Կարեն Դեմիրճյանը 77 տարեկան է

19/04/2009

Երեկ լրացավ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում զոհված Կարեն Դեմիրճյանի ծննդյան 77-ամյակը: Եվ այդ կապակցությամբ Կոմիտասի պանթեոնում էին նրա հարազատները, ընկերներն ու համակիրները: «10 տարի է անցել, այսօր նա ընդամենը 77 տարեկան էր դառնալու»,- ամուսնու շիրմի մոտ կանգնած` ասում էր Ռիմա Դեմիրճյանը: Պանթեոն էր եկել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի զոհերից Վազգեն Սարգսյանի եղբայրը` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա վստահ է` զոհերի հարազատների վիշտը կարող է թեթեւանալ միայն մի դեպքում. եթե պատասխանատվության ենթարկվեն «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները. «Ես Վազգենի ծննդյան օրն էլ ասացի, որ նրա հիշատակը հարգելու լավագույն տարբերակը «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտելն է: Նույնն ասում եմ նաեւ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը»: Երեկ Պանթեոնում էին նաեւ քաղաքական գործիչներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սուրեն Աբրահամյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը: Այնտեղ էին Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը եւ այլք: