Իրենց մասնագիտական տոնի առիթով հայ ոստիկաններից ոմանք, հարցազրույցներ տալիս, նշում էին, թե իրենց մասնագիտությունն ընտրելիս վստահ են եղել, որ ընտրում են ռոմանտիկ մի աշխատանք: Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում ռոմանտիզմն իր տեղը զիջել է ռեալիզմին, ավելի ուշ՝ արդեն չոր պրագմատիզմին: Այնպես որ, Ոստիկանության օրը երկրի առաջին դեմքերի կողմից ոստիկաններին տրվող շքանշաններն ու ասվող անուշ խոսքերը, նրանց պատվին կազմակերպված տոնական համերգը որեւէ կերպ չեն կարող ազդել ոստիկանների մասին ունեցած մեր պատկերացումների վրա. Իսկ դրանք ավելի քան դառն են:
Իրո՞ք այդքան ազնիվ ու անկաշառ են մեր ոստիկանները, ինչպես նրանց ներկայացնում են ժամանակակից կոմպոզիտորներն` իրենց ստեղծագործություններում: Իրո՞ք իրենց այնքան ապահով ու վստահ են զգում ոստիկաններին իրենց երգերով գովերգող աստղերը: Նրանք` գուցե: Սակայն բավական է ծանոթանալ հատկապես հնչեղ սպանությունների, հանցագործությունների, միջկլանային ծեծուջարդի քրեական քրոնիկային, եւ ամեն տեղ կհանդիպես նույն նախադասությանը, որը կրկնում են գրեթե բոլոր տուժողները կամ, որն այլեւս չեն կարող կրկնել տուժողները, քանի որ արդեն հասցրել են մահանալ ստացած վնասվածքներից. «Շտապ ահազանգեցինք ոստիկաններին, բայց նրանք եկան միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտվել էր»: Դժվար է հաշվել, թե քանի սպանություն կարող էր կանխվել, եթե ոստիկանները հարգեին իրենց կոչումը եւ քաջություն ունենային ժամանակին դեպքի վայր գալով` կանխել հերթական ոճրագործությունը:
Հիշենք «Օդնոկլասսնիկի» սրճարանի հայտնի միջադեպը, երբ, ըստ գործով վկա, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի տնօրեն Արթուր Սահակյանի՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահների կազմակերպած ծեծուջարդից առաջ ինքն ահազանգել է ոստիկաններին, սակայն նրանք եկել են միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված էր, իսկ դեպքի վայրում արդեն կար մեկ անմեղ զոհ:
Պատմության խորքեր չգնալու համար հիշենք տակավին օրեր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունը՝ համաձայն որի` ապրիլի լույս 10-ի գիշերը հինգ երիտասարդներ ապօրինի բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին եւ այնտեղ խոշտանգվել: Ըստ այդմ. «Արսեն Մ.-ի դեմքին, վերջույթներին, ձախ ուսագլխին եւ որովայնի շրջանում առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, որի կապակցությամբ վերջինս հայտնել է, թե դրանք առաջացել են Ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն բաժին բերման ենթարկելու ժամանակ ծեծի հետեւանքով»: Ի դեպ, Օմբուդսմենը նաեւ իր տարակուսանքն է հայտնել ՄԻ պաշտպանի գրասենյակի աշխատակիցների նկատմամբ ոստիկանների անհարգալից վերաբերմունքի կապակցությամբ:
Որքան սառնասիրտ են գործում օլիգարխների թիկնապահները` սրա-նրա մռութը ջարդելիս, որքան ապահով են զգում իրենց բարձրաստիճան պաշտոնյաների զավակները՝ զենք կիրառելիս կամ խուլիգանություն անելիս, քանի որ վստահ են՝ ոստիկանները գործին չեն միջամտի նախեւառաջ սեփական անվտանգության նկատառումներից: Ինչպես, ասենք, ապրիլի 4-ին` Արտաշատում տեղի ունեցած հայտնի միջադեպի ժամանակ: Առհասարակ, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների զավակների` բազմաթիվ անմեղ մարդկանց ծեծուջարդերի, ավտոմատային կրակահերթերի մասին մանրամասն տեղեկատվություն ոստիկանական ամփոփագրերում չեք գտնի: Նման դեպքերը հանրության սեփականություն են դառնում բացառապես լրագրողների միջոցով:
Ոստիկանության աշխատանքի տարօրինակ պասիվության մասին վկայություններ փնտրելն ամենեւին էլ բարդ չէ: Պատահական ընտրությամբ կարելի է բացել ցանկացած թերթի ինտերնետային կայք, եւ կհանդիպեք բազմաթիվ հաղորդագրությունների: Մենք ինքներս նման էքսպերիմենտ արեցինք: Բացեցինք 2008թ. մայիսի 27-ի մամուլի ինտերնետային կայքը: Ահա. «Գիշերը Թամանյանի արձանի մոտ գտնվող «Սանտա ֆե» սրճարանի հարեւանությամբ հերթական վիճաբանությունն էր, ընդ որում` մինչեւ առավոտյան ժամը չորսը: Սրճարանի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչները լսել են ծեծկռտուքի, միմյանց հետ հաշիվ մաքրողների ճիչերը, առավոտյան սրճարանի մոտ անգամ արյուն է թափված եղել, սակայն Ոստիկանության հաղորդագրությունների մեջ այս մասին որեւէ հիշատակություն չկա»:
Տարտամ կասկածներ ունենք, որ մեր ոստիկանները խաղաղ ու անվրդով քունը, ամենայն հավանականությամբ, նախընտրում են գիշերային ժամերի վտանգավոր եւ ձանձրալի ծառայությունից: Վկան` վերջին աղմկահարույց դեպքը, երբ երիտասարդների «Միասին» շարժումը նախաձեռնել էր կաշառակեր դասախոսների նկարներն ամենուր փակցնելու ակցիան: Ի՞նչ պատասխանեցին ոստիկանները ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի հարցադրմանը` ինչպե՞ս է, որ ոստիկաններն անմիջապես նկատում ու առգրավում են ընդդիմության ակտիվիստների փակցրած թռուցիկները, իսկ այս լայնամասշտաբ ակցիան այդքան աննկատ է եղել ոստիկանների համար: Ոստիկանության ղեկավարներն այսպես արձագանքեցին` լուսանկարները փակցվել են գիշերով, հետեւաբար՝ ոստիկանները չէին կարող նկատել:
Փոխարենը, խմբերով զբոսնող եւ ռետինե մահակներով զինված ոստրկանների կարելի է հանդիպել մթնշաղին` խաղաղ բնակչության շրջանում, հատկապես Հյուսիսային պողոտայում` խաղաղ զբոսանքները ցրելիս: Ցուցարարների, ընդդիմության ներկայացուցիչների հետ ոստիկանները զարմանալիորեն խիզախ են, նրանց ցրելու գործում` ջանասեր: Խաղաղ, անպաշտպան եւ ըմբոստ մարդկանց կարելի է առանց ավելորդ գլխացավանքի քշել այստեղից այնտեղ, նվաստացնել, առանց խնայելու հարվածել, հատկապես, որ դրա համար մասնագիտական տոնին կարելի է անգամ շքանշան ստանալ անձամբ երկրի նախագահի կամ վարչապետի ձեռքից: Իսկ երեկոյան լիաթոք ուրախանալ արդեն մասնագիտական տոնի կապակցությամբ կազմակերպված համերգին, ուր այնքա՜ն ծիծաղեցնում է Աշոտ Ղազարյանը…