Ինչպիսի հետաքրքրասիրություն

21/04/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել ապրիլի 17-ին Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի գործով դատակոչված հերթական վկա Գագիկ Ավդալյանի հայտարարությունների վերաբերյալ` նշելով, թե Դատախազությունում, «օրենքով սահմանված կարգով, ընթացք են տրվելու նախաքննության կամ դատաքննության ընթացքում դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների, նրանց դիրքորոշման, ազատ արտահայտվելու իրավունքի վրա անօրինական ներգործության վերաբերյալ ցանկացած հայտարարության` ձեռնարկելով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցներ»:

Հիշեցնենք, որ Գ.Ավդալյանը դատարանում հայտարարել էր, որ նախաքննության ժամանակ իրեն ծեծելով ստիպել են կեղծ ցուցմունքներ գրել: Նաեւ պատմել էր, որ մարտի 1-ին իրեն տարել էին Ոստիկանության 6-րդ վարչություն եւ ծեծելով ստիպել էին կեղծ ցուցմունքներ գրել: «Գցել էին գետնին ու ոտքերով հարվածում էին: Ինձ դաժան ծեծի են ենթարկել, սամասուդ են արել ու ասել` գրի էն, ինչ կասեն: Գրի, որ Վանոյի Ճուտը (խոսքը Սուրեն Սիրունյանի մասին է) 2000 դրամ է բաժանում Ազատության հրապարակում»,- դատարանում հայտարարել էր Գ.Ավդալյանը` վստահեցնելով, որ իրեն երկու օր պահել էին 6-րդ վարչությունում եւ հարցաքննելուց հետո բաց թողել: Նա նաեւ հավելել էր, թե իրեն ցուցմունքը թելադրել է քննիչը, իսկ այդ օրերին ինքը 3 անգամ է ծեծի ենթարկվել ոստիկանների կողմից. առաջինը՝ լուսաբացին Ազատության հրապարակում, այնուհետեւ` Մյասնիկյանի արձանի մոտից բերման ենթարկվելու ընթացքում եւ Ոստիկանության 6-րդ վարչությունում: «Մեզ 5 րոպե անգամ չէին թողնում հանգիստ նստեինք եւ գոնե մի հատ ծխեինք: Քննիչը ասեց, որ եթե չգրեմ այն, ինչ ասում է` վատ կլինի: Այդ ընթացքում բացեց դուռը, եւ այնտեղ հայտնվեցին մասկաներով մարդիկ: Ինչ էր լինելու` արդեն պարզ էր»,- պատմել էր վկա Ավդալյանը: Ի դեպ, նշենք, որ վերջինս խնամիական կապ ունի ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի հետ: Նրա խոսքերով` նախաքննության մարմինն իրենից փորձում էր ցուցմունք կորզել այն մասին, թե ինքը մարտի 1-ին Մալխասյանի հրահանգներն է կատարել:

Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունն` անդրադառնալով Գ. Ավդալյանի վերոնշյալ հայտարարություններին, իր հաղորդագրության մեջ նշել է. «Նկատի ունենալով, որ վկայի հայտարարությունը վերաբերում է ոստիկանների կողմից քրեորեն հետապնդելի գործողություններ կատարելուն` ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը ստուգել հայտարարության մեջ մատնանշված հանգամանքները: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Գ.Ավդալյանին 21.04.09թ. հրավիրել է ՀՔԾ` դատարանում հնչեցրած հայտարարությունների շուրջ ցուցմունք տալու համար»: Միաժամանակ ՀՀ Գլխավոր դատախազությունը` հիշեցնելով, որ Գ.Ավդալյանը նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ 2008թ. ամռանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` խոստանալով այդ մասին պատմել ՀՔԾ-ին` անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո, ընդգծել է, թե ՀՔԾ-ն 2008թ. օգոստոսի 6-ին հեռախոսագիր եւ ծանուցագիր էր ուղարկել Ոստիկանության Մաշտոցի բաժին` Գ.Ավդալյանին ՀՔԾ հրավիրելու համար: Սակայն, ըստ Դատախազության` «07.08.08թ. Ոստիկանությունից ստացվել էր հեռախոսագիր Գ.Ավդալյանի` բնակության վայրից բացակայելու մասին»: Ըստ Դատախազության, սակայն, Գ.Ավդալյանը խուսափել է ներկայանալ ՀՔԾ` չնայած տրված երաշխիքներին, «եւ պաշտոնական հայտարարություն, ցուցմունք չի տվել Ոստիկանության անօրինական գործողությունների վերաբերյալ` այդպիսով զրկելով իրավապահներին իր իսկ հնչեցրած հայտարարության հավաստիությունը ստուգելու եւ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից»:

«2008 թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանյալներ Ա.Արզումանյանին եւ Ս.Սուրենյանին առաջադրված մեղադրանքն, ըստ էության, քննելիս 20.04.09թ. դրությամբ հարցաքննվել է 10 վկա, որոնցից միայն Գ.Ավդալյանն է հայտարարել կիրառված քննությանը խորթ մեթոդների մասին»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ: