Տրամագծորեն հակադիր կարծիքներ

19/07/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Եվ քաղաքական «բանավեճերի» հիմնական թեման էլ այն էր, թե Հայաստանը
միանգամից եւ ամբողջովի՞ն պետք է տրվի Ռուսաստանին, թե՞ ասենք փուլային
տարբերակով: Սակայն վերջին 1,5-2 տարիներին ԱՊՀ երկրներում իրար հաջորդող
«գունավոր հեղափոխությունները» կարծես թե մոռացության են մատնում
հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Համենայն դեպս, արդեն որոշ
քաղաքական ուժեր ու բազմաթիվ գործիչներ, առանց վախենալու, որ կարժանանան
ազգի դավաճանի տիտղոսին, սկսել են բարձրաձայնել Հայաստանի` ՆԱՏՕ-ին
անդամակցության ու ՀՀ-ից ռուսական ռազմաբազաների դուրսբերման
անհրաժեշտության մասին (նրանց մի մասի կարծիքները ներկայացրել էինք նախորդ
համարում): Այս հարցում իշխանամետ կուսակցությունների դիրքորոշումները
նկատելի փոփոխությունների չեն ենթարկվել: Իշխող կոալիցիայի ներկայացուցիչ,
ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ-ից ռուսական
ռազմաբազաները հանելու անհրաժեշտություն չի տեսնում: Իր այս կարծիքը պրն
Սահակյանը հիմնավորում է նրանով, որ Հայաստանն ու Ռուսաստանը բավականին
լուրջ ռազմավարական գործընկերներ են, եւ Հայաստանն էլ շրջափակված է
այնպիսի հարեւաններով, որ տարածաշրջանում հավասարակշռություն ապահովելու
խնդիր ունի: Իսկ օրինակ ՀՀՇ-ում նման խնդիր չեն տեսնում: Մեզ հետ
զրույցում ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը կարծիք
հայտնեց, որ այդ հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը մեր
երկրի համար լուրջ հետեւանքներ է ունենալու: Պրն Հովակիմյանի համոզմամբ՝
Հայաստանը որքան հնարավոր է արագ պետք է դուրս գա Հավաքական անվտանգության
պայմանագրի կազմակերպությունից, գոնե դիտորդի կարգավիճակով մտնի ՎՈՒԱՄ-ի
մեջ եւ ապագայում փորձի շատ արագ ինտեգրվել Եվրոատլանտյան դաշինքին: Իսկ
ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում, ըստ նրա, խոչընդոտում է թե՛
հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, թե՛ Լեռնային Ղարաբաղի
խնդրի կարգավորմանը, եւ ընդհանրապես այդ զորքերը չափազանց դեստրուկտիվ դեր
են խաղում ու պետք է դուրս բերվեն Հայաստանից: «Դրանք ոչ թե անվտանգության
երաշխիք են, այլ` ընդհակառակը»,- պնդում է ՀՀՇ փոխնախագահը: Եվ այդ
առումով ՀՀՇ-ն միանշանակ ողջունում է ՆԱՏՕ-ի ղեկավարության վերջերս արված
այն հայտարարությունը, որ եթե ՀՀ իշխանությունները բարձրացնեն Հայաստանից
ռուսական ռազմաբազաները հանելու հարցը, ապա ՆԱՏՕ-ն այդ հարցում կաջակցի
նրանց: Իսկ ահա Գ. Սահակյանը կարծում է, որ դա ՆԱՏՕ-ի կողմից վերաբերմունք
է Հայաստանի նկատմամբ եւ, ըստ նրա, բնականաբար ՆԱՏՕ-ի համար այնքան էլ
հաճելի չէ, որ Հայաստանում ռուսական զորքեր կան: «Բայց դա չի նշանակում,
որ ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ի շրջանակներում գործող պետությունները պետք է խառնվեն
Հայաստան պետության ներքին եւ արտաքին քաղաքականության խնդիրներին»,-
ավելացնում է պրն Սահակյանը: Վերջինիս խոսքերով` մեր
փոխհարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ գնալով ծավալվում են, եւ Ռուսաստանի,
ռուսական զորքի ու ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը քաղաքական
տեսակետից որեւէ խնդիր չի առաջացնում: Իսկ Հայաստանի եւ Թուրքիայի
փոխհարաբերությունների ուղիները, Գ. Սահակյանի կարծիքով, պետք է այլ տեղ
փնտրել, եւ ոչ թե հայ-ռուսական հարաբերություններում: Անդրադառնալով
Վրաստանից դուրս բերվող ռուսական ռազմաբազաների զինտեխնիկայի մի մասի
Հայաստան տեղափոխելու փաստին` Գ. Սահակյանը կարծիք հայտնեց, որ դրանով
ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազաներում ոչ թե զինտեխնիկայի ավելացում է
տեղի ունենում, քանի որ, ըստ նրա, չի փոփոխվում ի սկզբանե մեր կողմից
ընդունված չափաբաժինը, այլ փաստորեն նորացվում է եղած զինտեխնիկան։
«Զինտեխնիկայի նորացման, նոր կարգեր մշակելու խնդիրներ կան»,- ասում է պրն
Սահակյանը: Իսկ Վրաստանից Հայաստան բերվող զինտեխնիկայի` մետաղի ջարդոն
լինելու մասին խոսակցությունները Գ. Սահակյանը համարում է
զազրախոսություն, որովհետեւ մետաղի ջարդոնն այլ նպատակով են օգտագործում:
ՀՀՇ փոխնախագահ Ա. Հովակիմյանն էլ, խոսելով զինտեխնիկայի վերոնշյալ
տեղափոխության մասին, համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանային
համագործակցության համար չափազանց վտանգավոր պրոցես է տեղի ունենում: Նրա
խոսքերով` այդ փաստը եւս մեկ անգամ Հարավային Կովկասում խախտում է
բալանսը. «Առանց այդ էլ Հայաստանն այսօր տարածաշրջանային որեւէ ծրագրի մեջ
չկա»,- ավելացնում է նա: