«Մարդը միշտ ինքն իրեն ստում է. այդպիսին է նրա բնությունը»

21/04/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Գրող Անդրեյ Բիտովը մեկ շաբաթով Հայաստան էր այցելել՝ Հրանտ Մաթեւոսյանի անվան ապագա պուրակի առաջին ծառը տնկելու համար։ «Ես եկա իմ ընկերոջ, իմ եղբոր հայրենիքը ու Ահնիձորում երկու ծառ տնկեցի՝ մեկի անունը Հրանտ է, մյուսինը՝ Անդրեյ, հուսով եմ, որ այդ ծառերը ամուր կկանգնեն հայ հողի վրա: Երբ եղա Լոռվա կիրճում, իմ ընկերոջ հայրենիքում, տխուր մտքեր ծնվեցին: Չկա Հրանտ Մաթեւոսյանը, չկա Լեւոն Ներսիսյանը, չկան այն մարդիկ, որոնք ինձ պատմում էին իրենց զգացածը, իսկ ես դա ընկալում էի: Իրականում ես իմ գիրքը ոչ թե գրել եմ, այլ` նրանց մտքերն ու զգացմունքներն եմ թարգմանել»,- ասաց նա Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրեյ Բիտովը մեծ գրող ու մեծ մտածող է, որի մեծ լինելը երկրի ճակատագրի ու մարդու ապագայի համար մտահոգ լինել է նշանակում: Դա շատ պարզ ու հասկանալի մտահոգություն է, որը բնավ էլ ճռճռան բառերի ու վեհ կարգախոսների կարիքը չունի: Հայաստանը շնորհակալ է Բիտովին` 1967 թվականին գրված «Հայաստանի դասերը» գրքի համար, որի շնորհիվ մենք կարծես ինքներս մեզ համար բացահայտեցինք մեր հողը, մեր պատմությունն ու անհատականություն ունեցող մարդկանց, քարերն ու տառերը: Նրա գրքի շնորհիվ մենք կարծես կրկին կարողացանք ինքներս մեզ սիրել: Անդրեյ Բիտովը Հայաստանը տեսավ ոչ թե որպես հյուր, որին սովոր ենք մեծ սիրով ցույց տալ մեր էկզոտիկ, հնադարյան գեղեցկությունները, այլ` որպես այդ հողի մի փոքր մասնիկն իրեն հանկարծ զգացած ու դրանից ներշնչված մի մարդ: «Իհարկե, ինձ առաջին հերթին գերեց Հայաստանի պատմությունը: Յուրաքանչյուր գրողի համար պատմությունը անսպառ թեմա է, եւ ես ճերմակած դարերի մասին ինֆորմացիան ագահությամբ էի կլանում: Հավաքված, դիմացկուն ու համառ հայերը իրենց ազգային բնավորությունը ձեւավորել են պատմության դասերը սերտելով: Եվ ես մտածեցի, որ այն, ինչը դժվարությամբ ու ցավով է տրվում, ավելի է գնահատվում: Եվ այդ օրենքը` բազմապատկվելով հաջորդ սերունդների շղթային, զարմանալի արդյունք է տալիս, ու դժվարությունները անգնահատելի ձեռքբերումներ են դառնում: Իսկ պատմության ցավալի պտույտը առաջ գնալու կտրուկ խթան է դառնում: Դա է մեզ հուշում Հայաստանի օրինակը: Իսկ այդ օրինակը կենսունակ է ոչ միայն ժողովուրդների պատմության, այլեւ` յուրաքանչյուր առանձին վերցրած մարդու համար: Միայն այդպես` զգալով, արմատական հարցերի մեջ խորասուզվելով ու սիրահարվելով` կարելի է իրար հասկանալ»,- ասել է Բիտովը, ով ինքն իրեն ճամփորդ է համարում այս աշխարհում: «Ճամփորդությունն անպայման պիտի պատահականորեն սկսված լինի: Ճամփորդում ես` գրելու իրավունք ձեռք բերելու համար»,- ասում է նա:

Երիտասարդ տարիներին նա շատ է ճամփորդել ԽՍՀՄ տարբեր երկրներում, անցել մշակույթների ու մարդկանց արարքների լաբիրինթոսներով ու գեղեցիկ ակնարկներ թողել Վրաստանի, Ամերիկայի, Հայաստանի մասին:

«Ես գիտեմ, որ գիրքը հաճույք կամ ինֆորմացիա ստանալու համար չես կարդում: Կարդում ես, որպեսզի ինքդ քեզ բացահայտես»,- ասել է նա:

Անդրեյ Բիտովը խոստովանում է, որ պատահականորեն է գրող դարձել. «Ես պատահականորեն գրող դարձած մարդ եմ, սակայն արդեն կես դարից ավելի է, ինչ այդ զբաղմունքից չեմ հրաժարվում։ Երեւի գրող դարձա, որովհետեւ չէի ուզում աշխատանքի գնալ ու ծառայել։ Այնպես որ, դա յուրատեսակ խորամանկության պես բան էր»:

Անդրեյ Բիտովը Հայաստանում ներկայացրեց իր բանաստեղծությունները, որոնք կարդաց երաժշտության ուղեկցությամբ: Սեփական խոսքն այդ կերպ ներկայացնելու փորձը նա բացատրեց դադարները վերալիցքավորելու ցանկությամբ: «Երբ բառն ավարտվում է, սկսում է հնչել երաժշտությունը: Դա տարածությունը ձայնով լցնելու փորձ է»,- ասաց նա: Ի դեպ` նա վերջերս Մոսկվայում ներկայացրեց Պուշկինի սեւագրությունները ջազի ուղեկցությամբ` ընդգծելու համար, որ պոեզիան բազմաթիվ իմպրովիզացիաներից է ծնվում:

– Ձեր բանաստեղծություններից հասկանալի դարձավ, որ հավատը մեծ դեր ունի Ձեր կյանքում: Ասում եք, որ մարդն այժմ «մասամբ» է հավատում եւ «մասամբ» էլ ապրում է:

– Հաստատ կարող եմ ասել, որ առանց հավատի ես վաղուց արդեն խելագարված կլինեի: Անհավատները կամ թերի մարդիկ են, կամ էլ ընդհակառակը` չափազանց շատ են սեփական ուժին հավատում, քանի որ կարծում են, որ սեփական խելքով ամեն ինչ կարող են հաղթահարել: Եթե քեզնից բարձր որեւէ կետ ինքդ քեզ համար չես նշմարում, չես կարող այս աշխարհը որպես հասարակ մահկանացու ընկալել, հասկանալ ու դիմանալ այդ քո հասկացածին: Կյանքը լի է պատահականություններով, որոնք իրականում երբեք հենց այնպես քեզ չեն տրվում: Այս անգամ, օրինակ, ես Հայաստան եկա Ավագ ուրբաթի օրը, երբ հայերը պատրաստվում էին Քրիստոսի Հարության տոնը տոնել: Եվ մեկնում եմ նույնպես Ավագ ուրբաթի օրը, բայց արդեն ռուսական տոնացույցի համաձայն: Եվ դա պատահականություն չէ, դա շատ հետաքրքիր զուգադիպություն է:

– Իսկ մեր կյանքը փոխվե՞լ է:

– Կյանքն ամեն տեղ նույնն է, մարդիկ էլ են մեծ հաշվով նույնը, նույն ցավը, նույն միայնակությունն են զգում, պարզապես նրանք չեն կարողանում լսել կյանքի ուղերձը։ Չգիտեն, թե որտեղ փնտրել կյանքի «կրիչները»։ Ինձանից ժամանակակից կյանքի բնորոշում մի սպասեք, ես գիտեմ միայն, որ կյանքն ամենուրեք է: Եթե քեզ թվում է, որ կյանքում ինչ-որ բացակայում է, ինչ-որ բան թերի է, ապա հավատացնում եմ, որ սխալվում ես, կյանքը լիքն է հրաշքներով: Հենց որ մտածեցիր մի բանի մասին, այն իսկույն հայտնվում է: Երեւակայությունը կարող է փաստի ուժ ստանալ:

– Իսկ ինչո՞ւ հիմա մեծ գրողներ չունենք:

– Ինձ համար որոշիչ է տաղանդը։ Իսկ տաղանդը կայանում է միայն բացարձակ ազնվության ու բացարձակ ճշմարտության պայմաններում, այլ պայմաններում այն չի ունենում ո՛չ ուժ, ո՛չ էլ ձայն։ Ես համոզված եմ, որ Հրանտ Մաթեւոսյանը հայերեն լեզվի ու հայկական մտածողության տարածքում անպայման ավելի մեծ տեղ կզբաղեցնի ու ավելի հզոր կհնչի, որովհետեւ այդ մակարդակի արձակ Հայաստանում դեռ չի եղել։ Եղել են առանձին ստեղծագործություններ, սակայն նման ամբողջական պատկեր մինչ Հրանտը ոչ ոք չի ստեղծել։ Իմիջիայլոց, Հրանտի համար Սովետական Միության փլուզումը ձեռնտու չէր, քանի որ նա որպես հայկական գրականության ներկայացուցիչ՝ մնաց բազմաթիվ այլազգի մարդկանց հիշողության մեջ: Թեեւ, իհարկե, Հրանտը գրականության ներկայացուցիչ չէր, նա հենց հայկական գրականությունն էր։ Կար ժամանակ, երբ մենք բոլորս կայանում էինք` հակամարտելով մեզ համար անընդունելիի ու տհաճ նորմերի դեմ։ Դա մեզ միացնում էր, բայց ոչ ավելի։ Իսկ հիմա արի ու փորձիր ազատ լինել… Դա այնքան էլ հեշտ բան չէ։

– Ինչո՞ւ:

– Ազատ լինելու համար նախեւառաջ պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես, ինչպես ասում են՝ պետք է լինես եւ հետո միայն փորձես այդ լինելիության մեջ ազատություն փնտրել։ Հնազանդվելն ու բոլորի նման լինելը միշտ էլ ավելի հեշտ է եղել։ Այդպես եղել է, ու այդպես լինելու է։ Պարզապես մարդը պիտի ազատության գաղափարին ինքնուրույն հանգի։ Ազատությունը ինքնուրույն աշխատանք է, որը միայնակ ես կատարում ու միայնակ էլ ձեռք ես բերում։ Իսկ այն, ինչ քեզ տրվում է դրսից, միայն պայմաններ են, որոնք կարող են նպաստավոր լինել կամ խանգարել քեզ։ Մի խոսքով, ազատությունն ամեն մարդու անձնական գործն է։ Ես ոչ մեկին չեմ ճանաչում, ինձ էլ ոչ ոք չի ճանաչում. կարծում եմ՝ դա է իսկական ազատությունը։ Եվ եթե օրերից մի օր ինձ բախտ է վիճակվում ներքուստ իմ լինելու իրավունքն աղերսել Բարձրյալից, նույնիսկ՝ ինչ-որ պիտանի բաներ գրի առնելու իրավունք ստանալ, ուրեմն ամեն ինչ ուղղակի հրաշալի է։ Իսկ հետո այլ աղոթքներ են սկսվում, աղոթում ես առողջության, հաջորդ սերունդների բարեկեցության, հարազատներիդ երջանկության համար։ Վերջիվերջո, դատարկ ու մերկ գալիս ենք այս աշխարհ եւ նույն կերպ էլ հեռանում ենք։ Պարզապես հեռանալու պահին պետք է ամոթի զգացում չունենաս։

– Շատ գրողներ հիմա այս կամ այն քաղաքական դիրքորոշումն են ցուցաբերում: Եվ դա մի տեսակ նսեմացնում է գրողի դերը: Համաձա՞յն եք:

– Ի՞նչ է նշանակում գրողի համար ընդդիմադիր լինելը։ Իհարկե, գրողն իր բնույթով միշտ օպոզիցիոներ է, նա չի սիրում իշխանություններին, քանի որ իշխանական հարցերն իրենը չեն, նա իրեն բոլորովին այլ ճանապարհով է դրսեւորում։ Ճիշտ կլինի ասել՝ գրող լինել՝ արդեն իսկ իշխանություն ունենալ է նշանակում։ Սակայն չմոռանանք, որ իսկական գրողն իր իշխանությունը ապագայում է տեսնում ու չի ուզում հենց հիմա դրա ապացույցները ստանալ ու ընդհանրապես արագ-արագ ամեն ինչին տիրանալ։ Իշխանություններն անցնում ու գնում են, իսկ լավ տեքստերը դեռ որոշ ժամանակ ապրում են։ Ես ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, ու չեմ էլ ուզում դրանից գլուխ հանել, քանի որ քաղաքականությունից գարշահոտություն է փչում։ Գարշելի հոտն ընդհանրապես քաղաքականության մշտական ուղեկիցն է եղել։

– Հիմա Հայաստանում շատ դժվար է: Նկատե՞լ եք:

– Հայաստանի համար միշտ էլ դժվար է եղել։ Ես միշտ մտածել եմ, որ հայկական սփյուռքը պետք է ավելի շատ մտահոգվի իր պատմական հայրենիքի ճակատագրով, քան դա արել է մինչ այդ ու անում է հիմա։ Նույնիսկ սովետական տարիներին ինձ միշտ զարմացրել է հայկական սփյուռքի ժլատությունը։ Ընդհանրապես ոչ մի պարագայում ժլատ լինել չի կարելի։ Պետք է առատաձեռն լինել, մեծահոգի մարդու դիմաց շատ դռներ են բացվում:

– Հաճախ ենք ասում, որ երիտասարդները գիրք չեն կարդում, կոնֆորմիստ են մեծանում։ Այդպե՞ս է:

– Ի սեր Աստծո. եկեք նրանց հանգիստ թողնենք։ Երիտասարդները հաստատ ամեն ինչից ինքնուրույն գլուխ կհանեն։ Միգուցե (ծիծաղում է.- Ն.Հ.)։

– Դուք «Էրմիտաժի» տնօրեն Իոսիֆ Օրբելու մասին պատմող ֆիլմի սցենար եք գրել, որը, սակայն, ֆիլմ չդարձավ: Կինոգետ Դավիթ Մուրադյանն ասաց, որ ֆիլմի նկարահանման դեպքում` մենք անհատի ու համակարգի փոխհարաբերությունների մասին պատմող շատ լավ ֆիլմ-նախադեպ կունենայինք: Ինչո՞ւ այն չնկարահանվեց:

– Երբ գրում էի այդ սցենարը, աշխատանք չունեի եւ ուզում էի իմ մի կտոր հացը վաստակել, բայց անել դա քիչ թե շատ ազնիվ կերպով, առանց ամոթի։ Այդ սցենարը շատ կարեւոր փուլ չի եղել իմ կյանքում։ Պարզապես Ֆրունզիկ Դովլաթյանը չկարողացավ սցենարն «անցկացնել»։ Պիոտրովսկուն էլ այն դուր չեկավ։ Չգիտեմ, միգուցե այնտեղ ճշմարտության տհաճ մասնիկներ կային, որոնք անընդունելի համարվեցին: Դե` ի՞նչ արած, ճշմարտությունը ոչ բոլորին է դուր գալիս:

– Ասելով, որ պոետն ավելի է, քան պոետը, մենք հաճախ գրող մարդուն նմանեցնում ենք ուղեցույցի։ Թվում է, որ նա այնքան ազնիվ պիտի լինի, որ ճանապարհ ցույց տա մյուսներին։ Ինչո՞ւ է այդպես։

– Պոետը պոետ է, ոչ պակաս, բայց ոչ էլ ավելին։ Իսկ մարդիկ լսում են պոետների ասածը, որովհետեւ ուզում են խաբվել։ Իմ ողջ կյանքի ընթացքում ես գրել եմ մի բանի մասինգ Գրել եմ, որ մարդը միշտ ինքն իրեն խաբում է, քանի որ այդպիսին է նրա բնությունը։ Մարդը չի ուզում ինքն իրեն հավատալ, դա է հարցերի հարցը։ Իսկ այն միտքը, որ մեզ խաբում է մեր պետությունը կամ էլ մյուս մարդիկ, շատ ավելի հասարակ իրադրություն է։ Բոլորս ինքնախաբեությամբ ենք տարված, ես էլ՝ այդ թվում։ Պարզապես ես այդ մասին գրում եմ։ Իսկ գրելու պահին միշտ ենթադրում եմ, որ իմ ընթերցողն ինձանից ավելի խելացի է: Ես հարգում եմ իմ ընթերցողին, քանի որ գրողը զրո է, եթե նրա գրքին ոչ ոք ձեռք տալ չի ուզում:

– Իսկ ինչո՞ւ է մարդն ուզում խաբվել:

– Մարդը չի ուզում ինքն իրեն հավատալ, դա նրան հարկավոր չէ, նույնիսկ՝ անընդունելի է։ Վերջերս ես ձեւակերպեցի իմ, այսպես ասած, «մեսիջը». ես գրել եմ այն մասին, թե ինչպես է մարդն ինքն իրեն ստում, իսկ սովետական կամ տոտալիտար այլ համակարգերի ճնշումը երկրորդական ֆոն է։ Ես, օրինակ, երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչո՞ւ են ինձ շատ լավ հասկանում ու ընդունում Արեւմուտքում։ Եվ հենց որ ինքս ինձ համար իմ մեսիջը ձեւակերպեցի, հասկացա դա։ Որովհետեւ այդ բնությունը համամարդկային է, եւ մարդն անպայման պետք է ինքն իրեն խաբի, որպեսզի կարողանա քիչ թե շատ, մի կերպ ու մասամբ ապրել։