Շվարցենեգերն ու հայերը

19/04/2009

Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն ապրիլի 19-26-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր»: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը: Ա. Շվարցենեգերի ուղերձում մասնավորապես ասված է, որ 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալվել են Կ. Պոլսի հայ համայնքի ավելի քան 200 մտավորականներ, եւ նրանցից շատերը մահապատժի են ենթարկվել: Դրանից հետո սկսվել է հայ ժողովրդի սարսափելի, շարունակական սպանություններն ու տեղահանությունները, որը տեւել է մինչեւ 1923 թվականը: Այդ տարիների ընթացքում Օսմանյան Կայսրության կառավարության կողմից սպանվել է 1.5 մլն հայ, իսկ 500 հազարից ավելին` արտաքսվել հայրենիքից: Նշենք, որ ապրիլի 19-26-ը «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր» ճանաչելու մասին օրենքը Կալիֆոռնիայի նահանգապետն ընդունել էր չորս տարի առաջ: