Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ լսում էր քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի գործով դատակոչված հերթական վկաների ցուցմունքները:
Հիշեցնենք, որ այս գործով անցնում են 15 վկաներ, որոնցից երեքը դատարանին ցուցմունքներ են տվել ապրիլի 15-ին: Հաջորդ չորս վկաները` Գագիկ Ավդալյանը, Վարուժան Մելիքյանը, Լեւոն Ենգիբարյանը եւ Սուսաննա Գալստյանը, դատարանի, մեղադրողների, պաշտպանների ու քաղբանտարկյալների հարցերին պատասխանեցին երեկ: Ինչպես նախորդ դատաքննության ժամանակ, այս անգամ նույնպես վկաների հարցաքննությունն առանց սկանդալի չավարտվեց: Գ.Ավդալյանը հայտարարեց, որ նախաքննության ժամանակ իրեն ծեծելով ստիպել են կեղծ ցուցմունքներ գրել: Հիշեցնենք, որ վկաների առաջին խմբում իշխանությունները ներդրել էին հոգեկան խանգարում ունեցող Սամվել Գասպարյանին, ով պնդում էր, թե մարտի 1-ի երեկոյան Ազատության հրապարակում վրաններ է տեսել, իսկ Մյասնիկյանի արձանի մոտ լսել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ալեքսանդր Արզումանյանի ելույթները: Իսկ երբ Ա.Արզումանյանի պաշտպանը հարցեր ուղղելուց հետո հայտարարեց թե «այս անձնավորությունը գործակալ է», Ս.Գասպարյանը ուղղակիորեն ասաց. «Ասում է՝ գործակալ է, բա չաշխատե՞մ»:
Երեկ էլ դատակոչված վկա Սուսաննա Գալստյանը պնդում էր, որ Մյասնիկյանի արձանի մոտից տեսել է, թե ինչ է կատարվում Մաշտոցի պողոտայում, Պարոնյան եւ Լեո փողոցներում: Մյուս բոլոր հարցերին վկան նույն պատասխանն էր տալիս` «Չեմ հիշում»: Նա նույնիսկ չկարողացավ հիշել, թե ե՞րբ է տեսել Ալեքսանդր Արզումանյանին, ինչպե՞ս է մարտի 1-ին հայտնվել Մյասնիկյանի արձանի մոտ: Ս.Գալստյանը միայն պնդում էր, որ իր նախաքննական ցուցմունքը գրել է անձամբ` առանց ճնշումների ազդեցության: Տիկին Գալստյանը, սակայն, դատարանում ասաց, որ առողջական խնդիրներ ունի: Ա.Արզումանյանը հարցերի միջոցով երկար ժամանակ փորձում էր վերականգնել վկայի հիշողությունը, բայց իզուր: «Դուք հիմա 20 րոպե կտանջվեք ու կգնաք կհանգստանաք, բայց ես արդեն 1 տարուց ավելի է՝ ձեր ցուցմունքների պատճառով բանտում եմ, հասկանո՞ւմ եք»,- հայտարարեց քաղբանտարկյալը եւ մեղադրող կողմին ու դատավորին առաջարկեց հիշողություն ունեցող վկաներ դատակոչել:
Մյուս վկան` Գ.Ավդալյանը, պատմեց, որ մարտի 1-ին իրեն տարել են Ոստիկանության 6-րդ վարչություն եւ ծեծելով ստիպել են կեղծ ցուցմունքներ գրել: «Ասում էին` գրի, որ Վանոյի Ճուտը (խոսքը Սուրեն Սիրունյանի մասին է) 2 հազար դրամ է բաժանում Ազատության հրապարակում»,- պատմում էր վկան: Գ.Ավդալյանին 2 օր պահել են 6-րդ վարչությունում եւ հարցաքննելուց հետո բաց են թողել: Վկան երեկ հայտարարեց, թե իրեն ցուցմունքը թելադրում էր քննիչը: Նա այդ օրերին 3 անգամ է ծեծի ենթարկվել ոստիկանների կողմից. առաջինը՝ լուսաբացին Ազատության հրապարակում, այնուհետեւ` Մյասնիկյանի արձանի մոտից բերման ենթարկվելու ընթացքում եւ Ոստիկանության 6-րդ վարչությունում: «Մեզ 5 րոպե անգամ չէին թողնում հանգիստ նստեինք եւ գոնե մի հատ ծխեինք: Քննիչը ասեց, որ եթե չգրեմ այն, ինչ ասում է` վատ կլինի: Այդ ընթացքում բացեց դուռը, եւ այնտեղ հայտնվեցին մասկաներով մարդիկ: Ինչ էր լինելու` արդեն պարզ էր»,- պատմում էր վկան:
Դատարանում, սակայն, պարզվեց, որ Գ.Ավդալյանի անունից գրված երկու ցուցմունք կա, մինչդեռ վկան պնդեց, որ իրեն մեկ անգամ են հարցաքննել: Գ.Ավդալյանը նաեւ հայտարարեց, որ ինքը մասնակցել է նախագահական ընտրություններից առաջ եւ անցած տարվա փետրվարի 20-ից հետո կայացած հանրահավաքներին: Իսկ մարտի 1-ին ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը նրան ցուցում է տվել` շրջել տարածքում եւ վերահսկել, որպեսզի սադրիչները անկարգություններ չկազմակերպեն եւ բախումներ չհրահրեն: Նշենք, որ Գ. Ավդալյանը խնամիական կապ ունի Մ.Մալխասյանի հետ: Նրա խոսքերով` նախաքննության մարմինն իրենից փորձում էր ցուցմունք կորզել այն մասին, թե ինքը մարտի 1-ին Մալխասյանի հրահանգներն է կատարել:
«Մենք Ոստիկանության «Վիլիսն» էինք պահում, որ չջարդեն»,- ասաց վկան: Գ.Ավդալյանը Ալ. Արզումանյանի եւ Ս. Սիրունյանի հետ կապված որեւէ բան չպատմեց, միայն հաստատեց, որ ինքը չի տեսել Ալ. Արզումանյանին, ոչ էլ լսել է, որ Ս.Սիրունյանը փող է բաժանում: Նրա խոսքերով, իրեն 6-րդ վարչությունում այնպես են ծեծել, որ երկու ամիս բուժվել է: Գ. Ավդալյանը նաեւ ասաց, որ այդ կեղծ ցուցմունքները կորզելուց հետո էլ Ոստիկանությունից իրեն մշտապես հետապնդել են, եղել են իրենց տանը, սպառնացել են, եւ առաջին անգամ է դատարանում կամ նմանատիպ այլ վայրում պատմում իր նկատմամբ ոստիկանների կատարած գործողությունների, իրականացրած ծեծ ու ջարդի մասին: Մյուս երկու վկաները` Վ.Մելիքյանն ու Լ.Ենգիբարյանը դատարանում հայտարարեցին, թե Ա.Արզումանյանն իրենց խնդրել է Օպերայի հարակից տարածքում փետրվարի 23-ին կամ 24-ին բնակարան վարձել, որպեսզի հանրահավաքների ժամանակ կարողանան որոշ ժամանակով գնալ հանգստանալու: Իսկ վկա Աշոտ Հայրապետյանը մի կերպ էր ոտքի վրա կանգնում: Մ.Մարտիրոսյանը նրան չհարցաքննեց, որովհետեւ անձը հաստատող փաստաթուղթ չուներ: Երեկ դատարան չէր ներկայացել վկա Լիանա Մելքոնյանը: Դատական հաջորդ նիստը, այսինքն` մյուս վկաների հարցաքննությունը տեղի կունենա ապրիլի 20-ին: