ է Անդրկովկասում այդ ուժերից մեկի գերակայությունը: Այսպիսով, գալիս ենք այն եզրակացության, որ հակամարտության կարգավորումը մոտ ապագայում տեղի չի ունենա»,- հավելել է նա: «Բոլոր դատողություններն այն մասին, որ Արեւմուտքը եւ Ռուսաստանը նավթի, ռազմական բազայի տեղակայման, Իրանի դեմ պատերազմին մասնակցելու կամ չմասնակցելու, հայ-թուրքական սահմանների վերաբացման կամ այլ շահերից ելնելով Ադրբեջանին որպես «երախտիքի նշան» «կտան» Լեռնային Ղարաբաղը, զուրկ են ամեն տեսակ տրամաբանությունից»,- ընդգծել է Զուրաբ Տոդուան:
Իսկ պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեոկադիա Դրոբիժեւան «նւՏ ԾՏրՍՉօ» ռադիոյի եթերում հայտարարել է. «Ինչո՞ւ ծագեց ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ հայերը կարծում էին, որ դա իրենց տարածքն է, իսկ ադրբեջանցիները` որ իրենցն է: Քանի որ պարզ է, որ Ղարաբաղի հարցի մասին որոշումը կապված էր այն հանգամանքի հետ, թե ով է ավելի հավատարիմ ստալինյան ռեժիմին եւ խորհրդային իշխանությանը»: Նրա նշած մեկ այլ օրինակն էլ կապված էր Օսիայի եւ Ինգուշեթիայի հակամարտության հետ: «Այն նաեւ կապված էր նրա հետ, որ Ինգուշեթիայի հանդեպ ճնշումներից հետո նրանց տարածքներն անցան Օսիային, իսկ վերջիններս էլ վերաբնակեցումից հետո պահանջեցին, որպեսզի այս տարածքները վերադարձվեն իրենց»,- նշել է փորձագետը եւ հավելել, որ գրեթե բոլոր հակամարտություններում ակնհայտ է ստալինյան ժամանակաշրջանի որոշումների հետքը: