Պերճանքի թշվառությունը

19/04/2009

Գլոբալ ճգնաժամն այս տարի պերճանքի իրերի՝ դիզայներական հագուստի, ոսկերչական զարդերի եւ այլն, վաճառքների ծավալը կկրճատի 10%-ով՝ մինչեւ 201 մլրդ դոլար: Նման կանխատեսում է հրապարակել «լյուքս» դասի ապրանքների շուկայի խոշորագույն հետազոտող «Bain&Company»-ն: Ավելի վաղ հենց նույն խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտանում է «ամենահարուստների» համար ապրանքների հատվածում, ենթադրում էր, որ միլիարդատերերն իրենց սպառողական ակտիվությունն աճի շատ տարիներից հետո կչափավորեն 2-7%-ի սահմաններում: «Բարձր նորաձեւության» ապրանքների գլոբալ շուկան վերջին տասնամյակում տարեկան 25-35%-ով ուռճացվում էր զգալի չափով նաեւ ռուսաստանցիների շնորհիվ, որոնք ընտիր հագուստի եւ աքսեսուարների ամենամեծ սիրահարներն էին Չինաստանի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի նոր կապիտալիստների կողքին: Տնտեսական անկման պայմաններում առաջինը պերճանքի համար սկսել են խնայել ճապոնացիներն, այնուհետեւ նրանց են միացել ամերիկացիներն ու եվրոպացիները: Նյու Յորքի շքեղ խանութների փողոցում՝ Հինգերորդ ավենյուում, այսօր գնորդներին հրապուրում են զեղչերով, սակայն շատ հաճախորդներ գերադասում են կարգով ավելի ցածր ապրանքներ: Ամերիկացիները լյուքս դասի առեւտրանիշերի համար ծախսերը կկրճատեն մյուս բոլոր ազգերից ավելի շատ՝ այս տարի 15 տոկոսով` ասում են փորձագետները: Անցած աշնանը Եվրոպայի՝ ընտիր հագուստեղենի եւ աքսեսուարների տները՝ Chanel-ը, Versace-ն, Christian Louboutin-ը եւ Chloe-ն, հայտարարել են ԱՄՆ-ում գները 8-10%-ով կրճատելու մասին, դա պատճառաբանելով եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի աճով, ինչը պատմական նախադեպ է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր. «լյուքս» դասի առեւտրանիշերի ապրանքների գներն այս բոլոր տասնամյակներում մշտապես աճել են: ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Եվրոպան ձեւավորում են ամենահարուստների համար ապրանքների շուկայի 80%-ը: Սակայն աշխարհում կմնան պերճանքի սիրահարների համար բարեկեցության կղզյակներ. Չինաստանն, ինչպես սպասվում է, համաշխարհային առեւտրանիշերով ապրանքների սպառումը կավելացնի 7%-ով, արաբական երկրները՝ 2%-ով: