Ընդունել է

19/04/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հանրապետության նախագահի փոխանցմամբ` նիստի արդյունքները «կնպաստեն կազմակերպության ամրապնդմանը եւ անդամ-երկրների փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը»: Ըստ Ն. Բորդյուժայի` քննարկումներն անցել են փոխըմբռնման մթնոլորտում եւ հարցերը հիմնականում վերաբերել են միջազգային անվտանգության արդի խնդիրներին, կազմակերպության անդամ երկրների միջեւ արտաքին քաղաքականության համադրմանը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ փոխգործակցության հիմնական ուղղություններին: Նախապատրաստված փաստաթղթերի փաթեթը կներկայացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հունիսին կայանալիք գագաթաժողովի հաստատմանը:

Ի դեպ, ըստ հաղորդագրության` կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի, արդյունավետ գործունեությունը, ինչին ի պատասխան՝ Ս. Սարգսյանն ասել է, թե ՀԱՊԿ շրջանակում արտաքին քաղաքականության համակարգման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ արտահայտվում են կոնկրետ դրսեւորումներով: