Մենաշնորհ՝ երկու խաղացողներով

19/07/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հուլիսի 1-ից իր ծառայությունները սկսեց մատուցել «Ղ-Տելեկոմ»
ընկերությունը, որը հայաստանյան շուկայում հանդես է գալիս «Vivacell»
անվանումով: Եվ արդեն մեկ շաբաթ է, հասարակությունը զբաղված է նոր բջջային
հեռախոսակապի քարտեր գնելով, ու հիմնականում խոսակցություններն այն մասին
են, թե «Vivacell»-ի ապահոված կապի որակը որքան լավն է «ԱրմենՏելի»
մատուցած ծառայությունների համեմատ: Ընդ որում, «Vivacell»-ի շուկայում
հայտնվելուց հետո «ԱրմենՏելի» բաժանորդները գրեթե մշտապես «անհասանելի»
են, քանի որ բջջային հեռախոսակապի ցանցում հեռախոսազանգերն ուղղակի անհնար
են դարձել: Սա, իհարկե, լավ գովազդ է բջջային կապի շուկայում
գործունեության ընդամենը մեկ շաբաթվա փորձ ունեցող «Vivacell»-ի համար:
Չնայած այս ընկերությունը կարծես այնքան էլ գովազդի կարիք չունի, քանի որ,
նաեւ իշխանությունների շնորհիվ, հասարակությանը ներկայացվել է որպես
«ԱրմենՏելից» փրկվելու հնարավորություն:

Ընդհանրապես, մեր իշխանությունները լուրջ դերակատարություն են ունեցել
«ԱրմենՏելի» իմիջի ձեւավորման հարցում: Սկզբում «ԱրմենՏելին» Հայաստանի
հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ տալն իշխանությունները
ներկայացնում էին որպես «դարի գործարք»: Այդ ժամանակ նույն
իշխանությունների հովանավորությամբ ու լուռ համաձայնությամբ «ԱրմենՏելը»
Հայաստանի կապի ոլորտում անում էր այն, ինչ ուզում էր՝ համաշխարհային
գները մի քանի անգամ գերազանցող սակագներով ուղղակի թալանելով
բնակչությանը: Եվ երբ «ԱրմենՏելն» իր մենաշնորհային կարգավիճակից օգտվելով
արդեն հսկայական գերշահույթներ էր ստացել, իշխանությունները սկսեցին նրա
դեմ պայքարը, բնականաբար, դրանից առաջ «ԱրմենՏելից» ստանալով այն, ինչ
հնարավոր էր ստանալ: Բաց ժողովներ, լիցենզիայից զրկելու սպառնալիքներ,
Միջազգային դատարան… Դրանից հետո «ԱրմենՏելը» դարձավ ազգի թշնամի, եւ
իշխանությունները նույն ջանասիրությամբ, ինչպես գովազդում էին
«ԱրմենՏելին», սկսեցին նրան վարկաբեկելու գործընթացը: Բնականաբար, բջջային
կապի շուկայում իրենց ձեռնտու նոր օպերատոր բերելու նպատակով: Հետաքրքիր
է, որ այս բոլոր գործընթացներում առանցքային դերակատարություն ուներ
արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որի անվան հետ են կապվում
եւ ժամանակին «ԱրմենՏելին» մենաշնորհային իրավունքներ տալը, եւ անցած տարի
«Ղ-Տելեկոմ» ընկերության՝ գիշերային «մրցույթում» հաղթող ճանաչելու
հանգամանքը: Քաղաքական տարբեր գործիչների հայտարարությունները, թե Դավիթ
Հարությունյանը «ԱրմենՏելից» 7 մլն դոլար կաշառք է ստացել եւ որ
«Ղ-Տելեկոմում» բաժնեմաս ունի, այդպես էլ հրապարակավ չհերքվեցին ոչ Դ.
Հարությունյանը, ոչ «ԱրմենՏելը»: Այդ ընթացքում զարմանալիորեն ջերմացան
Դավիթ Հարությունյանի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի
հարաբերությունները, որոնք նախկինում չէին կարողանում համաձայնության գալ
«ԱրմենՏելի» հետ՝ ոչ պաշտոնական հարաբերություններից ստացվող գումարները
«կիսելու» հարցում: Հիմա գոհ են եւ Դավիթ Հարությունյանը, եւ Անդրանիկ
Մանուկյանը, որը, նույն տեղեկությունների համաձայն, նույնպես իր բաժնեմասն
ունի «Ղ-Տելեկոմում», բացի այդ, հաջողությամբ իրացնում է իր կառուցած
էլիտար շենքերի տարածքները: Թե որքան գումար է վճարել «Vivacell»-ը
«Մետրոպոլ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող նորակառույց շենքում իր
գրասենյակի համար, թերեւս միայն Անդրանիկ Մանուկյանը գիտի: Մեկ էլ Դավիթ
Հարությունյանը:

«ԱրմենՏելի» բացասական կերպարի ստեղծումն իշխանությունների համար կարեւոր
էր նրանով, որ այդ դեպքում բջջային կապի շուկայում ցանկացած ընկերության
հայտնվելը դրական էր ընդունվելու հասարակության կողմից: Միայն թե այն
«ԱրմենՏելից» ավելի ցածր սակագներ մատուցեր եւ ավելի որակյալ կապ
ապահովեր: Ինչը եւ տեղի ունեցավ անցած շաբաթ: Իրականում «Vivacell»-ի
սահմանած սակագները հեռու են միջազգային գներից եւ «Vivacell»-ի խնդիրն
ընդամենն «ԱրմենՏելից» էժան գներ սահմանելն էր: Այդ իմաստով, իհարկե,
երկու ընկերությունների միջեւ մրցակցություն ծավալվեց, սակայն Հայաստանի
բջջային կապի շուկան դեռեւս հեռու է իրական մրցակցային պայմաններից, որի
դեպքում սակագները կհամապատասխանեն միջազգային գներին:

Ավելի հետաքրքիր էր «ԱրմենՏելի» քայլը. վերջինս գրեթե երկու անգամ իջեցրեց
իր ծառայությունների սակագները: Ամենազարմանալին սակայն «ԱրմենՏելի»
գործադիր տնօրենի այն հայտարարությունն էր, թե սակագներն իջեցնելուց հետո
իրենց եկամուտներին վտանգ չի սպառնում: Սա նշանակում էր, որ «ԱրմենՏելը»
նախկինում ոչ թե եկամուտներ է ստացել, այլ գերշահույթներ, այսինքն՝ այս
տարիների ընթացքում առնվազն երկու անգամ ավելի գումարներ է գանձել
բնակչությունից: Սակայն այս հարցում «ԱրմենՏելին» մեղադրելը, մեղմ ասած,
ճիշտ չէ: Զուտ բիզնեսի տեսանկյունից այս ընկերության գործունեությունը
միանգամայն նորմալ է՝ նրան մենաշնորհ են տվել, ինքն էլ օգտվել է դրանից:
Իհարկե, արդյունքում թալանվել է հասարակությունը, բայց դա ոչ թե
«ԱրմենՏելի» խնդիրն է, այլ այն պետական պաշտոնյաների, որոնց պատճառով
«ԱրմենՏելը» նման լիազորություններ է ստացել: Ի դեպ, միայն անցած 4
տարիներին «ԱրմենՏելի» եկամուտները կազմել են ավելի քան 300 մլն եվրո:
Այսինքն՝ առնվազն 150 մլն եվրո «ԱրմենՏելը» ստացել է մենաշնորհային
կարգավիճակ ունենալու շնորհիվ: Իսկ դրա համար, կրկնում ենք, պատասխանատու
են այն պաշտոնյաները, ովքեր ժամանակին կնքում էին այդ «դարի գործարքը»:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏելի» հետ պայմանագիրը կնքվել է Ռոբերտ Քոչարյանի
վարչապետության օրոք: Իսկ այն պաշտոնյաներն, ովքեր անմիջականորեն
ներգրավված են եղել «ԱրմենՏելի» հետ բանակցություններում, այսօր արդեն
զբաղված են նոր օպերատորին գովազդելով:

Այնպես որ, դեռ վաղ է խոսել Հայաստանի բջջային կապի շուկայում
մրցակցության հաստատման մասին: Ավելին՝ դատելով նրանից, որ այսօր
«ԱրմենՏելն» ու «Vivacell»-ը ծառայություններ են մատուցում գրեթե նույն
սակագներով, ավելի հավանական է, որ շուկայում գոյություն ունեցող
մոնոպոլիան վերածվել է դուոպոլիայի, այսինքն՝ մենաշնորհը բաժանվել է երկու
ընկերությունների միջեւ: