Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրների, վերջին օրերին Դաշնակցությունում քննարկվում է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքական կոալիցիայից դուրս գալու հարցը: Ընտրություններից առաջ ընդդիմություն խաղալու եւ կոալիցիայից դուրս գալու մասին «սպառնալիքներն», իհարկե, ՀՅԴ-ի համար վերջին տարիներին սովորական մարտավարություն է դարձել, ինչի միջոցով դաշնակցականներն ընդամենը մի քանի նախարարի ու մարզպետի հարց են լուծում: Սակայն այս անգամ, բացի կոալիցիայից դուրս գալուց, ՀՅԴ-ում քննարկում են նաեւ ընտրություններից անմիջապես հետո «Ժառանգություն» կուսակցության հետ ինչ-որ ձեւաչափով (ընդհուպ՝ մինչեւ Ազգային ժողովում երկու խմբակցությունների միավորման) համագործակցելու հարցը: Իսկ այս «պրոյեկտում» «Ժառանգության» հնարավոր մասնակցությունն առնվազն անհավանական չէ` հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կապը նույն Սփյուռքի կառույցների հետ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ականներին, ապա, ըստ նույն աղբյուրների, իրենք էլ առանձնապես խանդավառված չեն այս հեռանկարով, սակայն հայ-թուրքական հարաբերություններից հետո կուսակցության Սփյուռքի կառույցները կտրուկ պահանջել են տարանջատվել իշխանություններից: Թերեւս հենց այս համատեքստում պետք է դիտարկել ՀՅԴ-ականների վերջին շրջանի հայտարարությունները` Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությունը չբացառելու վերաբերյալ: Մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը մի քանի օր առաջ նույնիսկ հայտարարել էր, թե չի բացառվում իրենց համագործակցությունը նույնիսկ Հայ Ազգային կոնգրեսի հետ: Իհարկե, սա չի նշանակում, թե ամեն ինչ հենց այսպես էլ ընթանալու է: Ամենեւին բացառված չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման «շոուի» ավարտից հետո (եթե դա տեղի ունենա մինչեւ մայիսի 31-ը) ՀՅԴ-ն եւս մի քանի փոխնախարարի պորտֆելի դիմաց շարունակի «սատարել երկրի կայունությանը»: Մինչեւ հաջորդ որեւէ ընտրություն: