Այս տարի Ճապոնիայի բնակիչներին մայիսի տոներին ավելի շատ հանգստյան օրեր կնվիրեն՝ կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով երկրի անկայուն տնտեսական իրադրության հետ: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը՝ 1300 ազգային ընկերությունների շրջանում հարցում կատարելուց հետո: Ըստ հրապարակված զեկույցի տվյալների՝ ընկերությունների 41,3%-ը մայիսին իր աշխատակիցներին կտրամադրի հինգ հանգստյան օր, ընկերությունների 13,6%-ը պատրաստ է տրամադրելու ավելի շատ հանգստյան օրեր, իսկ մեկ շաբաթից ավելի հանգստանալ պլանավորում է ընկերությունների 16,1%-ը: Ըստ կանոնների՝ այս տարի ճապոնացիները մայիսին պետք է հանգստանային ընդամենը հինգ օր՝ ամսի 2-ից մինչեւ 6-ը: Սակայն շատ ընկերություններ, օգտագործելով ապրիլի 29-ի պետական հանգստյան օրը, որոշել են այսպես կոչված ոսկի շաբաթը երկարացնել այն աշխատանքային օրերի հաշվին, որոնք ընկնում են տոների եւ ամենշաբաթյա հանգստյան օրերի միջեւ, մինչեւ 12 եւ նույնիսկ մինչեւ 16 օր: Այսպես, Waida ընկերությունը, որը սարքավորումներ է արտադրում կիսահաղորդիչների արտադրության համար, իր գոյության 63 տարվա ընթացքում առաջին անգամ աշխատակիցներին կտրամադրի 12 հանգստյան օր: Այսքան երկար հանգստյան օրերի համար բանվորները պարտական են տնտեսական ճգնաժամին, որի պատճառով կտրուկ կրճատվել է կիսահաղորդիչների արտադրությունը: Ըստ Ճապոնիայի JTB խոշորագույն տուրիստական ընկերության տվյալների՝ այս տարվա մայիսին երկրում տուրիստական հոսքերի ծավալն անցյալ տարվա մայիսի համեմատությամբ կաճի 2,9%-ով: Բենզինի կայուն ոչ բարձր գները եւ արագընթացիկ ավտոմայրուղիներում անկախ տարածությունից 10 դոլար վճարի սահմանումը պետք է աշխուժացնեն երկրի ներսում տեսարժան վայրերի այցելությունները: Նաեւ, Ճապոնիայի բնակիչները 2008թ. համեմատությամբ 10,1%-ով ավելի հաճախ կմեկնեն երկրի սահմաններից դուրս: Դրա պատճառը նավթի գների անկման հետեւանքով ավիաընկերությունների սակագների իջեցումն է, ինչպես նաեւ իենի բարձր փոխարժեքը: Տնտեսագետները հուսով են, որ մայիսի երկար հանգստյան օրերը երկրում կհանգեցնեն պահանջարկի մեծացման, ինչն, իր հերթին, կհանգեցնի էկոնոմիկայի աշխուժացման: