Լրագրողին տուգանեցին

19/04/2009

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը վճռել է 350.000 դրամով տուգանել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Հիշեցնենք, որ Գ.Շամշյանը մեղադրվում է 2008թ. օգոստոսի 5-ին «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու` դատավոր Գագիկ Ավետիսյանին «հորթ» եւ «տխմար» բառերով դիմելու համար: Ֆոտոլրագրողը հերքում է, թե նման բառեր օգտագործել է: Այդ արտահայտությունները չկան նաեւ այդ դատավարության ձայնագրության փորձագիտական եզրակացության մեջ: Սակայն դատարանն այդ հանգամանքը հաշվի չի առել: Նախորդ դատավարության ժամանակ մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը դատարանին միջնորդել էր 500.000 դրամի տուգանք նշանակել Գ.Շամշյանի նկատմամբ, բայց դատավորը որոշեց տուգանել 350.000 դրամով: Գ.Շամշյանը դատարանում երեկ ասել է, որ այս վճիռը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում, իսկ այնտեղ չբավարարվելու դեպքում՝ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: