Թելադրված ցուցմունքների շարունակությունը

21/04/2009

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատավարությունը, որի ընթացքում լսվել է դատակոչված հերթական վկաների ցուցմունքները: Հիշեցնենք, որ այս գործով անցնում են 15 վկաներ: Երեկվա նիստի ժամանակ հարցաքննվել է երկու վկա: Վկաներից Էմմա Բեգլարյանն իր ցուցմունքում չի նշել որեւէ բան, ինչը կվկայեր, որ մեղադրյալները հանցավոր արարք են գործել: Սուրեն Սիրունյանն Էմմա Բեգլարյանին հարցրել է` արդյո՞ք նա մասնակցել է «2008 թվականի փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի տան առջեւ կազմակերպված խուժանների պիկետին», ինչին վկան դրական պատասխան է տվել: Ըստ Է. Բեգլարյանի` իրեն «խաբեցին, տարան երեք աղջիկներ», որոնց անունը, սակայն, չի ցանկացել տալ: Իսկ Ալեքսանդր Արզումանյանն էլ հետաքրքրվել է, թե արդյոք նրան այդ պիկետներին մասնակցելու համար գումար չե՞ն առաջարկել: Է. Բեգլարյանի բացասական պատասխանից հետո, մեղադրող Կորյուն Փիլոյանն Ա. Արզումանյանին ասել է. «Ձեր փորձից եք խոսում», ինչից Ա. Արզումանյանը վրդովվել է, իսկ դատավորը` Փիլոյանին զգուշացնելու փոխարեն, Արզումանյանի նկատմամբ սանկցիա է կիրառել զգուշացման տեսքով:

Հաջորդ վկայի` Աշոտ Հարությունյանի հարցաքննությունը տեւել է բավական երկար: Վերջինիս նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան: Նա իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ Ազատության հրապարակի հանրահավաքներին մասնակցել է փետրվարի 21-ից սկսած 5-6 անգամ, մեկ անգամ գիշերն է մնացել այնտեղ, լսել է, թե մարտի 1-ի երեկոյան ինչպես են «Արարատ Զուրաբյանը, Գուրգեն Եղիազարյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը ելույթ ունենում, որից հետո ժողովուրդը ոգեւորվում է»:

Պաշտպանական կողմի հարցին` արդյոք նա անձամբ լսե՞լ է այդ մարդկանց ելույթը, վկան պատասխանել է` «ոչ», իսկ մեղադրող կողմի նույն հարցին պատասխանել է` «այո»: Նման հակասական պատասխաններ վկան տվել է նաեւ մյուս հարցերին, երբեմն էլ իր տված ցուցմունքների մասին հարցին պատասխանել է, թե «հեռուստատեսությամբ են ասում»:

Ալեքսանդր Արզումանյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ իրեն քննիչը թելադրել է` ինչ գրի իր նախաքննական ցուցմունքում, վկան պատասխանել է, որ ինքը պատմում էր, «հետո քննիչը ավելի գրագետ ձեւակերպում էր իր ասածը եւ թելադրում իրեն»: Ա. Արզումանյանը նրան հիշեցրել է, որ իր նախաքննական ցուցմունքում նշված էր, թե երեկոյան ինքը տեսել է Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին եւ այլոց եւ հետաքրքրվել է, թե` հնարավո՞ր է, որ դա եւս քննիչն իրեն ասած լինի: Ի պատասխան, Աշոտ Հարությունյանն ասել է, որ ցուցմունք գրելու ժամանակ իրեն հուշել են այդ անունները: Նա նաեւ չի հիշել, թե իրեն երբ են հարցաքննել: Սկզբում վկան պնդել է, որ հարցաքննությունը տեղի է ունեցել մարտի 1-2 դեպքերից մոտ 15-20 օր անց, սակայն նրա նախաքննական ցուցմունքում նշված էր, որ իրեն հարցաքննել են ապրիլի 29-ին: Երեկվա նիստին դատակոչվել էին 7 վկաներ, որոնցից երկուսը հարցաքննվել են, մեկը գրավոր դիմում էր գրել, որ չի կարող ներկայանալ, իսկ մնացած վկաներից ընդհանրապես տեղեկություն չի եղել: Վկաների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլի 22-ը: