Դեկտեմբերին ՀՀ կառավարությունը ի գիտություն էր ընդունել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման մասին հայեցակարգը, որի համաձայն՝ Հայաստանի փոքր համայնքները նախ խոշորացվելու էին, իսկ այնուհետեւ երկրի 15.000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքները միավորվելու էին շուրջ 40-44 միջհամայնքային միավորումների կազմում, որոնք կունենան իրենց կազմի մեջ մտնող համայնքներից առանձին բյուջե, աշխատակազմ եւ այլն:
Տրամաբանական է ենթադրել, որ միջհամայնքային միավորումները կձեւավորվեն մոտավորապես Խորհրդային Հայաստանի նախկին շրջանների սահմաններում (քանի որ շրջաններում ենթակառուցվածքները գրեթե նույնությամբ պահպանվել են եւ քիչ փոփոխությունների են ենթարկվել): Համայնքները խոշորացնելու եւ միջհամայնքային միավորումների ստեղծման ճանապարհով վերջին տարիներին գնացել են բազմաթիվ եվրոպական եւ զարգացող երկրներ: Վրաստանում, օրինակ, մի քանի տարի առաջ նախկին խորհրդային շրջանները դարձրել են մի համայնք, եւ այսօր այնտեղ կան համայնքային կարգավիճակ ունեցող ընդամենը 68 միավորներ: Դանիայում մի քանի տարի առաջ գոյություն ունեցող 256 համայնքներից այսօր մնացել է 55-ը: Սա ցույց է տալիս, որ անգամ այնպիսի զարգացած երկրում, ինչպիսին Դանիան է, համայնքները համարվել են թերզարգացած եւ կատարվել են համապատասխան բարեփոխումներ: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման (ՏԿ) նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, այսօր գոյություն ունեցող 960 համայնքներից խոշորացումից հետո մենք կունենանք 800-ին մոտ համայնքներ: Իսկ ՏԿ նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ երկու շաբաթ առաջ ՏԿ նախարարությունը կառավարություն է ուղարկել մի առաջարկ, որի համաձայն՝ կստեղծվի պատգամավորներից, համապատասխան պետական մարմինների, ՀԿ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներից կազմված մի պետական հանձնաժողով: Այդ հանձնաժողովը համայնքների խոշորացման ու միջհամայնքային միավորումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումներ ծավալելուց հետո կներկայացնի համապատասխան առաջարկ` համայնքները խոշորացնելու եւ միջհամայնքային միրավորումների կազմի մեջ ընդգրկելու համար: «Այսօր կա 2-3 տարբերակ: Առաջինը` որոշումը կայացնել եւ ոչ մեկի կարծիքը հաշվի չառնելով խոշորացնել, երկրորդ` փորձնական ինչ-որ մարզերում կամ շրջաններում կիրառելուց հետո ամփոփելով տարածել ողջ հանրապետության վրա: Թե որ տարբերակով կգնանք, կարծում եմ՝ ցույց կտան այդ հանձնաժողովի քննարկումները, որտեղ բոլորը հնարավորություն կունենան արտահայտվելու ու իրենց մտահոգությունները հայտնելու: Այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կներկայացվի նաեւ գործընթացի իրականացման ժամանակացույցը: Կարծում եմ` ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք առաջիկա 9-12 ամիսների ընթացքում ներկայացնել հանրությանը այն պլանը, որով առաջնորդվելու ենք: Թե երբ կավարտվի այս ամենը, կախված է նրանից` առաջի՞ն, թե՞ երկրորդ ճանապարհով ենք գնալու: Բայց ամեն դեպքում, եթե պատրաստ լինենք եւ՛ գաղափարապես, եւ՛ ֆինանսապես, եւ՛ հոգեպես, կարծում եմ՝ մինչեւ 5 տարի ժամանակ կպահանջվի այդ ամենը իրականացնելու համար»,- նշեց Ա. Գեւորգյանը: Նշենք, որ ըստ նրա, այսօր նաեւ քննարկվում է Երեւանի ավագանու ընտրություններից հետո Երեւանի մոդելը ողջ հանրապետության ՏԻՄ-երի վրա տարածելու հարցը: