Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ստեղծագործական միություններում աշխույժ վեճեր են ծագում։ Այդ վեճերը ստեղծագործական կոնտեքստից դուրս են, դրանք ավելի շուտ սեփական տեղն ու կարեւորությունը որոշելու շուրջ են ծավալվում ու հաճախ շատ զավեշտալի ընթացք են ստանում։ Տարբեր միությունների տարբեր անդամներն իրենց միությունների ընդերքում ընդդիմություն են ձեւավորում ու ցանկանում պայքարի մեջ մտնել ղեկավարներին գահընկեց անելու համար: Նման փորձ արեցին նկարիչները (ապարդյուն), պատրաստվում են անել գրողները (ով գիտե` ի՞նչ կլինի), իրենց մարտական տրամադրության մասին վերջերս հայտնեցին նաեւ կոմպոզիտորները: Սպասվում են նաեւ կինեմատոգրաֆիստների ընդվզումները: Իսկ Թատերական գործիչների միությունն ամեն պատեհ ու անպատեհ առիթն օգտագործելով` հայտնում է, որ իրենց մոտ ամեն ինչ խաղաղ ու բարվոք է, սակայն ճիշտ հակառակ էֆեկտ է ստացվում: Գրեթե բոլոր միությունների ընդդիմադիր անդամները (գրող Ռազմիկ Դավոյանը, կոմպոզիտորներ Լեւոն Չաուշյանն ու Արամ Սաթյանը, նկարիչներ Արա Շիրազն ու Արմեն Աթանյանը) պնդում են, որ միությունների նախագահները չեն ցանկանում ժողովներ անցկացնել ու վախենում են ինչ-որ բան փոխել իրենց աշխատաոճում: Ռ. Դավոյանն օրերս այդ կապակցությամբ ասաց. «Եթե գրական կյանք գոյություն չունի, ուրեմն ԳՄ-ի գոյությունը դառնում է անհեթեթություն: Ինչ մակարդակի վրա ստեղծագործական միության ղեկավարությունն է, նույն մակարդակի էլ գործունեություն է ծավալում: Այսինքն` սեփական «շուկայի» հաշիվներ են գնում: Նախագահը 8 տարի է, մխրճվել է աթոռի մեջ իր մագիլներով ու չի ուզում հեռանալ»: Կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը սրտնեղել էր, որ Կոմպոզիտորների միության անդամները միմյանց հաջողություններով չեն ուրախանում, «միասին չեն նշում Նոր տարին, մարտի 8-ը»: Նկարիչ Ա. Աթանյանը մեղադրում էր Նկարիչների միության նախագահին` կանոնադրությունը գաղտնի փոփոխելու ու նախագահելու իր իրավունքն անօրինական երկարաձգելու մեջ: Հասկանալի է, որ միությունների դերը վաղուց արդեն մշուշոտ ու անհասկանալի է, եւ ինչպես կասեր ՀՀ Մշակույթի նախարարը` «հստակեցման կարիք ունի»: Բոլորն էլ լավ հասկանում են, որ միության կառույցը ֆինանսական աղբյուրի ու կազմակերպչական կենտրոնի դեր խաղալ չի կարող, քանի որ միությունները պետության կողմից ստեղծած միավորներ են ու պետք է մեկ ընդհանուր գաղափարախոսության «սպասարկողը» լինեն: Մեծ գաղափարախոսություն այլեւս չկա, եւ վերացել է միություններից արվեստի «պրոդուկտ» գնելու ու քարոզելու ավանդույթը: Ժամանակին ԽՍՀՄ-ը ստեղծել էր միությունները, որպեսզի արվեստի մարդիկ սովից չմեռնեն, ինչ-որ տեղ անպայման գրանցված լինեն (այլապես ձրիակերներ կհամարվեն) ու որոշակի արտոնություններ ձեռք բերեն (անվճար ուղեգրեր, աշխատավարձի հավելավճար կամ զեղչով բուժում): Փոխարենը՝ պետությունը ստեղծագործ մարդուն պատվերներ էր տալիս ու նրանից կտավ, սիմֆոնիա, ֆիլմ կամ նախագիծ էր գնում:
Սակայն արդեն երկու տասնամյակ է՝ պետությունը ստեղծագործողից «գրանցում» չի պահանջում ու գնորդի դերով հանդես չի գալիս: Պրոդյուսերի, իմպրեսարիոյի կամ արվեստի գործակալի դերը կատարում են մասնավոր գալերեաները, մասնավոր ստուդիաները, հիմնադրամներն ու անհատները:
Միությունները չունեն նաեւ արհմիություններին հատուկ ֆունկցիաներ, այսինքն` չեն բարձրաձայնում ստեղծագործ մարդկանց ապրուստի խնդիրներն ու չեն պաշտպանում նրանց իրավունքները: Մերթ ընդ մերթ հնչող ցանկությունները զուտ դեկլարատիվ բնույթ են կրում ու ոչ ոք դրանց ականջ չի դնում (առավելեւս` պետությունը): Ոչ մի միություն իր բողոքը կամ իր պրոֆեսիոնալ եզրակացությունը չի հայտնել, ասենք, իր անդամների ստեղծած աշխատանքի սխալ օգտագործման ու հեղինակային իրավունքների խախտման դեպքերի կապակցությամբ չի փորձել դատարան դիմել ու հատուցում կորզել, թեեւ բոլորն անկասկած զգում են օրենքով ամրագրված մտավոր սեփականության պաշտպանության թերի կատարումը: Ուրեմն ի՞նչ կարելի է սպասել միություններից, ու ինչպիսի՞ ֆունկցիաներ նրանք պիտի ունենան այսօր: Արդյո՞ք նրանք պիտի միայն դահլիճներ ու սրահներ տրամադրեն միջպետական ցուցահանդեսների համար ու դեմքի լուրջ արտահայտությամբ ցուցահանդեսների կամ փառատոների բացմանը ներկա լինեն: Միգուցե դա էլ է հերիք, եթե միությունները որոշակի հավաքատեղիի, ակումբի, յուրատեսակ հանդիպման վայրի պակասն են լրացնում ու վերջիվերջո հագեցնում եn նույն մասնագիտությունն ունեցող մարդկանց շփման ծարավը: Սակայն մեզ մոտ ոչ մի միության տարածք նման հավաքատեղի չի դարձել, ամենուրեք նույն գորշ մթնոլորտն ու բրեժնեւյան տարիներից մնացած կահույքն է: Հերիք է, օրինակ, անցնել Լրագրողների միության լուռ ու անհրապույր միջանցքներով կամ այցելել նիրհող Կոմպոզիտորների միություն՝ հասկանալու համար, որ այստեղ մարդիկ շատ հազվադեպ են մուտք գործում:
Նախկին Խորհրդային Միության տարածքում գոյատեւող շատ ստեղծագործական միություններ համոզված են, որ իրենք կարող են նոր դերակատարություն ստանալ ու պաշտպանել իրենց անդամներին չինովնիկական թելադրանքից, քանի որ ստեղծագործ մարդու համար ամենասարսափելին վարչական պաշտոն ունեցող մարդկանց միջամտությունն է: Եվ որպեսզի միության ներսում ազատ ու իսկապես ստեղծագործ մթնոլորտ լինի, հաճախ հարկ է լինում անհատին պաշտպանել պետությունից: Սակայն Հայաստանում հակառակ պատկերն է. բոլոր միությունները հլու-հնազանդ կատարում են չինովնիկների (եւ ոչ միայն մշակութային չինովնիկների) հրահանգները: Կարելի է մի հռետորական հարց հնչեցնել` իսկ որտե՞ղ էր Ճարտարապետների միության պրոֆեսիոնալ կարծիքը, երբ քանդվում ու վերաձեւվում էր Երեւանի արտաքին տեսքը: Կամ էլ` ինչո՞ւ Կոմպոզիտորների միությունը երբեք չի փորձել ազդել պետական երաժշտական ռազմավարության վրա՝ գոնե պետական հովանավորություն ունեցող հեռուստաալիքների եթերի միջոցով: Բոլոր հայաստանյան միությունների ղեկավարներն անկասկած շատ լավ հասկանում են սեփական անպիտանելիությունը, քանի որ իրական ճահճում են հայտնվել, լավագույն դեպքում ուղեգրեր են բաժանում կամ միության շենքերը վարձակալության տալով` գումար են վաստակում: Շենքի տերը լինելը այժմ շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան երբեւիցե ունեցել է: Դրանում ոչ մի արտառոց ու զարմանալի բան չկա: Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների միության սկանդալային հակամարտությունը նույնպես շենքի ու շենքից ստացվելիք գումարի շուրջ է բռնկվել` վերածվելով իսկական պատերազմի: Ոչ մի նախագահ ինքնակամ չի զիջի շենքում տիրոջ կարգավիճակում հայտնվելու իր շանսը: Սակայն զիջել կամ չզիջելը բոլորովին այլ թեմա է, որն այժմ անկարեւոր է, քանի որ, ով էլ նստի միության նախագահի աթոռին, նույնն է անելու: Լռելու է, կատարելու է վերին ղեկավարի հրամաններն ու ինքն իր ծառայություններն է առաջարկելու իշխանություններին: Իսկ դա իշխանություններին շատ ձեռնտու է:
Պետությունը միություններին հասարակական կազմակերպության կարգավիճակ տալով` շատ հստակ ընդգծել է, որ ազատ ու ինքնաբավ ստեղծագործական միությունների կարիք չունի: Մշակույթի նախարարությունը շատ գոհ է, որ միությունները ոչինչ չորոշող ու պառակտված են եւ միայն ստեղծագործ աշխատանքի պատրանք են ստեղծում` ժամանակ առ ժամանակ ասուլիսներում ելույթ ունենալով ու փառաբանելով իշխանությունների յուրաքանչյուր որոշումը: Եվ նշանակություն չունի` ովքեր կդառնան միությունների ղեկավարները: Կարեւորն այն է, որ միությունները իշխանության որոշումների վրա ազդելու ոչ մի իրական լծակ չունեն: Ու շատ ցավալի է, որ նույնիսկ նման ցանկություն էլ չեն արտահայտում: