«Հաղթանակ-հաղթանակ»

19/07/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Պարզվում է՝ վերջին շրջանում մեր իշխանություններն ու ընդդիմությունը
միասնական են ոչ միայն Սահմանադրական բարեփոխումների հարցում:
Զարմանալիորեն այդ միասնականությունը դրսեւորվում է այն ժամանակ, երբ
ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները միասին մասնակցում են
Հայաստանից դուրս տեղի ունեցող ինչ-որ միջազգային միջոցառման:

«Կեղտոտ սպիտակեղենը» երկրից դուրս հանելու ժամանակներն արդեն անցել են եւ
մեր ընդդիմադիրներն ու իշխանամետներն այլեւս եվրոպաներից ու ամերիկաներից
վերադառնում են իրար հետ լեզու գտած: Հայաստանի խորհրդարանականներին այս
անգամ ոգեւորել է հուլիսի 1-5-ը Վաշինգտոնում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական
վեհաժողովի 14-րդ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ
ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցը: ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի
պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե դա հայկական
խորհրդարանական դիվանագիտության հաղթանակն է, այդ պատվիրակության անդամ
Արտաշես Գեղամյանն էլ Լենմարկերի զեկույցը գնահատել է որպես
«հավասարակշռված եւ զուսպ» զեկույց: Բնականաբար, Գեղամյանը հերթական անգամ
բոցաշունչ ելույթ է ունեցել նստաշրջանում, ինչպես միշտ «շշպռել» է
ադրբեջանցի պատվիրակներին, ելույթն էլ տպագրելու է մամուլում, որ մեր
հասարակությունն իմանա, թե ով է իրականում թշնամուց պաշտպանում Հայաստանի
շահերը: Եվ ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, որ Արտաշես Գեղամյանի
համար միջազգային կառույցների նստաշրջաններում կարեւոր են ոչ այնքան
Հայաստանի վերաբերյալ հնչող զեկույցներն ու գնահատականները, որքան իր
անձնական ելույթները:

Բայց վերադառնանք Գորան Լենմարկերի զեկույցին, որն այդքան գոհացրել է մեր
խորհրդարանականներին: Իրականում Վաշինգտոնում Լենմարկերը գրեթե
նույնությամբ կրկնել է այն, ինչ վերջին տարիներին ղարաբաղյան
հակամարտության կարգավորման վերաբերյալ ասում են միջազգային կառույցները:
Իհարկե, Լենմարկերի զեկույցը կարելի է առանձնացնել որոշակի օրիգինալ
ձեւակերպումների իմաստով, սակայն բովանդակային առումով այն որեւէ
նորություն չի պարունակում: Համենայնդեպս այնպիսին, որը կարելի է
Հայաստանի համար ձեռնտու համարել: Ասենք, Լենմարկերը հայտարարել է, թե
այսօր կողմերի համար հակամարտության կարգավորման ոսկյա հնարավորություն է
ստեղծվել՝ որպես հիմք ընդունել «Հաղթանակ-հաղթանակ» հայեցակարգը, որի
դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը իրավիճակից դուրս կգան նվազագույն
կորուստներով: Սա իհարկե, շատ ընդհանուր ու վերացական ձեւակերպում է,
սակայն եթե մինչեւ այսօր Հայաստանն ընդունվում էր որպես հաղթանակած կողմ,
ապա այդպիսի հայեցակարգը ենթադրում է, որ բանակցություններում այդ
կարգավիճակը չի կարող պահպանվել: Սակայն Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ հատուկ
ներկայացուցիչն իր զեկույցում ավելի կոնկրետ սահմանումներ էլ է
արձանագրել: Մասնավորապես, Լենմարկերը հայտարարել է. «Մենք չենք կարող
թույլ տալ, որ Հարավային Կովկասում մինի-պետություններ ստեղծվեն»: Սա
նշանակում է, որ ԵԱՀԿ-ն խնդրի լուծման ցանկացած պարագայում բացառում է
Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության ճանաչումը: Այն, ինչը
ղարաբաղյան բանակցություններում Հայաստանը հայտարարում է որպես թիվ մեկ
նպատակ: Եվ չնայած այս անգամ Լենմարկերն ուղղակիորեն Հայաստանին ագրեսոր
չի անվանել, սակայն հայտարարել է, որ «Ադրբեջանական տարածքները չեն կարող
մնալ օկուպացված»: Այսինքն՝ այս զեկույցում տեղ են գտել բոլոր այն
հիմնական սկզբունքները, որոնցով միջազգային հանրությունը վերջին տարիներին
առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
բանակցություններում: Հերթական անգամ ճանաչվում է Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը եւ Ղարաբաղի անկախության կարգավիճակը համարվում է
անընդունելի: Ըստ Լենմարկերի, դա կարող է հանգեցնել բազմաթիվ բացասական
հետեւանքների: Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, այսպես
կոչված, ավանդական մոդելը կիրառելու մասին Գորան Լենմարկերի առաջարկության
իմաստն այն է, որ Ղարաբաղին տրվի բարձր ինքնավարության կարգավիճակ
Ադրբեջանի կազմում: Այն, ինչի մասին վերջերս հայտարարել էր Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիեւը:

Մի խոսքով, Գորան Լենմարկերի զեկույցում սկզբունքային առումով որեւէ նոր
բան չի արձանագրվել: Ընդ որում, պետք էլ չէր նորություն ակնկալել
Լենմարկերի զեկույցից, քանի որ ԵԱՀԿ առանձին վերցրած մեկ պաշտոնյայի
զեկույցը չէր կարող շեղվել այդ կառույցի ու միջազգային հանրության կողմից
ընդունված համընդհանուր սկզբունքներից: Ճիշտ այնպես, ինչպես մեր
խորհրդարանական դիվանագիտությունը չի տարբերվում պետական
դիվանագիտությունից: Երկուսի իմաստն էլ աշխարհում կատարվող Հայաստանի
համար ոչ բարենպաստ գործընթացները որպես դիվանագիտական հաղթանակ
ներկայացնելն է: Սակայն դա հաստատ այն հաղթանակը չէ, որ նկատի է ունեցել
Լենմարկերը՝ իր «Հաղթանակ-հաղթանակ» հայեցակարգն առաջարկելով: