Բուժիչ նամակներ

21/04/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Խատուտիկը մոլախոտ չէ

Խատուտիկը սովորաբար ընդունված է համարել չարաբաստիկ մոլախոտ, որն աճում է ցանկացած պարտեզում կամ ամայի վայրում: Ցավոք սրտի, մարդիկ չգիտեն նրա բազմաթիվ օգտակար հատկությունների մասին: Բժշկության մեջ համարում են, որ այն արյունը մաքրում է բազմաթիվ թույներից, այդ պատճառով էլ օգտակար է մաշկին` ֆրունկուլիոզի ու աբսցեսների ժամանակ: Այն նաեւ շատ հարուստ է սպիտակուցներով, կալցիումով, կոբալտով ու պարունակում է շատ վիտամիններ: Խատուտիկի տերեւների հյութը լավ միզամուղ միջոց է, ընդ որում, այն նաեւ պարունակում է շատ կալիում, որը հաճախ միզելու արդյունքում օրգանիզմից դուրս է գալիս: Այս հյութը խմում են հատկապես օրգանիզմում տեղի ունեցող ջրի կանգի ժամանակ, որը հատկապես առաջանում է սրտի անբավարար աշխատանքի հետեւանքով: Միայն խատուտիկի տերեւների հյութը խմելը եթե դժվար է (դառնության պատճառով), ապա կարելի է դրան մի քիչ խառնել այլ քաղցր հյութ: Խատուտիկի հյութն ու թուրմը կարգավորում են նյութափոխանակությունը, բարձրացնում մարսողական համակարգի օրգանների տոնուսը:

Անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գդալ ծաղկի արմատ, վրան լցնել կես լիտր ջուր, եռացնել 5 րոպե, քամել եւ խմել օրական 1/3 բաժակից՝ 3 անգամ, մինչեւ ուտելը։

Արյունը մաքրելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ արմատի վրա լցնել 1բաժակ եռջուր եւ եռացնել թույլ կրակի վրա 15 րոպե, թրմել 1 ժամ, քամել, ավելացնել այնքան ջուր, որ բաժակը լցվի։ Խմել օրվա ընթացքում։ Կուրսը՝ 3 շաբաթ:

Սրտամկանի ինֆարկտի ժամանակ վերցնել 3 թեյի գդալ խատուտիկի արմատ, 4 թեյի գդալ մասուրի աղացած պտուղ, 3 թեյի գդալ դաշտային ձիաձետ (խվոսչ), 2 թեյի գդալ եգիպտացորենի թելիկներ, 5 մաս դեղին հազարատերեւուկ, 4 մաս սրոհունդ (զվերոբոյ), եւ 1 թեյի գդալ երիցուկ (ռոմաշկա) ու լավ խառնել: Այս խառնուրդից վերցնել 4 գդալ ու վրան լցնել կես լիտր եռացրած-սառեցրած ջուր, կափարիչով ծածկել, թողնելով ամբողջ գիշեր: Առավոտյան քամել եւ խմել օրվա ընթացքում 3-4 անգամ, գերադասելի է՝ ուտելուց առաջ։

Խատուտիկը շատ օգտակար է նաեւ թութքին: Երկու թեյի գդալ խատուտիկի մանրացրած արմատների վրա լցնել 1 բաժակ եռացրած-սառեցրած ջուր եւ թողնել 8 ժամ: Խմել օրական 4 անգամ՝ 1/4 բաժակ, ուտելուց առաջ։

Պետք է ասել, որ այն նաեւ սթրեսներից ձերբազատվելու լավ միջոց է: Խատուտիկի արմատները հանելուց հետո (դրանք պետք է հանել սեպտեմբերի կեսերին), չորացնել արեւի տակ, լվանալ եւ մանր կտրատել։ 1 ճաշի գդալ կտրատած արմատներին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր եւ պահել մութ տեղում։ Ստացված թուրմը կարելի է խմել օրական 3-4 անգամ, 1/4 բաժակից, ուտելուց 20 րոպե առաջ։

Խատուտիկի թարմ տերեւի հյութն օգտագործվում է սակավարյունության եւ ընդհանուր թուլության ժամանակ։ Վիտամինների պակասի դեպքում անհրաժեշտ է խատուտիկի տերեւները աղալ, քամել եւ այդ մզվածքից օրը 3 անգամ 100 գրամ խմել։

Այն կարող է թեթեւացնել նաեւ շաքարային դիաբետով տառապողների վիճակը, քանի որ այս բույսի արմատները պարունակում են մոտ 40 տոկոս ինուլին: 1 թեյի գդալ մանր կտրատված արմատները 1 բաժակ եռջրում թրմել թեյի նման մոտ 20 րոպե: Ապա քամել ու սառելուց հետո ընդունել օրվա մեջ 3-4 անգամ` բաժակի 3/4 մասով:

Քանի որ խատուտիկի բոլոր մասերը կաթնահյութ են պարունակում, ուստի այն կարելի է օգտագործել՝ նաեւ որպես մաշկը սպիտակեցնող միջոց: Կաթնահյութը կարելի է քսել պիգմենտացիոն բծերին, գորտնուկներին, չոր կոշտուկներին եւ նույնիսկ օձի կծածին:

Աղցան խատուտիկի տերեւներից

Տերեւները լավ լվանալ, թրջել աղաջրում, կտրատել, ավելացնել կտրատած կանաչ սոխ, մաղադանոս, սինձ։ Վերջում կարելի է ավելացնել խնձորի քացախ կամ կիտրոնի հյութ եւ մի քիչ ձեթ։

2 միջոց զկրտոցի դեմ

Հաճախ զկրտոցը շարունակվում է մարդուն ուժասպառ անելու աստիճան եւ նույնիսկ սարսափելի բարկացնում: Թեյի գդալով վերցնել մի քիչ մանանեխ եւ մի քիչ էլ սեղանի քացախ: Խառնել դրանք, սարքել խյուսանման զանգված, այնուհետեւ քսել լեզվի մակերեւույթին` մոտ լեզվի 1/3 մասը: Զգացողությունը մի քիչ տհաճ կլինի, բայց պետք է համբերել 2-4 րոպե, այնուհետեւ բերանը ողողել գոլ ջրով: Դուք արագ կազատվեք զկրտոցից:

Այս տհաճ իրավիճակից կազատվեք, եթե դափնեկեռասի եւ տաք ջրի խառնուրդի 15 կաթիլ ընդունեք: