Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ իրենց տարածքում Եվրամիության դիտորդների ներկայության կարիքը չունեն: «Ես հաստատում եմ, որ Եվրամիության առաքելությունն առայժմ Աբխազիայում անելիք չունի, որովհետեւ մեզ մոտ գործում են ՄԱԿ-ի դիտորդներն ու առաքելությունները: Մեզ համար դա լիովին բավարար է»,- ասել է Բաղապշը: Ըստ նրա` Աբխազիան «զգուշավորությամբ» է վերաբերվում այն ամենին, ինչ առնչվում է Եվրամիության դիտորդներին այն դիրքորոշման պատճառով, որ Եվրամիությունը որդեգրել է նրա կողմից չճանաչված հանրապետության նկատմամբ: «Ռազմական իրադրությանը հարկավոր է հետեւել այնտեղ, որտեղից վերջին 20 տարում ագրեսիա է ծավալվում»,- հավելել է Բաղապշը` նկատի ունենալով հարեւան Վրաստանը: