10-13-րդ դարերում կառուցված Հաղարծնի եկեղեցական համալիրն այսօր վերանորոգվում է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Շարժայի շեյխի հովանավորությամբ: 2007թ. ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Խալիֆա Շահին ալ-Մրրիին (նստավայրը` Թեհրան)` հանդիպեց ՀՀ իշխանությունների հետ` երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման եւ գործնական քայլեր կատարելու նպատակով:
ՀՀ կառավարության կողմից առաջարկ եղավ Հայ-էմիրաթական միջկառավարական (միջպետական) հանձնաժողով ստեղծել: Քննարկվել էր նաեւ «Արփա-Սեւան ջրատարի ներդրումային ծրագրին» Աբու-Դաբի Զարգացման հիմնադրամի կողմից 10 մլն ԱՄՆ դոլար վարկ հատկացնելուն վերաբերող հարցեր: Աբու Դաբի Հիմնադրամը, համաձայն իր կանոնադրության, ֆինանսավորում է ծրագրերի առավելագույնս 50 տոկոսը: Այդ իսկ պատճառով նախատեսվել էր ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը վարկավորել 10 մլն-ով: Մինչ այդ, 2006թ. Շարժայի էմիր, շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմին Հայաստան կատարած այցի արդյունքում որոշել էր Հաղարծին եկեղեցական համալիրի վերանորոգման մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի ծրագիր իրականացնել:
Շեյխի կողմից եկեղեցական համալիրի վերանորոգման փաստը Դիլիջանի Հաղարծին գյուղում ընդունում են առանց ոգեւորության: Ի դեպ, բնակիչներն ասում են, որ արաբ շեյխը վերականգնում է իրենց վանքը, որովհետեւ այն շատ էր դուր եկել իր սիրած աղջկան: Սիրահարված արաբ մեծահարուստն էլ, որպես նվեր, նրան խոստացել էր վերականգնել վանքը: Այլ մանրամասներ` վերանորոգման ընթացքի եւ ժամկետների մասին` գյուղի բնակիչները չէին իմանում: «Պատկերացնո՞ւմ եք, քրիստոնյայի վանքը վերանորոգում է մուսուլմանը: Մարդ էնքան հարուստ լինի, որ իր սիրած աղջկա ամեն մի խնդրանքը կատարի»,- ասում է գյուղի երիտասարդ տղաներից մեկը:
Շարժայի էմիր, շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ նրան դիմավորելու էր գնացել նաեւ Տավուշի մարզի Գուգարաց թեմի փոխառաջնորդ հայր Սասունը: «Մի քանի տարի առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Շարժա էր գնացել: Այնտեղ մենք մեծ հայկական համայնք ունենք: Դրանից հետո էլ այն ժամանակ փոխվարչապետը Հովիկ Աբրահամյանն էր: Հենց նա էլ հրավիրեց շեյխին: Ու քանի որ ես արաբերեն գիտեի, ես գնացի նրան դիմավորելու»,- պատմում է հայր Սասունը: Իսկ ծրագրի շրջանակներում նախատեսված էր նաեւ այցելություն դեպի Սեւան, Դիլիջան: Ըստ Գուգարաց թեմի փոխառաջնորդի` մուսուլմանը Սեւանով այդքան էլ չէր տպավորվել: Այդ պատճառով էլ մեծահարուստ օտարերկրացուն ուղեկցում են դեպի Դիլիջան, այնուհետեւ` Հաղարծնի վանք: Այստեղ էլ մուսուլմանը, վանքի մոտ տեսնելով ծառից կախված թաշկինակները, հարցնում է քրիստոնյա հոգեւորականին, թե ի՞նչ է խորհրդանշում այն: Հոգեւորականը պատասխանում է, որ դրանով մարդիկ Աստծուն խնդրում են կատարել իրենց երազանքները: Շեյխը հետաքրքրվում է, թե ինչո՞ւ այդ մարդիկ վանքի ներսում չեն աղոթում: «Հետո ես շեյխին ուղեկցեցի դեպի վանք: Այստեղ նրան խնդրեցի լսել քարերի ձայնը: Նա տպավորվել էր: Սակայն վանքը գտնվում էր շատ անբարեկարգ վիճակում: Երբ դուրս եկանք վանքից, նա ասաց, որ ինքը կվերանորոգի այն»,- այսօր հիշում է հայր Սասունը: Վերջինս դեռեւս չի մոռացել նաեւ այն, որ խորհրդային տարիներին Հաղարծինի վանքը «ծառայում» էր որպես անասունների կացարան: Ավելի ուշ վանահայրերի կացարանում բնակվում էին մարդիկ, ովքեր տարիներ հետո լքեցին կացարանը, որտեղ ապրելու համար արդեն պայմաններ չկային: Այս մասին, իհարկե, շեյխին չեն պատմել, սակայն վանքն իր ճարտարապետական տեսքով գրավել է հյուրի ուշադրությունը: Մուհամմադ ալՔասիմիի մեկնելուց հետո վանքն իր տեսքը պահպանեց եւս երեք տարի, որից հետո միայն սկսեցին վերականգնել այն: «Վանքն իր պատմական տեսքին են բերում` վերանորոգվում են հարթաքանդակները, մուտքերը: Քարերը, որոնք ընտրվել են` հին են: Այն, անշուշտ, չի կորցնելու իր նախկին տեսքը»,- նշում է հոգեւոր հայրը: Հաղարծնի բնակիչները չեն հավատում, թե չի փոխվի վանքի ճարտարապետական նախկին տեսքը։ «Մեր վանքը եվրառեմոնտ են անում: Բա ի՞նչ: Հիմա տենց ա Հայաստանում»,- ասում են նրանք: Ընդ որում, այս փաստի կապակցությամբ բնակիչներն ավելի շատ վիրավորված են ՀՀ իշխանություններից, եկեղեցականներից, քան անհանգստացած: Նրանց համար անընդունելին այն է, որ վանքը վերականգնվում է մուսուլմանի հովանավորչությամբ: Հաղարծինցիներն անտարբեր են նաեւ վանքի շինարարական աշխատանքների հանդեպ, որն, ի դեպ, նախատեսված է ավարտել այս տարեվերջին: