Այժմ դրական է

19/04/2009

«Այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում հայ-թուրքական սահմանների բացման հավանականությանը, նախկինում կարելի էր միայն ենթադրություններ անել: Կար միայն մի տարբերակ, համաձայն որի՝ Ռուսաստանը դրան առանց ջղագրգռության է նայում»,- day.az-ին տված հարցազրույցում ասել է Հետխորհրդային տարածքում քաղաքական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը: Սակայն, ըստ նրա` այժմ, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը ողջունում է այդ գործընթացը, հարկավոր է միանշանակ ընդունել, որ դա այդպես է: Հարցին, թե ՌԴ-ում ո՞ր ուժերը կարող են դեմ լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Կարավաեւը պատասխանել է. «Դեռեւս խորհրդային ժամանակներից հասկանալի էր, որ Ռուսաստանի համար Անդրկովկասում միակ հակառակորդը ՆԱՏՕ-ի անդամ-երկիր Թուրքիան էր: Այդ իսկ պատճառով բնական է, որ Ռուսաստանի ռազմական շրջանակներում որոշակի լարվածություն կա հայ-թուրքական սահմանների բացման հարցում: Սակայն իրական քաղաքականության մակարդակի վրա այն դեռեւս ոչ մի կերպ չի անդրադառնում: Հետեւաբար, եթե ամփոփենք ասվածը, ապա հարկավոր է նշել, որ, ընդհանուր առմամբ, հայ-թուրքական սահմանների բացման հնարավորության հանդեպ Ռուսաստանի ունեցած դիրքորոշումը բավական դրական է»: