Էրդողանը ոչ լրագրող է, ոչ էլ ընտրության առաջնորդ, նա ՄԱԿ-ի ամբիոնից շատ պատասխանատու հայտարարություն է արել` ասելով, թե ցանկանում է Հայաստանը տեսնել որպես բռնազավթված տարածք: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա` այս պարագայում անգամ չի գործում ֆուտբոլային (սպորտային) դիվանագիտությունը, որը արդյունավետ է եղել ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերություններում, քանի որ նրանց դեպքում ամեն ինչ եղել է սիմետրիկ հարթությունում: Մինչդեռ հայ-թուրքական հարաբերություններում, ըստ «Ժառանգության» առաջնորդի, ամեն ինչ ասիմետրիկ է: «Կամ պետք է առաջ գնալ, կամ ժամանակն է, որ ազգային բոլոր հարցերը տետ ա տետ դրվի օրակարգում»,- հայտարարեց նա` ավելացնելով, որ ինքը որեւէ աթոռի կամ պաշտոնի համար կռիվ չի տալիս: Նման ձգտում, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ինքը չի ունեցել անգամ 18 տարի առաջ, երբ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Թեեւ այն ժամանակ էլ, ինչպես այսօր, լուրեր տարածվեցին, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է հեռանալ երկրից: «Այն ժամանակ էլ էին ասում` Րաֆֆի նավերնո վերնյոտսյա վ Ամերիկու: Հիմա էլ են ասում»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը` հերքելով վերջին շրջանում քննարկվող այն խոսակցությունները, թե Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ինքը պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Վերջինս նշեց, որ ոչ թե հեռանալու է երկրից, պատրաստվում է մասնակցել մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին որպես ՀՀ քաղաքացի: Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հիշեց նաեւ Հայաստանի բոլոր երեք նախագահներին: «Մինչ այսօր բոլոր ընտրությունները եղել են դե ֆակտո: Հայաստանում դե յուրե ընտրությունների միջոցով իշխանության հարց չէ լուծված: Թեկնածուները պետք է ընտրությունից հետո ձեռք մեկնեն իրար, եւ հայոց ժողովրդավարական մեքենան ընթանա առաջ»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը` նկատելով, որ այս երեւույթը հայ ընտրողը երբեւէ չի տեսել: Իսկ ի պատասխան հարցին` ընտրական հանձնաժողովներում ունեցած տեղերը «Ժառանգությունը» կտրամադրի՞ ընդդիմությանը` Հայ Ազգային կոնգրեսին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «Ժառանգության» վարչության որոշումը չի կարող մեկնաբանել:
Առաջիկա ընտրությունները, Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, պետք է լինեն ազատ եւ համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին: Իհարկե, Ր. Հովհաննիսյանը չասաց, թե ինչպես է դա պատկերացնում: «Այն, ինչ ընտրության միջոցով չվաստակվեց, անհրաժեշտ է, անմիջական քայլերով անել` ներքաղաքական, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների, ժողովրդավարական ինստիտուտների վերականգնման ուղղությամբ»,- ասաց «Ժառանգության» հիմնադիրը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում ներկայումս կատարվող գործընթացներին եւ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության արդեն շարքային պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Որպես պետություն, որպես երկիր, որպես ազգ, մենք միշտ աչալրջորեն հետեւել ենք այդ քաղաքական լուծումներին, որտեղ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրի կրկնության վտանգը կա: Այս վտանգի ուրվագծերն արդեն երեւում են, եւ Հայաստանը պետք է ապագայում քայլեր կատարի այս շատ գեղեցիկ մատուցված պատկերը քանդելու ուղղությամբ, բայց ոչ թե խոսքերով, այլ գործերով»: Ըստ նրա` մինչեւ այդ հարցերը չլուծվեն, մինչեւ Հայաստանը չհաղթահարի այդ պահը, օրինականության տանող ճանապարհին չենք էլ մոտենա: Եվ ամենակարեւորը՝ այդ դեպքում չի լինի որեւէ մեկը, որ իր վրա կվերցնի պատասխանատվությունը: «Ակնկալում եմ, որ Հայաստանի իշխանությունը վերջապես հասկանա պահի լրջությունը եւ այն իրավական հանրային մանդատը, որ նա չստացավ ընտրությունների միջոցով, գոնե իր քայլերի միջոցով կարողանա փաստարկի, որ ինքը ներկայացնում է հայ ժողովրդի քաղաքացիական զանգվածի եւ ազգի շահերը: Ես կարծում եմ, որ պահը մոտեցել է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` կրկին անդրադառնալով Հայաստան կատարած Թուրքիայի վարչապետ Ալի Բաբաջանի այցին: Այս համատեքստում «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ ինքը տեղյակ չէ դիվանագիտական օրակարգի մասին: Սակայն բանախոսին զարմացնում է այն, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, թե բանակցությունների ընթացքում չեն քննարկվելու ո՛չ ցեղասպանության հարցը, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի հարցը: «Հայաստանը պետք է ունենա իր ներքին հասարակական պաշարը, որ կարողանա դժվարին այս շրջանում առաջ տանել: Բայց միայն Ադրբեջանը չէ, այլ Ռուսիան, Թուրքիան իրենց շահերի հետապնդումն են անում, ինչը պետք է անենք նաեւ մենք»,- նշեց «Ժառանգության» հիմնադիրը: