Այս հոդվածի նպատակը, ինչպես եւ «168 Ժամ» թերթում տպագրված նախորդ հոդվածներինը, հասարակությանն ու իշխանություններին զգուշացնելն է, որ բարձրագոչ եւ գեղեցիկ կարգախոսները խնդիրներ չեն լուծում, այլ ավելի են խորացնում դրանք: Այսօր Երեւանում համաժողով է նախապատրաստվում, որը հավաքելու է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ճարտարապետներին: Այս համաժողովը հերթական փուչ շոո՞ւն է դառնալու, թե՞ ավելի լուրջ մի բան կլինի, քան հայրենի հողի վրա բարձրացրած բաժակները:
Անկախության այս բոլոր տարիներին անպտուղ փորձեր են ձեռնարկվել հավաքելու գործարարներին (անհատական պայմանավորվածությունները սկզբում հաջողություն ունեին, իսկ հետո դրանք մարեցին գողությունների եւ տնտեսական գզվռտոցի պատճառով), բանկիրներին (բառացիորեն վերջերս ուզում էին համահայկական բանկ ստեղծել. «հանճարեղ» մտքերը մեր ղեկավարների գլխում ծագում են միանգամայն անպատեհ պահի), որպեսզի բարձրաստիճան պաշտոնյան կարողանա հեշտությամբ փող աշխատել` խաբելով մերձավոր ու հեռավոր արտասահմանից եկած հարուստ մարդկանց այս կամ այն խմբին: Հայաստանում իրենց կրած ֆինանսական կորուստների մասին մի անգամ չէ, որ ինձ ասել են այդպիսի համաժողովների մասնակիցները Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից…: Կամ վերցնենք մշակույթի գործիչներին. ի՞նչ արժե, օրինակ, բացարձակապես անիմաստ հորինված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը, որի մասին բազմիցս գրել եմ:
Ես չեմ ուզում, որ այս համաժողովը եւս ֆիկցիա դառնա: Չէ՞ որ ամեն անգամ ձեւական կարգախոսներն ու պրոֆեսիոնալների ոչ ճիշտ ընտրությունը արժեզրկում են հայերի միավորման գաղափարը: Կուզենայի, որ նույն սխալները չկրկնվեն, առավել եւս, երբ խոսքը Երեւանի քաղաքային միջավայրի, Հայաստանի մյուս քաղաքների մասին է, որտեղ մենք ապրում ենք, որտեղ մեծանում են մեր երեխաները: Հենց այս պատճառով է, որ ուզում եմ այս համաժողովի մասին խոսել մինչ նրա կայանալը: Ես` որպես մի մարդ, որին հուզում է քաղաքի մշակութային միջավայրի խնդիրը (մի անգամ չէ, որ ես գրել եմ կամ հարցազրույց տվել Երեւանի մասին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան մամուլում), ուզում եմ վստահ լինել, որ համաժողովում խոսվելու է ոչ թե առանձին ճարտարապետների անձնական շահերից, այլ դա լինելու է շահագրգիռ զրույց քաղաքային ճարտարապետության, մշակութային միջավայրի, համաշխարհային ճարտարապետության զարգացման ուղիների եւ մեր դասականների ազգային նվաճումների հետ դրա սինթեզի մասին:
Եվ այսպես, ողջ աշխարհի հայ ճարտարապետները պետք է հավաքվեն Երեւանում: Ի՞նչ նպատակներ են հետապնդում համաժողովի կազմակերպիչները` փորձի փոխանակմա՞ն, թե՞ Հայաստանում եւ, առաջին հերթին՝ Երեւանում, վերջին 10-20 կամ էլ 90 տարիներին արվածը վերլուծելու: Թե՞ այս հանդիպումը արտասահմանի հայ ճարտարապետներին կամ ստեղծագործական խմբերին առաջարկելու է (իհարկե, որոշակի օգուտ քաղելով) նախագծել որոշ օբյեկտներ: Իսկ միգուցե այս ամենը բոլորի աչքին «թոզ փչելու» համա՞ր է:
Մենք գիտենք 20-50-ականների ճարտարապետների հաջող փորձի մասին: Թող որ երեւանցու ականջին խորթ չհնչի «ստալինյան Երեւան» արտահայտությունը. այն կարող էր դառնալ համաշխարհային ճարտարապետության հուշարձան: Բայց մենք այդ Երեւանը պարզապես աղավաղեցինք: Ըստ էության, խոսքը քաղաքաշինության հիմնարար հարցերին է վերաբերում, նրա կոմպոզիցիոն, աշխարհընկալման, ֆունկցիոնալության չափանիշներին: Սրա մեջ են մտնում Երեւանի, մեր մյուս քաղաքների ճարտարապետական լավագույն համալիրները: Օրինակ` Հանրապետության հրապարակի նման գլուխգործոցին մեր նոր ճարտարապետները էական վնաս հասցրին` փչացնելով նրա ողջ վերին ուրվագիծը նոր բազմահարկ անդեմ շենքերով, որոնք բացարձակ չեն համապատասխանում հրապարակի ոչ ոճին, ոչ կոմպոզիցիային: Օպերայի շենքը ստորացուցիչ դրության մեջ է հայտնվել երեւանյան բարդ միջավայրին չհամապատասխանող ժամանակակից շինությունների պատճառով: Յուրաքանչյուր ճարտարապետ գիտի, որ ինչ որ ինքն է անում ուրիշի ճարտարապետության հետ, վաղ թե ուշ անելու են իր նախագծերի հետ: Շատ հաճախ մեծամտությունն ու մակերեսային հաջողությունները թույլ չեն տալիս հասկանալու պարզ բաներ` որ սա մեր երկիրն է ու մեր քաղաքը, ասել է թե` պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն ժամանակակիցների, այլեւ հետագա սերունդների վրա: Չէ՞ որ վարկաբեկված անունը պատմությունից չես ջնջի: Անհնարին է միջակությանը դարձնել նշանավոր անձ, ինչպիսի սողանցքներ էլ որ թողնեն այսօրվա իշխանություններն ու իրականությունը: Չկա սեր, չկա ճիշտ գնահատական անցյալի վարպետների գործերի նկատմամբ, կա միայն պաշտոն ստանալու, հողատարածք ձեռք բերելու, սեփական անդեմ շինությունները կառուցելու անկուշտ շահախնդրություն: Բայց ամեն ինչ մի օր ավարտվում է: Մեծությունը ինքն իրեն պահպանում է միշտ: Ուշադրություն դարձրեք Անիի մայր տաճարին. նրանից շատ քիչ բան է պահպանվել, բայց մենք բոլորս բացարձակ համոզված ենք, որ այն մի օր լիովին վերականգնվելու է, քանի որ անհնարին է ոչնչացնել գլուխգործոցը: Եվ ընդհակառակը, ամեն միջակ, անդեմ բան վաղ թե ուշ քանդելու են, ինչպիսի ամուր բետոնե հիմք էլ որ ունենա: Այս ամենի մասին բազմիցս խոսվել է: Բայց խոսվելո՞ւ է արդյոք այս մասին հայ ճարտարապետների համաժողովում: Եվ ո՞վ է գալու: Ու ի՞նչ է ուզենալու տեսնել հայրենիքում: Իսկ նրանց մեջ կլինեն նաեւ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, եւ նրանց հուզական տոնուսը միանգամայն այլ է լինելու… Միայն առանձին մարդիկ կարող են տեսնել ու հասկանալ, թե ինչ է կատարվում: Ու ցանկություն կունենա՞ն արդյոք որեւէ սկզբունքային բան ասելու:
Քննարկվելո՞ւ է, արդյոք, Երեւանի ու Հայաստանի մյուս քաղաքների զարգացման աշխարհայացքային կոնցեպցիան, այսինքն` թե զարգացման ի՞նչ ուղի պետք է ընտրել մեր քաղաքների համար: Եվ ինչպիսի՞ն պետք է լինեն սահմանամերձ քաղաքները, որոնք ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն ինչպես այսօր, այնպես էլ ապագայի համար: Թող որ այդ հարցերը փակ քննարկվեն, սակայն հասարակությունը պետք է իմանա, որ այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով, որ մենք պաշտպանում ենք մեր դիրքերը նաեւ այս կարեւոր հարցերում, եւ պետք է համոզված լինենք, որ իշխանությունները տարածքներ չեն հանձնի: Իսկ սա նախ եւ առաջ կարող է դիպչել երկրի քաղաքացիների կենցաղին, ինչը չափազանց կարեւոր է, քանզի խորհրդային տարիներին ազգի կենսակերպը միանգամայն այլ իմաստ ուներ: Այն ժամանակվա կայսրությունը մտածում էր այլ չափանիշներով եւ ուրիշ աշխարհաքաղաքական իրավիճակում: Հնարավո՞ր է, արդյոք, հայկական քաղաքների եւ առաջին հերթին Երեւանի «ամերիկանացումը», եւ ի՞նչ ժամկետներում: Ի՞նչ գնահատականի կարժանանան Երեւանի` 60-80-ականներին կառուցված ծայրամասային շրջանները:
Խորհրդային Հայաստանի մեծ քաղաքաշինարարներն ու ճարտարապետները կանգնած էին ժամանակակից Երեւանի, մյուս քաղաքների ակունքներում: Նրանք հայրենիք էին եկել իսկապես ստեղծագործելու համար եւ իրենց ողջ տաղանդն ու անսահման սերը դրել Հայաստանի վերածննդի գործում: Չենք կարող չհիշատակել մեր մեծ ճարտարապետներին` Թամանյանին ու Բունիաթյանին, Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Գ.Տեր-Մելիքովին, որի գլուխգործոցները մնացել են Հայաստանի սահմաններից դուրս, ոչ այնքան հայտնի Գ.Չիսլիեւին, որի` Գյումրիում կառուցված բանավանը չափազանց հետաքրքիր ճարտարապետական հուշարձան է կոնստրուկտիվիզմի ոճով: Նշենք նաեւ Քոչարին, Մազմանյանին, Հալաբյանին ու մյուսներին` կոնստրուկտիվիզմի ոճով իսկական գլուխգործոցների հեղինակներին: Մեզ համար շատ ամոթ է, բայց նշենք, որ ադրբեջանցիները բավականին լավ ինտերնետային կայք են ստեղծել Բաքվում կոնստրուկտիվիզմի մասին, որտեղ տեղադրել են նաեւ Տեր-Մելիքովի գործերը, այդ թվում՝ եւ ռուսական մոդեռնի ոճով կառուցված Օպերայի շենքը: Կամ ուրիշ օրինակ. այսօրվա Պետերբուրգի Կիրովի շրջանում կա կոնստրուկտիվիզմի «կղզյակ»` 20-րդ դարի 20-30-ականների սկզբին նախագծված բանվորական ավան եւ մի քանի շինություններ (ի դեպ, հեղինակներից մեկը Արմեն Բարութչյանն է), եւ ամեն տարի Լոնդոնից երիտասարդ ճարտարապետների խումբ է գալիս դրանք ուսումնասիրելու: Իսկ մենք ոչինչ չենք արել մերը պրոպագանդելու համար, դեռ ավելին, շատ բան ենք արել եղածը ոչնչացնելու ուղղությամբ:
Մենք հաճախ ենք արդարացիորեն խոսում, որ հայոց քաղաքները ոչնչացվել են կամ մնացել Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում… Սակայն վերջին 70-80 տարիներին կառուցվել էր իր ոճն ունեցող հայոց մայրաքաղաք, որը ճանաչելի էր աշխարհի հարյուրավոր քաղաքների մեջ: Այնտեղ ներդրված էր հայ ժողովրդի միտքը, մշակույթն ու կամքը: Ձեւավորվել էր ազգային մտածողության կարեւոր բաղադրիչը` քաղաքաշինության ավանդույթը: Մենք իրավունք ունենք հպարտանալու հայ ճարտարապետների արվեստով` սկսած Տեր-Մելիքովից ու Թամանյանից, Քոչարից, Մազմանյանից, Հալաբյանից մինչեւ Ռ.Իսրայելյանը, Թարխանյանն ու մյուս` մեծատառով Վարպետները: Նրանք անգնահատելի ավանդ ունեն մեր ազգային մշակույթի, ինչպես նաեւ՝ 20-րդ դարի ճարտարապետության մեջ ընդհանրապես` որոշակի բարոմետր դառնալով Միսս Վան Դեռ Ռոեի, Գրոպիուսի, Վեսնին եղբայրների, Ռայթի, Սաարինենի եւ Աալտոյի կոնցեպցիաներին զուգահեռ: Նրանց մասին, ովքեր այսօր ողջ են, կխոսենք ավելի ուշ. նրանց ստեղծագործությունը դեռ շարժման մեջ է:
Այսօր լրիվ այլ ժամանակներ են: Ճարտարապետությունը նոր վերելք է ապրում (տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացումը վճռորոշ դեր խաղացին ճարտարապետական միջավայրի նոր ընկալման մեջ), եւ մեզ համար հետաքրքիր կլիներ, թե ինչպես է հայ ճարտարապետական միտքն ընկալում 21-րդ դարի ձեռքբերումները, ինչպես նաեւ՝ մարդուն, քաղաքային միջավայրն ու բնությունը: Եվ ի՞նչ պետք է հասկանալ այս վերջին երեք բաղադրիչների տակ: Ու ինչ ասել է՝ հայկական շենք եւ ինչպիսին այն պետք է լինի: Չէ՞ որ այն ամենն, ինչ այսօր կառուցվում է Երեւանում, բնակարաններ են: Իսկ մենք կուզենայինք իմանալ, թե ինչպես է այսօրվա հայն ուզում կազմակերպել իր կյանքը: Կուզենայի մի շարք, հարցեր առաջ քաշել եւ լսել դրանց պատասխանները տարբեր աշխարհայացք ու տարբեր ոճ ունեցող հայ ճարտարապետներից: Այսպիսի համաժողովն արդյունավետ կլիներ բոլորի համար…