Թուրքական «Hurriyet» թերթը երեք ծավալուն հոդվածներով անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: «Hurriyet»-ի լրագրողներն այցելել են Կարս, Երեւան եւ Բաքու եւ փորձել են վերլուծել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին կարծիքները: «Այն, ինչ տեղի է ունենում Երեւանում, մենք լավ գիտենք, Բաքվի դիրքորոշումը տվյալ հարցում նույնպես պարզ է, իսկ ինչպիսի՞ տրամադրություններ կան Կարսում».- գրել է հոդվածի հեղինակ Սերդար Ալյամաչը, փորձելով հասկանալ, թե ինչպես են վերաբերվում տվյալ խնդրին սահմանամերձ գոտու բնակիչները: «Եթե առեւտուրը կյանք է, ապա կարելի է ասել, որ Կարսը հետզհետե կորցնում է գոյատեւելու իր կամքը»,- այսպես է սկսվում «Hurriyet»-ի հոդվածը:
Ընդհանուր առմամբ, ըստ Սերդար Ալյամաչի, քաղաքում ցանկանում են սահմանը բաց տեսնել, սակայն այստեղ էլ «եթե»-ներ կան: «Եթե-ներից մեկն այն է, որ ոմանք` ազգայնամոլական գաղափարներից դրդված, չեն ցանկանում, որպեսզի իրենց «հայերի ծառաներ անվանեն»,- գրում է նա: Ինչպես նշում է Կարսի Կովկասյան համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավար, պրոֆեսոր Մեհմեթ Դիկայան, Կարսում բնակվող ազգային խմբերի բազմազանությունը նույնպես իր դերն է խաղում տվյալ հարցում: «Նահանգում բնակվում են 4 հիմնական ազգային խմբեր`թուրքեր, քրդեր, ադրբեջանցիներ եւ կարակալպակներ»,- ասել է նա: «Կարող ենք ասել, որ ադրբեջանցիները եւ կարակալպակները դեմ են սահմանի բացմանը, իսկ քրդերը եւ թուրքերը` կողմ»,- ավելացրել է տնտեսագետը, ըստ որի` այսօր Կարսը ծանր տնտեսական վիճակում է գտնվում: «Կարսը չունի առեւտրային ներուժ: Քաղաքում բնակվող 80.000 մարդկանց կեսը կանաչ քարտ ունի»,- ասել է նա` պարզաբանելով, որ կանաչ քարտ տրվում է նրանց, ովքեր որպես կարիքավորներ՝ իրավունք ունեն անվճար բուժօգնություն ստանալ: «Եթե սահմանը բացվի, Կարսը կդառնա առեւտրային խոշոր կենտրոն: Կարս նահանգը 325 կիլոմետր ընդհանուր սահման ունի Հայաստանի հետ եւ երկու դարպաս: 1993-ից ի վեր միջին հաշվարկով առեւտրի բնագավառում տարեկան կորուստը կազմում է 700 մլն դոլար: Սահմանի վերաբացման դեպքում թուրքական ապրանքների արտահանումը կաճի 400 մլն դոլարով: Եթե դրա անգամ 20 տոկոսն անցնի Կարսով, ապա այս նահանգը դրախտի կվերածվի»,- նշել է Դիկայան: Ըստ նրա, արդեն այսօր Հայաստանում տարեկան սպառվում է մոտ 100 մլն դոլարի թուրքական ապրանք, որը երկիր է ներմուծվում Վրաստանի եւ Իրանի տարածքով ու շատ ավելի թանկ գնով է վաճառվում: Սահմանի բացման կողմնակից է նաեւ Կարսի նախկին քաղաքապետ Ալիբեյօղլին, ով պարտվել է մարտի 29-ի ընտրություններում: Նա հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում 50.000 ստորագրություն է հավաքել սահմանի վերաբացման կողմնակիցներից: Հիշեցնենք, որ Կարսում ընդհանուր առմամբ բնակվում է 80.000 մարդ: «Իսկական էմբարգոյի է ենթարկվել ոչ թե Հայաստանը, այլ Կարսը»,- «Hurriyet»-ի թղթակցին ասել է քաղաքի Առեւտրի պալատի նախագահ Ալի Գյուվենսոյը: