Հատուկ խումբ

21/04/2009

Մինչ Երեւանի ավագանու ընտրությունները եւ բուն քվեարկության օրը ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար Հայ Ազգային կոնգրեսին կից ստեղծվել է 3-5 հոգուց բաղկացած հատուկ խումբ: Այդ մասին «7 օր»-ին ասել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ըստ նրա, այդ խումբը բացահայտելու է կեղծիքների իրականացման մեխանիզմները եւ փաստերը, որոնք էլ ներկայացվելու են հասարակությանը: «Կուտակվում է ամբողջ ինֆորմացիան եւ, արդեն ըստ յուրաքանչյուր դեպքի, համապատասխան արձագանք է լինում»,- ասել է Ա. Մուսինյանը: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» եւս հայտարարել է ընտրակեղծիքների դեմ պայքարելու մտադրության մասին: Արդյոք այս հարցում ՀԱԿ-ը համագործակցելո՞ւ է «Ժառանգության» հետ: Այս հարցին ի պատասխան` Ա. Մուսինյանն ասել է, որ «Ժառանգության» հետ համագործակցելու են հնարավոր բոլոր ոլորտներում եւ, կոնկրետ այս դեպքում, մեկը մյուսին լրացնելու է: