Թեկնածուների մարաթոն

19/07/2005

Վերջերս համառ լուրեր էին տարածվել, թե «Ազգային Միաբանություն»
կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը պատրաստվում է աշնանը կայանալիք
ՏԻՄ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը Կենտրոն համայնքում:
Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Ա. Գեղամյանը հերքեց այն՝
վստահեցնելով, որ թաղապետի պաշտոնն իր «մակարդակից ցածր է»: Հիշեցնենք, որ
սեպտեմբերի 18-ին տեղի կունենան Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն եւ Էրեբունի
համայնքների ընտրությունները, իսկ սեպտեմբերի 25-ին՝ երկու ամենակարեւոր
ու վճռորոշ՝ Կենտրոն եւ Արաբկիր համայնքների: Եթե Կենտրոն համայնքում
առայժմ որպես հիմնական թեկնածու շրջանառվում է միայն գործող թաղապետ Գագիկ
Բեգլարյանի անունը, ապա Արաբկիրում արդեն իսկ այսօր հավանական
թեկնածուները մի քանիսն են: Թեկնածուների «խայտաբղետությունը» ենթադրում
է, որ այս համայնքում թեժ պայքար է լինելու, որտեղ ցանկացած քաղաքական ուժ
փորձելու է իր թեկնածուին անցկացնել՝ Արաբկիր համայնքը համարելով բավական
լուրջ ռեսուրս հետագա ընտրությունների համար: Արաբկիրում որպես լուրջ
մրցակից է դիտարկվում գործարար Հովհաննես Շահինյանը, որի թեկնածությունը
պաշտպանում են ՀՀԿ-ն, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբակցությունը, որն Ընտրական
նոր օրենսգրքով իր տեղն ունի ընտրական հանձնաժողովներում, մի շարք ազդեցիկ
գործարարներ, ինչպես նաեւ՝ ընդդիմադիր քաղաքական ուժեր: ՄԱԿ-ը, ինչպես
հայտնի է, նույնպես թեկնածու ունի, որին «լավ թեկնածու» դարձնելու համար,
ըստ մեր աղբյուրների, պատրաստվում է լուրջ գումարներ ծախսել։ Ի դեպ, ՄԱԿ-ը
նախորդ ընտրություններում պաշտպանում էր Արաբկիրի գործող թաղապետին, որի
դեմ այսօր արդեն նոր թեկնածու է բերում: Չմոռանանք նշել, որ ՄԱԿ-ի նախկին
թեկնածու եւ գործող թաղապետ Լեւոն Հարությունյանը հավակնում է այս անգամ
էլ առաջադրել իր թեկնածությունը. այս անգամ արդեն պարզ չէ, թե ով եւ որ
քաղաքական ուժն է պաշտպանելու նրան:

Կ.Ք.

Հ.Գ. Հայաստանի համայնքների միությունը երեկ մամլո
հաղորդագրություն էր տարածել, որով ՀՀ կառավարությանն ու մարզպետարաններին
կոչ էր անում ՏԻՄ ընտրությունների մեկ միասնական օր նշանակել`
պատճառաբանելով, թե մարզ առ մարզ ընտրություններ անցկացնելու գաղափարը
կդժվարացնի նաեւ դիտորդական առաքելության իրականացումը: