ԼՂ-ն հայ-թուրքական բանակցությունների առարկա է

19/04/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Թուրքական եւ հայկական կողմերի հայտարարությունները համադրելով` եզրակացնում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը

Երեկ «Գոլդն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ԱԺ պատգամավորներ, նախկին նախարարներ, տարբեր քաղաքական գործիչներ: Այնտեղ էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի, պատգամավոր Վոլոդյա Բադալյանը եւ այլք: Թե հատկապես ինչն է «անավարտ» համարում Վ. Օսկանյանը, երեկվա ասուլիսում չմանրամասնեց: Փոխարենը՝ անդրադարձավ հիմնականում հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին, մասնավորապես նրան, որ չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կոշտ հայտարարություններին, ՀՀ իշխանությունները շարունակում են բավական լավատեսական հայտարարություններ անել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ սահմանի բացման հնարավորությունների մասին, Վ. Օսկանյանն ասաց. «Այո, ինձ համար վերջերս մի քիչ անհասկանալի սկսեց դառնալ իրավիճակը: Մինչ այդ եւ՛ հայկական, եւ՛ թուրքական հայտարարությունները քիչ թե շատ համահունչ էին, եւ բոլորը, կարծեք, լավատեսական էին: Եվ ես, իրոք, եկել էի այն եզրակացության, որ ինչ-որ մի բան կատարվում է, թեեւ միշտ իմ կասկածանքն ունեցել եմ` հիմնվելով իմ 10 տարվա փորձի վրա: Բայց այս վերջին իրավիճակն ինձ շփոթության մեջ է դրել»։ Ըստ Վ. Օսկանյանի, մի կողմից՝ Էրդողանն ու Գյուլը կտրուկ հայտարարում են, որ մինչեւ ԼՂՀ հարցը չկարգավորվի՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվի եւ սահմանը չի բացվի, մյուս կողմից՝ հայկական կողմն ասում է, թե բանակցություններում «շարունակվում է առաջընթաց արձանագրվել»: «Եթե այս երկուսը մենք կողք կողքի դնենք, կարծում եմ` շատ մտահոգիչ պատկեր է պարզվում մեր առաջ, որ, արդյո՞ք, նաեւ ԼՂՀ-ն հայ-թուրքական հարաբերությունների առարկա է: Որովհետեւ, երբ թուրքական կողմն ասում է, որ միայն ԼՂՀ հարցի կարգավորումից հետո կլինի հարաբերությունների բարելավում, իսկ հայկական կողմն ասում է, որ առաջընթաց ենք արձանագրում, խնդրեմ, այս երկուսը կողք կողքի դրեք եւ կտեսնեք, որ այդպիսի բան կա»,- ասում է նախկին արտգործնախարարը` ավելացնելով, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի սահմանը բացվի, սակայն «անելու ձեւը, մոտեցումը պետք է լինի այնպես, որ այս գործընթացի ժամանակ հայկական կողմը չտուժի»: «Այսօր տարբերությունն իմ ժամանակահատվածի` հայ-թուրքական հարաբերությունների շուրջ կայանում է հենց մոտեցումների մեջ»,- հայտարարեց նա: Օսկանյանի խոսքով` այն ժամանակ այդ հարաբերությունները հրապարակային չէին, բայց բովանդակությունը նույնն էր, իսկ այսօր` բովանդակությունը նույնը մնալով, հրապարակային են դարձել: «Երբ հայ-թուրքական երկխոսությունը հրապարակային ես դարձնում, թուրքերը միշտ դրանից օգտվում են, որովհետեւ ունեն ցեղասպանության, ԵՄ-ին անդամակցելու, Ադրբեջանի հետ բարեկամության խնդիր: Այնպես որ` այստեղ հրապարակայնությունը, եթե սա երկար թողնեն` օգուտ մեզ չէ: Ամեն օր, որ անցնում է, եւ սահմանը չի բացվում, եւ հայ-թուրքական հարաբերությունները չեն նորմալացել, իմ գնահատմամբ` Թուրքիան դիվանագիտականորեն ավելի բարենպաստ վիճակում է, քան հայկական կողմը: Այն պահին, երբ սահմանը կբացվի, մենք էլ կսկսենք դիվիդենտներ ունենալ, բայց այստեղ հարց է ծագում` դա ե՞րբ կլինի: Այդ հաշվարկը մերը չէ, մեզ համար հիմա հեշտ է կողքից նայել եւ նման խնդիր բարձրացնել: Բայց իշխանությունները պատասխանատվություն ունեն` այս հարցին ճիշտ պատասխանելու, որովհետեւ ժամանակը նման երկխոսության ընթացքում հայկական կողմի օգտին չի աշխատում,- ասում է Օսկանյանը` իշխանություններին առաջարկելով,- Դրա պատասխանը շատ հստակ է. հայկական կողմը պետք է թուրքերի առջեւ հստակ ժամկետ դնի` եթե այսինչ օրը, այսինչ ժամին ստորագրում ենք, սահմանը բացվում է` լավ, եթե ոչ` եկեք այդ օրվանից ընդհատենք բանակցությունները… Բայց այսպես թողնել, որպեսզի ինչ-որ ժամանակ թուրքերն ասեն, որ դա ԼՂՀ-ի հետ է կապված, մենք էլ ասենք, թե առաջընթաց ենք արձանագրում, թուրքերն էլ ամերիկացիներին, եվրոպացիներին ասեն, որ` նայեք, հայերն ասում են` առաջընթաց կա, մենք էլ ենք ասում, որ դուք ցեղասպանությանը մի միջամտեք, ու նաեւ ինչ-որ տեղ ասեն, թե` մենք հայերի հետ ամեն ինչ համաձայնեցրել ենք, այսինքն` հենց ԼՂՀ հարցում հայերը զիջումներ անեն՝ մենք կստորագրենք փաստաթուղթը, փաստորեն կարող է արդեն ԼՂՀ հարցով էլ ՀՀ-ի վրա սկսվի ճնշում գալ»: Նախկին արտգործնախարարի կարծիքով, թուրքերը կարող են ամերիկացիներին ասել, թե նման կարեւորագույն հարցերում իրենք հայերի հետ համաձայնության են եկել, եւ միակ «խոչընդոտը ԼՂՀ հիմնահարցն է»: «Եվ հավատացեք, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոպան կմտածեն, որ` հա, ինչ կա որ` միգուցե արժե սա փաթեթով լուծել, քանի այստեղ երկկողմ խնդիրները կարգավորվել են: Հատկապես, որ Մինսկի գործընթացը հիմա ահագին առաջ է գնացել, եւ ադրբեջանցիները չեն պնդում, որ ամբողջական լինի լուծումը, սա վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել ՀՀ-ի համար: Ես սա իմ փորձից եմ ասում: Փաստաթուղթը չստորագրված շահարկելը` շատ հեշտ բան է, ես անձամբ շատ եմ արել»,- հայտարարեց նա։

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել էր, թե մայիս-հունիս ամիսներին կարող է բեկում արձանագրվել ԼՂ հարցի լուծման բանակցային գործընթացում, եւ, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահներն ուսումնասիրում են միմյանց դիրքորոշումներն ու այն «ցավալի զիջումները», որոնց գնալու են: Բրայզան ասել էր նաեւ, թե` «մենք պայմանավորվել ենք կենտրոնանալ հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցման վրա», որն իր մեջ ներառում է նաեւ ԼՂ հարակից շրջանների ու փախստականների վերադարձ: Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ երեկ Վ. Օսկանյանն ասաց. «Դժվարանում եմ ասել… սկզբունքները կան, սեղանի վրա են, երկուստեք ասում են, որ ուզում են առաջնորդվել այդ սկզբունքներով, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանը նաեւ մեկընդմեջ հայտարարություններ է անում եւ նախապայմաններ է դնում, որ նախ պետք է այս-այս-այս արվեն, որ հետո կարգավիճակի հարցին անդրադառնան: Ես կարող եմ ասել, որ եթե իմ իմացած նույն սկզբունքներն են, ապա այնտեղ այդպիսի տարբերակումներ չկան: Կիրառման եւ պայմանագրի իրականացման հերթականությունը կարող է ժամանակացույց ունենալ, բայց որ համաձայնությունը եւ ստորագրությունն իր մեջ պետք է ներառի բոլոր սկզբունքները` դա միանշանակ է: Խիստ կասկածում եմ, որ այսօր ինչ-որ բան է փոխվել այդ ուղղությամբ»:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման շրջանակներում որպես նախապայման դրվի ԼՂՀ բանակցություններում Թուրքիային որպես միջորդ ներգրավելու հարցը, Վ. Օսկանյանը պատասխանեց. «Ես շատ վտանգավոր եմ համարում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ԼՂՀ հարցի հետ կապելը: Ամեն ինչ պետք է անել դրանից խուափելու համար` ոչ միայն իրական կյանքում` գործնականորեն, այլեւ ընկալումների առումով: Եթե դա արվելու է, այնպես չի արվելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ՛ թուրքական հարցն են դնելու, եւ՛ ԼՂ-ի: Ո՛չ: Սա կարող է զուգահեռ ինչ-որ պրոցես լինել: Բայց քանի որ այդ խմբում կա եւ՛ ռուսական, եւ՛ ամերիկյան, եւ՛ ֆրանսիական կողմը` կարող է արագացնեն, եւ այնտեղ ինչ-որ շեշտադրումների փոփոխություն լինի: Այսինքն` ինչ-որ մեկի համար այդ երկուսը սկսվի դիտարկվել զուգահեռ գործընթաց: Սրա մեջ եմ ես վտանգ տեսնում, ամեն կերպ պետք է այս երկուսը տարանջատել»: Լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ասուլիսում հայտարարել էր, թե անկախ նրանից, թե ինչ արդյունք կլինի «ֆուտբոլային դիվանագիտությունից», Հայաստանն ավելի ուժեղացած է դուրս գալու այս իրավիճակից, Վ. Օսկանյանը պատասխանեց. «Ես էլ կուզենամ, որ դա իսկապես այդպես լինի: Երեւի նախագահն ինչ-որ բան գիտի, ինչ-որ հաշվարկներ է արել: Դա հենց այն հարցերից մեկն է, որ պետք է ժամանակ տալ»: Ըստ Վ. Օսկանյանի` հայ-թուրքական բանակցությունները պետք է կոնֆիդենցիալ լինեն, ինչպես եղել են իր պաշտոնավարման ժամանակ: Նրա գնահատմամբ` եթե նույնիսկ 10 տոկոս կասկած լինի, որ թուրքերին հետաքրքրում է ոչ թե արդյունքը, այլ` գործընթացը, ապա Հայաստանը պետք է պնդի, որպեսզի այդ բանակցությունները կոնֆիդենցիալ լինեն: «Թուրքերի անկեղծությունը կերեւա միայն գաղտնի բանակցություններում: Թուրքիայի շահերն իրոք պահանջում է, որպեսզի սահմանը բացվի, բայց կշռի մյուս մասն էլ կա` ադրբեջանական կողմի ճնշումը»,- ասում է Օսկանյանը: